Բաժիններ՝

Տիմոշենկոն ԵՄ-ի առաջնորդներին կոչ է արել մոռանալ իր մասին և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ԵՄ-ի առաջնորդներին կոչ է արել ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ չներկայացնելով որևէ նախապայման, այդ թվում նաև իր ազատ արձակման հարցը.

«Եթե Ուկրաինայի ու համայն աշխարհի բոլոր Եվրոմայդաններում ուկրաինացիների մեծ ապստամբության ճնշման տակ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամեն դեպքում որոշի վերջին պահին՝ նոյեմբերի 29-ին, ստորագրել համաձայնագիրը, ինչի հետ կապված՝ առկա է աննշան հույս, որը հենված է նրա վրա, որ ավտորիտար առաջնորդը վախենում է ժողովրդի ապստամբությունից, ապա ես ձեզ խորապես խնդրում եմ ուրբաթ առանց որևէ նախապայմանների, այդ թվում նաև կապված իմ ազատ արձակման հետ, ու տատանումների ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:

Տիմոշենկոյի այս կոչը նրա հետ հանդիպելուց հետո հնչեցրել է նախկին վարչապետի դուստր Եվգենիա Տիմոշենկոն: Տիմոշենկոն կարծում է, որ խնդիրը մեկ քաղբանտարկյալի ազատ արձակման մեջ չէ, նրանում է, որ ուկրաինական իշխանությունը չի անցել եվրոպական մտածելակերպի ու գործելակերպի թեստը:.

Տիմոշենկոն ընդգծել է, որ հասկանում է, որ իր ազատ արձակումն առաջին հերթին այդպիսի թեստ է հանդիսանում Ուկրաինայի իշխանությունների համար և իր խորին շնորհակալությունն է հայտնել ԵՄ-ի առաջնորդներին, որոնք արդեն երեք տարի է, ինչ անձնազոհ պայքար են մղում ուկրաինացի քաղբանտարկյալների՝ իր, Յուրի Լուցենկոյի ու մյուսների ազատ արձակման համար:

Նշելով, որ պետք է ազատագրել Ուկրաինան՝ Տիմոշենկոն հայտարարել է, որ անպայմանորեն պետք է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եթե Յանուկովիչը համաձայնվի դրան: Տիմոշենկոն կարծում է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ՝ ԵՄ-ն Ուկրաինային կօգնի հաղթահարել քաղաքակրթական անդունդը, որը ստեղծվել է սխալ գաղափարախոսություններով ու ագրեսիվ կայսրություններով:

Այսօր Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան ներկայացված են լինելու նախագահի, Մոլդովան՝ վարչապետի, իսկ Բելառուսը՝ արտգործնախարարի մակարդակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս