Ռուզինսկին չի դիմավորելու Վլադիմիր Պուտինին
168.am-ի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը: Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել:
Ավելի հավանական է, որ նրան «խորհուրդ են տվել» արձակուրդ գնալ` Վլադիմիր Պուտինի աչքին չընկնելու համար: Ռուզինսկին հայտնի է նրանով, որ երկու ամիս առաջ ռուսական բանակի «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, 102-րդ ռազմաբազան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակում կմիջամտի պատերազմական գործողություններին:
Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմիցս պահանջել է պաշտոնական բացատրություն տալ Ռուզինսկու խոսքերին: Միայն վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ դա կարող է լինել լրագրողի սխալի հետևանք:
Մանրամասները կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: