Ռուսաստանի զինված ուժերը մինչև 2020 թվականը կստանան C-500 տիպի 5 զենիթա-հրթիռային համալիր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2020 թվականի սպառազինման պետական ծրագրի շրջանակներում սպառազինության մեջ ընդունելու է 5 նոր զենիթա-հրթիռային համալիր (ԶՀՀ):
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի օդա-տիեզերական պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Գոլովկոն: Նրա խոսքերով՝ ներկայումս «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ-ի կոնցեռնը փորձարկում է C-500 հեռանկարային համալիրը: Ավելի վաղ հաղորդվել է, որ C-500 ԶՀՀ-ը Ռուսաստանի զինված ուժերի տրամադրության տակ կհայտնվի 2017-2018 թվականներին:
C-400-ի հետ համեմատ՝ C-500 համալիրները կլինեն առավել կոմպակտ և շարժուն: Հեռանկարային համալիրն ունենալու է առավել հզոր ռադար, որն ունակ կլինի թիրախները հայտնաբերել 800-900 կիլոմետր հեռավորությունից: C-500-ն ունակ կլինի միաժամանակ խոցել մինչև 10 բալիստիկ թիրախ: