
ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են G8-ի ու G20-ի գագաթաժողովների մասնակիցներին. CBC News

CBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) երկրի կառավարության թույլտվությամբ գաղտնալսել է Կանադայում տեղի ունեցած G8-ի ու G20-ի գագաթաժողովների մասնակիցներին: Այս հարցում հեռուստաալիքը վկայակոչում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուսենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը:
Դրանց համաձայն, NSA-ն Օտտավայում ԱՄՆ դեսպանատան միջոցով գաղտնալսել է 2010 թվականին Կանադայում անցկացված գագաթաժողովների մասնակիցներին: Ընդ որում, NSA-ն գործել է կանադացի գործընկերների՝ Կանադայի հաղորդակցությունների անվտանգության կենտրոնի հետ սերտ համագործակցության պայմաններում:
Կանադայի վարչապետի ներկայացուցիչ Ջեյսոն Մակդոնալդը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ իրենք մեկնաբանություններ չեն տալիս ազգային անվտագության հետ կապված խնդիրների շուրջ: