
Ուկրաինան ու ԵՄ-ը Վիլնյուսում նախաստորագրել են Համատեղ ավիատիրույթի մասին համաձայնագիրը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու ԵՄ-ը Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ այսօր նախաստորագրել են Համատեղ ավիատիրույթի մասին համաձայնագիրը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը հայտարարել է, որ այսօր Վիլնյուսում ձեռք բերված համաձայնագիրն Ուկրաինային ու ԵՄ-ին թույլ կտա դառնալ ավիացիոն գործըննկերներ՝ շուկաների աստիճանական ինտեգրմամբ:
Վերջին տարիներին անշեղորեն աճում է Ուկրաինայի ու ԵՄ-ի միջ ուղևորների ու բեռների օդային հոսքը: Հետևաբար, համաձայնագրի նպատակը ավիացիայի համապատասխան շուկաների աստիճանական բացումն է և եվրոպական ավիացիոն տիրույթին Ուկրաինայի ինտեգրումը:
Ուկրաինան դրա համար հարկադրված կլինի իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ-ի ավիացիոն չափորոշիչներին և ընդունի ԵՄ-ի պահանջներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թռիչքների անվտանգությունը, օդային շարժի կազմակերպումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումը, մրցակցությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը:
Ընդհանուր ավիացիոն տիրույթի մասին համաձայնագրի կնքման մասին Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև բանակցությունները մեկնարկել են 2007 թվականի դեկտեմբերին: