
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ կապված Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը որոշել է հրաժարական տալ՝ կապված Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետ, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 50 մարդ:
Այս մասին նա հայտարարել է երեկ՝ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո: Վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցածի համար իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Նա հավելել է, որ բոլոր մանրամասները կներկայացնի հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ Maxima առևտրի կենտրոնի փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 54 մարդ և վիրավորվել է մոտ 40 մարդ: Փլուզման տարածքը կազմել է 1500 քառակուսի մետր: Դա Լատվիայի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբային աղետն է: