2014 թվականին Թուրքիան ականազերծման աշխատանքներ է իրականացնելու Հայաստանի ու Իրանի սահմաններին
Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է 2014 թվականին 11.6 միլիոն քառակուսի մետր ականապատ տարածքից ականազերծել 4 միլիոն քառակուսի մետրը, ինչն արժենալու է 54.2 միլիոն եվրո: Դա վերաբերելու է նաև Հայաստանի հետ սահմանին, որի բացման շուրջ շարունակվում են դիվանագիտական պատրաստությունները:
Թուրքիայի ՆԳՆ-ի՝ 2014 թվականի ծրագրի համաձայն, նախատեսվում է մաքրել Հայաստանի ու Իրանի սահմանների ականապատ մի շարք տարածքներ (ամենայն հավանականությամբ, ականազերծումն առնչվելու է Կարսի, Արարատ (Աղրը) ու Վանի նահանգներին, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ – 168.am):
Ընդհանուր առմամբ, պլանավորված է հաջորդ տարի ականազերծել 11.6 միլիոն քառակուսի մետրից 4 միլիոնը: Տվյալ նախագծի ֆինանսական մասի 75 տոկոսն ապահովելու է ԵՄ-ը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ «Առանց ականների Թուրքիա նախաձեռնություն» կազմակերպության 2009 թվականին պատրաստած զեկույցի համաձայն, Թուրքիայի ողջ տարածքում թաղված է մոտ 1 միլիոն ական: Թուրք-սիրիական 877 (այլ տվյալներով՝ 910) կիլոմետրանոց սահմանի 510 կիլոմետրանոց հատվածում տեղադրված է 615.149 ական:
Թուրք-իրաքյան 331 կիլոմետրանոց սահմանի 42 կիլոմետրանոց սահմանին դրանց թվաքանակը կազմում է 75.115, իսկ թուրք-իրանական 454 կիլոմետրանոց սահմանի 109 կիլոմետրանոց հատվածում` 191.428 ական: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ավելի քան 300 կիլոմետրանոց (տարբեր տվյալներով` 316-328) սահմանին, ապա դրա 17 կիլոմետրանոց հատվածում «Սառը պատերազմի» տարիներին տեղադրվել է 21.984 ական:
1996 թվականի Թուրքիայի խորհրդարանի ստեղծած հատուկ հանձնաժողովի անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ամենականապատ նահանգներն են հարավ-արևելյան Շանլըուրֆան, Գազիանթեփը (սիրիական սահման), ինչպես նաև Արդահանը, որոնց ընդհանուր առմամբ բաժին է ընկնում 587.000 ական:
1991-1994 թվականններին հարավ-արևելյան Հաքքարի (իրաքյան սահման) և Շըրնաք (սիրիական/իրաքյան սահման) նահանգներում տեղադրվել է 152.000 ական: Սահմանամերձ նահանգ չհանդիսացող Թունջելիին (Դերսիմ) բաժին էր ընկել 10.557 ական: Բացի այդ, նշվել էր, որ ականապատված է Արդահանի նահանգի` Հայաստանին սահմանակից 9.5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ահա Կարսի նահանգ-Հայաստան սահմանին են գտնվում 13 ականապատ դաշտեր: