Կիմ Չեն Ինին մեղադրել են առաջնորդների պաշտամունքն ամրապնդելու վրա ավելի քան կես միլիարդ դոլար ծախսելու մեջ
Հարավկորեական The Dong-A Ilbo թերթի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները վերջին երկու տարում ավելի քան 500 միլիոն դոլար են ծախսել հյուսիսկորեացի առաջնորդների պաշտամունքի ամրապնդման վրա:
ԿԺԴՀ-ում թերթի աղբյուրները հայտնել են, որ Կիմ Չեն Ինի կառավարման ժամանակ մոտ 200 միլիոն դոլար է ծախսվել 3200 կոթողի կառուցման, 400 խճանկարային վահանակի տեղադրման և Փհենյանի «Մանսուդե» թատրոնի դիմաց Կիմ Իր Սենի ու Կեմ Չեն Իրի 23 մետրանոց արձանների տեղադրման վրա:
Եվս 300 միլիոն դոլար է ծախսվել 40 խոշոր պետական օբյեկտների կառուցման վրա, որոնք կրում են իշխող ընտանիքի անդամների անունները: Այդ օբյեկտների թվում է նաև Մասիկի լեռնադահուկային առողջարանը, մարզական կենտրոններ ու հասարակական այլ օբյեկտներ:
Փորձագետները տարօրինակ են համարում ոչ բարվոք տնտեսական իրավիճակում գտնվող ԿԺԴՀ-ում նման վթիխարի ծախսեր կատարելը: 2011 թվականին ԿԺԴՀ-ից հանքային ռեսուրսների արտահանումը Չինաստան կազմել է 1.46 միլիարդ դոլար, 2012 թվականին՝ 1.45 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին 9 ամիսներին ԿԺԴՀ-ը կարողացել է վաստակել միայն 1.25 միլիարդ դոլար: Չինաստանը ԿԺԴՀ-ի համար ամենակարևոր դաշնակիցն է:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ում փառաբանում են ոչ միայն հանգուցյալ առաջնորդներին: Մեկ տարի առաջ ԿԺԴՀ-ի բլուրներից մեկի վրա 20 մետրանոց տառերով գրվել էր 548 մետր երկարությամբ քարոզչական կարգախոս, որը գովաբանում էր գործող առաջնորդ Կիմ Չեն Ինին: Ընդգծվում է, որ իր չափերի շնորհիվ գրությունը երևում է անգամ տիեզերքից:
Կիմ Չեն Ինը ԿԺԴՀ-ի առաջնորդ է դարձել 2011 թվականի դեկտեմբերին իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո: