Բաժիններ՝

Ժիրայր Շահրիմանյան. «Ֆիզիկապես ապրում եմ Հայաստանում, իսկ հիմնական գործունեությունս ծավալում եմ դրսում»

Հարցազրույց բազմաթիվ մրցույթների դափնեկիր, կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ, երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի հետ

– Բազմիցս հնչած հարց է, այնուամենայնիվ՝ ի՞նչ է քեզ համար երաժշտությունը: Ստեղծագործում ես ինքդ քե՞զ համար, թե՞ քո երաժշտությամբ ցանկանում ես մարդկանց ինչ-որ բան փոխանցել:

– Երաժշտությունը կամ արվեստն՝ առհասարակ, ինձ համար այս աշխարհին զուգահեռ մի աշխարհ է, որտեղ ես քայլում եմ, բացահայտում, երազում և թախծում: Ի վերջո, բոլոր իսկական ստեղծագործողներն էլ ստեղծագործում են իրենց համար: Դա շատ ինտիմ և սուբյեկտիվ պրոցես է:

– Վերջին ժամանակներում ինչպիսի՞  հաջողությունների ես հասել: Նախատեսվո՞ւմ են առաջիկայում հեղինակային ստեղծագործությունների համերգներ:

Կարդացեք նաև

– 2012-2013 թվականները շատ հագեցած էր՝ թե զուտ ստեղծագործական, թե արտաքին շփման և համագործակցության իմաստով: Պրեմիերաներ ունեցա այնպիսի միջազգային բեմերում, ինչպիսիք են՝ «Գլեն Գուլդ Ստուդիոն» Թորոնթոյում, Լեհական արվեստի կենտրոնը Հռոմում («NUOVI SPAZI MUSICALIi» միջազգային փառատոնի շրջանակներում), Թեհրանի Ռուդակի Հոլլում, Ռոտերդամի Դե Դոելեն Կոնցերտհաուսում, և այլն: Վերջերս ավարտեցի թիվ երկրորդ Լարային Կվարտետս, որը ծավալուն է և բարդ՝ կատարման համար: Հուսամ՝ առաջիկայում հենց այդ գործով հանդես կգամ: Ենթադրում եմ, որ դա էլ կլինի Հայաստանից դուրս:

– Ովքե՞ր են Ձեր ամենասիրելի կոմպոզիտորները:

– Մտածողությունս լադային է, կան նաև վեբերնյան դպրոցի որոշակի արձագանքներ: Իմ սիրելի կոմպոզիտորներն են՝ Բախը, Հենդելը, Հայդնը ու Մոցարտը, ընդգծված կնշեմ Բեթհովենին, հետո Շուբերտին, Շումանին, Շոպենին, Բրամսին, Չայկովսկուն…. եթե շարունակեմ, շատ երկար ցանկ կստացվի, բայց ամենամեծերին արդեն թվարկեցի:

– Քո երաժշտությունը որքանո՞վ աղերսներ ունի հայկական երաժշտության հետ:

– Իմ երաժշտությունը հայկական երաժշտության հետ ոչ թե աղերսներ ունի, այլ հենց հայկական երաժշտության օրգանական մասն է կազմում: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ, ըստ իս, ամեն արվեստագետ իր միջավայրի ու ավանդույթների ծնունդն է:

– Վերջերս Կոմպոզիտորների միության ղեկավարությունը փոխվեց, և միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը: Նրա  ղեկավարությամբ կկարողանա՞ ոտքի կանգնել միությունը: Եվ, առհասարակ, այսօր որքանո՞վ են անհրաժեշտ ստեղծագործական միությունները:

– Երկար տարիներ անձամբ ճանաչելով Արամ Սաթյանին՝ վստահ եմ նրա ազնվության և կամեցողության վրա: Մեր ներքին դաշտում, սակայն, կան լուրջ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է նպաստենք բոլորս՝ ոչ միայն կոմպոզիտորներս, այլև կատարողները, բարերարները, մենեջերական դպրոցը, որը դասական արվեստով չի զբաղվում, լրագրողները և, իհարկե, ունկնդիրը, ում պետք է հասանելի լինի մեր արվեստը: Այնուամենայնիվ, շատ բան չի փոխվի, քանի դեռ մեր ամենամյա փառատոներն ու անվանի մենակատարներն ու դիրիժորները չեն ուզում ճանաչել նորը ոչ միայն հայկական արվեստի մեջ, այլ առհասարակ որևէ ոլորտում: Նորը պահանջում է ճկունություն, համարձակություն, երևակայություն: Ըստ երևույթին, այս հատկությունները բնորոշ չեն մեր երաժիշտների մեծ մասին. բազմիցս համոզվել եմ դրանում:

Կարծիք կա, որ սխալ է պարբերաբար մեծ գումարներ ծախսել և Հայաստան հրավիրել աշխարհահռչակ երաժիշտների, երբ երաժշտական դպրոցներն անմխիթար վիճակում են, ուսուցիչներն էլ ստանում են չափազանց ցածր աշխատավարձեր: Այդ տեսակետի կողմնակիցները նշում են, որ, ի վերջո, այդ երաժիշտներին այսօր հեշտությամբ կարելի է ունկնդրել նաև համացանցի միջոցով:

– Դա, իրոք, շատ ցավոտ հարց է: Անցած տարվա վերջին և այս տարվա գարնանը Հայաստան բերվեցին Ամստերդամի Թագավորական  Կոնցերտգեբաու նվագախումբը և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ամեն մի նվագախմբի համերգը մեր երկրի բյուջեի վրա նստել է մեկական միլիոն դոլար: Պատկերացնո՞ւմ եք՝ երկու միլիոն դոլարով որքա՞ն բան կարելի էր անել մեր արվեստի համար:

Բացի աշխատավարձերը, որոնք նվաստացուցիչ են, կարելի էր գոնե մի քանի ակտիվ ստեղծագործող հեղինակների պատվերներ տալ, բեմադրել հայ հեղինակների օպերաներ, բալետներ, հյուրախաղերով արտասահման ուղարկել երգչախմբեր, կամերային անսամբլներ, որոնք կներկայացնեին մեր արվեստն արտերկրում: Ինչպե՞ս կարելի է այդքան անհեռատես լինել 21-րդ դարում: Ո՞վ է այդ մշակույթի նախարարը, որ ավելի քան յոթ տարի փոշիացնում է մեր արվեստի կապիտալը (հիշենք այս տարվա սեպտեմբերի 21-ին կազմակերպված՝ Նունե Եսայանի 54 միլիոնանոց տխրահռչակ համերգը):

– Դու՝ որպես երիտասարդ կոմպոզիտոր, տեսնո՞ւմ ես քո ապագան այստեղ՝ Հայաստանում: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հայաստանում դասական երաժշտությունն ու դասական երաժիշտները գնահատվեն ըստ արժանվույն:

Անկեղծ ասած՝ արդեն քանի տարի է՝ ֆիզիկապես ապրելով Հայաստանում, հիմնականում գործունեությունս ծավալում եմ դրսում և գուցե այդպես էլ շարունակեմ: Հայաստանում որակյալ երաժիշտների հսկայական արտահոսք կա, որը շատ է նվազեցնում կոմպոզիտորներին արժանվույն ներկայացնելու հնարավորությունը, քանի որ կոմպոզիտորն առանց կատարողի չի կարող հանդես գալ: Պետք է երկարատև և հետևողական աշխատանք տարվի կադրերի ընտրության հարցում, նվագախմբերի և երգչախմբերի ղեկին պետք է կանգնեն հայրենի արվեստին նվիրված դիրիժորներ, այլ ոչ թե շոումեններ. սա շատ կարևոր է: Անելիքներ շատ կան, ես իմ ամբողջ եռանդը դնում եմ ստեղծագործելու մեջ: Ավաղ, մնացած հարցերով պետք է զբաղվեն ոչ ստեղծագործող մարդիկ, դա էլ իրենց առաքելությունն է:

ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս