Ի. Զաքարյան. Առողջապահության նախարարությունը առնվազն երեք տարի թիրախային է լինելու ՎՊ-ի համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ Առողջապահության նախարարության ամենախոցելի տեղերից մեկը պետական պատվերներներով բուժսպասարկումն է: Այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը ներկայացնելիս Խոսրով Հարությունյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՎՊ-ն նախատեսո՞ւմ է ուսումնասիրել նաև պետպատվերների ոլորտը:

«Կան կլինիկաներ, որ միլիարդների է հասնում պետպատվերը, կան կլինիկաներ՝ ճիշտ հակառակը: Չարժե՞ ուսումնասիրել այս ոլորտը ևս: Եթե խոքը առողջապահության մասին է, ապա առաջին խնդիրը պետպատվերն է ու դրա արդյունավետ կիրառումը»,- նշեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց, թե այս տարի իրենց վերահսկողության ոլորտում գնումների օրինականության գործող համակարգի արդյունավետության շրջանակներում նաև պատգամավորի կողմից բարձրացված հարցի ուսումնասիրությունն է: «Սա մենք մանրամասն վերլուծել ենք: Ես ուզում եմ հայտարարել, որ Առողջապահության նախարարությունը առնվազն երեք տարի թիրախային է լինելու ՎՊ-ի համար: Դուք տեսնելու եք բավական լուրջ վերլուծություններ որոշ ծրագրերի հետ կապված, այդ թվում՝ պետպավերների: Չեմ բացառում, որ ՎՊ խորհուրդը երեք ռիսկային ծրագրերի թվում ևս մի քանիսը կընդգրկի՝ հաշվի առնելով, մեր կարողությունները: Եթե չընդգրկվեն էլ այս տարի՝ հաջորդ տարի կընդգրկենք: Բայց մենք խնդիր ենք դրել 100 տոկոսով նայել այս ոլորտը: Եթե միանգամից ընդգրկենք՝ որակ չենք ունենա, դրա համար վերցրել ենք երեք ծրագիր և երեք-չորս տարի նախարարությունը լինելու է թիրախային մեզ համար»,- պատասխանեց ՎՊ նախագահը:

Խոսրով Հարությունյանն էլ նշեց, թե իր համար ակնհայտ է՝ առողջապահության ոլորտը հասարակության մեջ գնահատվում է պետպատվերի ոչ արդյունավետ օգտագործմամբ: «Հեռուստացույցով էլ այս մասին ասում էին: Հիմա եթե քաղաքացին գալիս է հիվանդանոց, ասում են, թե մեր պատվերի լիմիտն ավարտվել է, ասում են՝ գնա գործակալություն, նախարարություն, ըտեղից էլ եսիմ ուր են ուղարկում, սա բավարար է, որ նախարարության ցանկացած քայլ ձախողված լինի»:

Կարդացեք նաև

Իշխան Զաքարյանն էլ նշեց, թե Խոսրով Հարությունյանն իր դիտարկումներով ստիպում է իրեն որոշ փակագծեր բացել, որոնց ինքը չէր ցանկանա անել: Այնուամենայնիվ, ՎՊ նախագահը հայտնեց. «Կան որոշակի բաներ, որ չէի ուզի ասել, բայց… մենք հիմա ունենք՝ կոնկրետ որ հիվանդանոցը ինչքան պետպատվեր ունի, ինչքան հայտեր ունի, քանիսին էն իրականում բուժվել, քանիսը չեն բուժվել: Էս պահին ես ավելի բան չեմ կարող ասել: Խնդիրներ կան, պրոբլեմներ կան, որ ավելի խորքային նայենք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս