
Ռուսաստանը կարող է շահել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից. Ֆյուլե

Ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է շահել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից.
«Համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացում վերցրած դադարը բացատրելիս (Ուկրաինայի) նախագահն ու նախարարների կաբինետը հայտարարում են Ռուսաստանի ընդունած մի շարք միջոցների մասին: Սակայն դրանք անհիմն են: Ռուսաստանը նույնպես կարող է շահել համաձայնագրի ստորագրումից:
Ուկրաինայի հետ ասոցացման մեջ չկա որևէ բան, որը կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի վրա: Ռուսաստանը ԵՄ-ի ռազմավարական գործընկերն է, և մենք ցանկանում ենք օգտագործել այդ գործընկերության ողջ պոտենցիալը»: Ֆյուլեն ընդգծել է, որ գործընկերների, այդ թվում նաև Ուկրաինայի վրա ամեն տիպի ճնշումներ բանեցնելն անընդունելի է: