Համլետը մնում է Համլետ՝ անգամ ջինսով
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի պաստառներին գրեթե նույն ներկայացումներն են, որոնք ինքս դիտել եմ մանուկ ժամանակ: Թվում է` ժամանակները փոխվել են, այն, ինչ հետաքրքիր էր մեր սերունդին, նաիվ, ոչ դիտարժան է թվում ժամանակակից երեխաներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրույցն այդտեղից էլ սկսում եմ:
– Ես հիշում եմ, դեռ մանկուց Ձեր խաղացանկում կային մի քանի ներկայացումներ` «Պոչատ աղվեսը», «Երեք խոզուկները», «Թզուկի երգը», «Ոսկե ձկնիկը»: Կարծում եք, սրանք ունիվերսալ են բոլո՞ր սերունդների համար, թե՞, այնուամենայնիվ, պետք է խաղացանկը հարմարեցնել ժամանակին…
– Թեմաները միշտ նույնն են մնում, մատուցման ձևերն են փոխվում և, ամենակարևորը, թե ինչ ենք ուզում ասել: «Երեք խոզուկ» անգլիական հեքիաթը կարևոր է նրանով, որ, եթե չես ուզում թշնամին տունդ քանդի, այն ոչ թե տերևից, ծղոտից, այլ քարից կառուցի, և այս փոքրիկ զվարթ հեքիաթով երեխաներին տվյալ գաղափարն է մատուցում: Որպես գրականագետ` ասեմ, որ մեր հայկական ֆոլկլորն էլ է հարուստ հրաշալի հեքիաթներով: Կարծում եմ, 100, 1000 տարի հետո էլ, Աստված տա, այս փոքրիկ մոլորակը լինի, հեքիաթները չեն հնանում: Կարծում եմ, գալու է մի ժամանակ, որ ավելի է կարևորվելու թատրոնի դերը, թատրոնի վրայից հանվելու են որոշակի ֆունկցիաներ: ժամանակին, երբ չկար մամուլ, հեռուստատեսություն, թատրոնը որոշակի ֆունկցիա էր կատարում, հիմա նա այդ ֆունկցիան զիջել է:
– Թատրոնը մանկական է, սակայն ներկայացումները պատրաստում են մեծահասակները, ընդ որում, այն սերունդը, որի ժամանակ գունավոր հեռուստացույցը տեխնիկայի հրաշք էր, իսկ այսօրվա երեխայի ձեռքին սարք է, որի միջոցով իր ափերի մեջ է գրեթե ողջ աշխարհը:
– Ի վերջո, ի՞նչ է նշանակում` մանուկ լինել, նշանակում է` ունենալ ազատ մտածողություն: Այն մարդը, ով նվիրել է իրեն արվեստին, պիտի երեխա լինի: Մենք ծնվում ենք ազատ, այդ մեծերն են երեխաների առջև դնում սահմաններ, և, երբ մեր դերասաններն էլ` թատրոնի անձնակազմը, կարողանում են պահպանել այդ ամենակարևոր պահանջը, շատ լավ է:
Առհասարակ, թատրոնը ոչ թե պիտի դաստիարակի, այլ երկխոսության մեջ մտնի հանդիսականի հետ: Երբ այս երկխոսությունը մտնում է անկեղծ հարթության մեջ, կոչվում է թատրոն: Սրա համար պարտադիր չի, որ այս երկխոսությունն ունենա պետական մեծ աջակցություն, որովհետև հաճախակի փոքրիկ թատերախմբերը կարողանում են ավելի լավ լուծել այս երկխոսության հարցը, քան մեծ ծավալի պետական աջակցություն ունեցող խմբերը:
– Մի առիթով նկատել էիք, թե «ժամանակակից արվեստ` չի նշանակում Համլետ` ջինսով»: Բայց ժամանակակից կյանքում, այդուհանդերձ, կան ջինսով համլետներ և ջուլիետներ:
– Կարծում եմ` միշտ կան: Սերը չի հարցնում և հաշվի չի նստում արգելքների հետ, ինչպես «Ռոմեո և Ջուլիետի» մեջ, եթե կա թշնամական տրամադրված երկու ազգ կամ երկու պետություն, երկու կրոնգ Սերը քանդում է բոլոր սահմանները, և, եթե այդ սիրո հետ հաշվի չնստեն, նա բերում է մեծ ողբերգության: Ինչ վերաբերում է «Համլետին», դա յուրահատուկ գործ է: Եվ բոլոր կերպարները տրված են Համլետի տեսանկյունից:
Մենք ինքներս ենք այդպիսին, և այն հարցը, որ Համլետն իրեն տալիս է, յուրաքանչյուրս գուցե այլ կերպ ձևակերպած, անդադար հարցնում ենք մեզ` ի վերջո, ինչո՞ւ ենք եկել այս աշխարհ, և ի՞նչն է խանգարում մեզ` լինել այս աշխարհում կարգին մարդ, վա՞խը, որը կա մեր բոլորիս մեջ, թե՞ անորոշությունն ապագայի հարցում: Գուցե չլիներ այդ վախը, մենք կլինեինք շատ ավելի ազնիվ, ավելի ճշմարտախոս: Հարցն արդիական է նաև այսօր` մարդիկ կան, որոնք պատրաստ են դուրս գալ ընդդեմ անարդարության ոչ թե` խմբով, այլ` միանձնյա: Համլետը միանձնյա էր. թիմը փչացնում է համլետներին, թիմն անձնական որոշումների պատասխանատվությունն է վերացնում:
– Սոցիալական ցանցերն այսօր փոխարինում են մարդկային կենդանի շփումներին: Դա ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ է մարդկանց` թատրոն հաճախելու ցանկության վրա:
– Կարծում եմ` մենք չենք տարբերվում այլ ազգերից: Առհասարակ, բնակչության 5-6 տոկոսն է այցելում թատրոն: Թատրոնի հանդիսականն առաջին հերթին կինն է, տղամարդկանց նույնպես կանայք են բերում թատրոն: Այստեղ մտածելու շատ բան կա. թերևս զգայարանների միջոցով ընկալելը կանանց ավելի բնորոշ է, քան տղամարդկանց: Կարծում եմ` այնքան ժամանակ, ինչքան հասարակությունը կունենա պահանջ թատրոն հաճախելու, այդքան ժամանակ թատրոնը կլինի:
Թատրոնը պիտի հասկանա, որ հանդիսականն իրեն չի զիջում մտավոր կարողություններով և աշխարհընկալումով, արդարության ըմբռնումով: Շատ կարևոր է հասկանալ, որ հանդիսականը չի եկել պարզապես զվարճանալու, եկել է երկխոսության մեջ մտնելու: Կարող ես ասել` այդ երկխոսությունը տեղի ունեցավ, երբ մարդիկ ներկայացումից դուրս կգան ինչ-որ չափով փոխված:
– Դուք այն արվեստագետներից եք, ով չի վախենում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնել: Վերջերս հրապարակավ բողոքեցիք` ընդդեմ Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքի: Թեև նրա հանդեպ մինչ օրս գործում է նույն խափանման միջոցը:
– Կարծում եմ` այն, ինչ կատարվեց Վ. Պետրոսյանի հետ, ցույց տվեց, թե ինչ այլանդակ վիճակում է գտնվում մեր ամբողջ դատաիրավական համակարգը: Ես այցելել եմ նաև զոհվածների ընտանիքներին: Դա մեծ ողբերգություն է, և այդ ողբերգությունը բոլորինս է: Չէի ուզի շատ խոսել դրա մասին, դա վերածվում է շահարկման և օգուտ չէ ոչ մեկին: Մարդուն պոկել հարազատ միջավայրից և փորձել ինքնախոստովանություն կորզել… Այս դեպքը ցույց տվեց, որ համակարգում փոփոխությունները հրատապ են:
– Ռեմարկի «Սարդ կինը» յուրօրինակ ներկայացում ունեք, ի՞նչ եք կարծում` ժամանակակից կինը գլուխ հանո՞ւմ է իր` «սարդի» կերպարից ու իր ստեղծած «ոստայնից»:
– Եթե ինչ-որ մեկը գլուխ հանում է, ուրեմն դա կինն է, և սրա ապացույցները կան բոլոր ժամանակներում, բոլոր ազգերի մոտ: Կանայք ավելի շուտ են կողմնորոշվում, ավելի լավատես են: Կյանքը պետք է պաշտպանել ուզած պայմաններում, որովհետև կյանքից ավելի կարևոր բան չկա, և այդ գաղափարի կրողը կինն է: Տղամարդը շատ ավելի հուսահատվող է:
– Դուք մի հարցազրույցի ժամանակ ասացիք, որ մենք փորձում ենք բարոյականությանը տալ ազգային նկարագիր: Չե՞ք կարծում, որ ինչ-որ շատ ենք կենտրոնանում մեր ազգային նկարագրի վրա:
– Կարծում եմ: Եթե մտածում ենք, թե դա որոշակի զսպաշապիկ է, որը մեզ կպահպանի աշխարհի բոլոր վտանգներից, ադպես չի, Աստված մարդ է ստեղծել, նա այդ պատասխանատվությունը դրել է մեկ մարդու մեջ, դա նշանակում է, որ մենք այդ պատասխանատվությունը կրողն ենք: Ի վերջո, այս կյանքը մեզ տրված է, որպեսզի մենք կարողանանք տեսնել` ո՞վ է հաղթանակում` չա՞րը, թե՞ բարին: Մենք փորձում ենք ասել, թե գողությունը վայել չէ մեր ազգին, դա ուրիշ ազգերին է վայել, այդպիսի բան չկա:
Մենք այդպես հանում ենք մեր վրայից պատասխանատվությունը: Եվ մեր ներքին պայքարը պետք է գնա` մեր թերությունները վերացնելու, ոչ թե` դիմացինինը շեշտելու: Երբ մենք զբաղվենք մեզնով, կտեսնենք, թե ինչ քիչ ժամանակ է մնում` ուրիշի բարոյականությունը քննադատելու:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել էր, որ չի հասկանում և չի սիրում ժամանակակից արվեստը…
– Եթե անկեղծ լինենք, այս խոսքերը կարող է ասել աշխարհի քաղաքական գործիչների 99 տոկոսը, և այդտեղ ողբերգություն չկա: Ողբերգությունը գալիս է այն ժամանակ, երբ նրանք խառնվում են արվեստի գործերին: Երբ սկսում են տալ գնահատականներ` ինչն է կարևոր` սեփական ճաշակից ելնելով: Արվեստը միշտ է ժամանակակից: Կարևոր չի` այն երբ է ստեղծվել: Կային երկու կոմպոզիտոր` Մոցարտ և Սալիերի: Փառք ու պատիվ երկուսին էլ: Մոցարտը մնաց, Սալիերին մոռացվեց, Մոցարտը 21-րդ դարի իմ սիրած կոմպոզիտորն է:
– Ա. Ջիգարխանյանը համարում է, որ ռուսական թատրոնն աշխարհում ամենամեծ թատրոնն է աշխարհում: Մենք կունենա՞նք ավետյանական, փափազյանական, մկրտչյանական թատրոն:
– Ջիգարխանյանը թատերական դպրոցի մասին է ասում: Փափազյանն իտալական դպրոցի ներկայացուցիչներից էր: Հ. Ներսիսյանը, Ա. Ավետյանը, Ա. Ջիգարխանյանը` ռուսական : Ընդհանրապես, թատերական դպրոցներ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել: Եվ դրանից պետք չի ողբ անել, նախ` երբեք ուշ չի ունենալ այդ դպրոցը: Դպրոցը ստեղծվում է այն ժամանակ, երբ հասկանում են, թե ինչպես կարելի է աշխատել, շարունակել, զարգացնել, ա՛յ սա դպրոց է:
Մենք ունեինք Խ. Աբրահամյան, որը 20-րդ դարի դպրոցի ներկայացուցիչ էր, բայց նա 21-րդ դարի դերասան է` իր դերասանական խաղի ոճով, էսթետիկայով: Ունեինք բնածին տաղանդի դերասաններ, օրինակ` Մ. Մկրտչյան, որ կարող էր ոչ մի բան չսովորել: Այս դեպքում ասում են` Աստված համբուրել է նրա ճակատը:
– Եվ վերջին հարցը. ժամանակակից երեխաների համար Տիկնիկային թատրոնը հետաքրքի՞ր, հրապուրի՞չ վայր է:
– Ամեն շաբաթ օր ես կազմակերպում եմ դիտումներ ծնողների համար: Արվեստը լույս է: Ես ակտիվ եկեղեցի գնացող չեմ, մոմ վառող չեմ, բայց ես իմ տեղում եմ այնքանով, ինչքանով կարող եմ: Երբ Աստված մարդուն ստեղծել է, հոգի է դրել, և այդ հոգին ժամանակների ընթացքում չի փոխվում: Պարզապես այդ հոգին կարող են փչացնել, երբ երեխային ասում ենք` քարով խփի, գլուխը ջարդի: Այդպես հավանականությունը խիստ մեծ է, որ քո երեխան մի օր քո գլուխն է կոտրելու…
ՌՈՒԶԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
«168 ԺԱՄ»