Մեղադրողը Արկադի Վարդանյանի համար պահանջեց 10 տարվա ազատազրկում
Մեղադրող Արամ Ամիրզադյանն այսօրվա դատական նիստում ապացուցված համարեց Արկադի Վարդանյանի և գործով մյուս երկու ամբաստանյալների՝ Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի մեղքը: Նա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ ճառով և միջնորդեց Արկադի Վարդանյանին դատապարտել 10, Արսեն Ավետյանին՝ 11, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 3 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, և վերջինիս դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել:
Նշենք, որ Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստելու և ապօրինի իրացնելու նպատակով հոգեմետ նյութ ձեռք բերելու և պահելու համար: Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք ծրագրել են կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին:
Գործով մյուս ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել հոգեմետ նյութի ապօրինի ձեռքբերման և իրացման, առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը ցանկացել է տիրանալ հոր՝ Ռոբերտ Ավետյանի տանը և մյուս գույքին, համաձայնության է եկել Արկադի Վարդանյանի հետ, ծրագրել հոգեմետ նյութով թունավորելով սպանել հորը: Արամ Ամիրզադյանի խոսքով՝ հոգեմետ նյութը ձեռք է բերել Վարուժան Սաֆտալյանը և այն տրամադրել Արսեն Ավետյանին:
Արամ Ամիրզադյանն ասաց, թե նախաքննության ընթացքում Արսեն Ավետյանը, Արկադի Վարդանյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Դատաքննության ընթացքում Արսեն Ավետյանը հայտել էր, որ հոգեմետ նյութ ձեռք է բերել ինքնասպանության նպատակով, սակայն հետագայում մտափոխվել է: Մեղադրողը, սակայն, դատարանում ասաց, որ երեքի մեղքն էլ ապացուցվում է մի շարք փաստերով և միջնորդեց նրանց դատապարտել ազատազրկման:
Դատական նիստի ընթաքում ճառով հանդես եկավ նաև տուժող Ռոբերտ Ավետյանը: Նա նշեց, որ ինքը որդուն հանել է գրանցումից, «բայց ոչ իր սրտից»: Նրա խոսքով՝ իր որդին մոլորված վիճակում է եղել. «Արսենը մեղավոր չի հաշվում իրեն ոնց որ և ես»:
Հայրն իր ճառում խնդրեց ներել «մոլորված Արսենին», ով նրա խոսքով՝ հանցանք չի գործել ոչ պետության, ոչ իր հոր նկատմամբ. «Նա հավատարիմ է եղել Աստծո քարոզին, իսկ խոակցությունը եղել է Սատանայից»: Ռ. Ավետյանը ասաց, որ մոլորված մարդը չի հասկանում՝ ինչ է անում: Ըստ նրա՝ Արսեն Ավետյանը պետք է ազատության մեջ լինի, որ տեր կանգնի իր երեխաներին և մեծահասակ հորը: