
Թուրքիան ու Իրանը կարող են ստեղծել ազատ առևտրի գոտի

Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իրանը կարող են ստեղծել ազատ առևտրի գոտի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ու Իրանը լավ հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում, սակայն տնտեսական ոլորտը հետ է մնում մյուսներից:
Ջևդեթ Յըլմազը կարծում է, որ Թուրքիայի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունները ցածր են երկրի պոտենցիալից: Յըլմազն ընդգծել է, որ Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կնպաստի տարածաշրջանի, ինչպես նաև Թուրքիայի զարգացմանը:
2012 թվականին Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 22 միլիարդ դոլար: Եթե սահմանված չլինեին Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցները, ապա այդ ցուցանիշը կարող էր հասնել 30 միլիարդ դոլարի:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ու Իրանը պլանավորել են մինչև 2020 թվականն ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի: