Բաժիններ՝

Ռեջեփ Էրդողանի ու Նեչիրվան Բարզանիի դռնփակ հանդիպումը տևել է 3 ժամ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում գտնվող վարչապետական նստավայրում երեկ հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 3 ժամ:

Վարչապետական նստավայրի աղբյուրները հայտնել են, որ Էրդողանն ու Բարզանին քննարկել են տարածաշրջանային հարցեր: Հիշեցնելով, որ վերջին շրջանում Իրաք են այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը՝ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կշարունակվեն նման այցերն Իրաք:

Էրդողանն ընդգծել է, որ իրենք ցանկանում են, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին մոտ ժամանակներս այցելի Թուրքիա, և իրենք կազմակերպեն Թուրք-իրաքյան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստը:

Էրդողանը ցանկություն է հայտնել այդ նիստից պաշտոնական այցով մեկնել Իրաք, ընդ որում՝ թե՛ Բաղդադ, թե՛ Էրբիլ (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն): Էրդողանն ու Բարզանին քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը:

Ակնկալվում է, որ Թուրքիան գազի առաջին խմբաքանակը Հյուսիսային Իրաքից կստանա 2017 թվականին: Ակնկալվում է, որ տարեկան կմատակարարվի 20-30 միլիարդ խորանարդ մետր գազ (Թուրքիայի ներսում սպառվող գազի 40 տոկոսի չափ), ինչը 50 տոկոսով կնվազեցնի Թուրքիայի կողմից ներկրվող գազի գինը: Թուրքիան պատրաստվում է նաև նոր նավթամուղ կառուցել Հյուսիսային Իրաքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս