Իլհամ Ալիևը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է «Արևելյան գործընկերություն» ծրագրի երրորդ գագաթաժողովին, որը նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու Վիլնյուսում: Այս մասին նշված է ԵՄ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշված է, որ գագաթաժողովն անցնելու է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի նախագահությամբ, ով Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ ներկայացնելու է ԵՄ-ը: Գագաթաժողովը վարելու է ներկայումս ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Ծրագրի շրջանակներում ընդգրկված վեց գործընկեր երկրները գագաթաժողովին ներկայանալու են տարբեր մակարդակներով: Հայաստանից գագաթաժողովին մասնակցելու է նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանից՝ նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանից՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ուկրաինայից՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայից՝ վարչապետ Յուրիե Լյանկեն, Բելառուսից՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Գագաթաժողովին մասնակցելու են նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականութան հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Եվրահանձնաժողովի առևտրային հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը:
Վան Ռոմպեյն ընդգծել է, որ Վիլնյուսը նշանակելու է ԵՄ-ի հարևանության քաղաքականության առաջին տասնամյակի ավարտ և 2009 թվականին Պրահայում «Արևելյան գործընկերություն» ծրագրի գործարկման քառամյա ավարտ: Ռոմպեյը հավելել է, որ իրենք շարունակելու են աշխատել Ասոցացման հավակնոտ համաձայնագրերի վրա:
Բառոզուն իր հերթին ընդգծել է, որ «Արևելյան գործընկերությունը» փոփոխություններ և նոր հեռանկար է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Մոլդովայի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն չի պլանավորում Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, փոխարենը Բաքուն ԵՄ-ին առաջարկում է կնքել գործընկերության մասին համաձայնագիր: