Իշխան Զաքարյան. Հրապարակվել է այն, ինչ կա
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցին, ասել էր, թե ՎՊ նախագահի բացատրությունները առանձնատան կառուցման մասով ավելի մեծ հարցեր են առաջացրել: Ավելին` ՀԱԿ պատգամավորն ասել էր, թե պարզաբանումը «հիրավի սենսացիոն բացահայտում է պարունակում»:
«Պարզվում է՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահն ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ «Հայգյուղփոխբանկում»: Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե-ֆակտո, բայց քոնը չեն՝ դե-յուրե: Եվ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղի՞ց այդ գումարները: Իսկ եթե գտնվի որևէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետև ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված: Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի «սպառիչ» պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս իր առանձնատունը կառուցվել է Ա.Բոյաջյանի այն գումարներով, որոնք ինքն է տնօրինում: «Դե դա արդեն… Հրապարակվել է այն, ինչ կա»,- պատասխանեց ՎՊ նախագահը: Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ձեր պարզաբանմանը նման եզրահանգման է եկել, Իշխան Զաքարյանը հորդորեց. «Էդ Փաշինյանին հարցրեք` թող ինքը ասի, ես ի՞նչ ասեմ…»: