Բաժիններ՝

«Մանուշակագույն հեղեղ»` «Դալան» ցուցասրահում (ֆոտոշարք)

Երբ օրեր առաջ հանդիպեցի նկարչուհի Նանա Արամյանին` զրուցելու նոյեմբերի 22-ին «Դալան» ցուցասրահում տեղի ունենալիք «Մանուշակագույն հեղեղ» անվանումը կրող ցուցահանդեսի մասին, նկարչուհին հույս հայտնեց, որ այդ օրը «մանուշակագույն անձրև» կտեղա: Ես` որպես այցելու, կարող եմ փաստել, որ ցուցասրահում ոչ միայն «մանուշակագույն անձրև», այլև ուժեղ հեղեղ տեղաց, որը նկատվեց ոչ միայն նկարների, այլև այցելուների հագուստի և ցուցասրահում տիրող «մանուշակագույն մթնոլորտի» մեջ: 1-2 տարվա ընթացքում ստեղծված 15 աշխատանքները զարդարել էին ցուցասրահի պատերը, որոնք հնարավոր է տեսնել մինչև դեկտեմբերի վեցն ընկած ժամանակահատվածում: Ներկայացնում ենք Նանա Արամյանի հետ ունեցած «մանուշակագույն զրույցից» մի քանի հատվածներ:

Նանա Արամյանը՝ իր անհատական ցուցահանդեսի անվան ընտրության մասին

Այս ցուցահանդեսն ինչ-որ չափով շարունակությունն է մի ծրագրի, որն առաջին անգամ ցուցադրեցի 2011 թվականի գարնանը`«Սև-մանուշակագույն զրույցներ» ցուցահանդեսի ժամանակ: Այս շարքին նոր գործեր են ավելացել, իսկ անվանումը փոխվել ու դարձել է «Մանուշակագույն հեղեղ»: Անվան ընտրության ժամանակ նույնիսկ ցանկություն ունեցա «մանուշակագույն արհավիրք» անվանել` ցույց տալու այն էմոցիան, որը զգացել եմ նկարելիս:

2009 թվականից առաջացավ այս մտահղացումը, խոսակցությունը, կանացի կերպարը, որին ես տվեցի «սև-մանուշակագույն կիրք» անվանումը: Այն առկա է այս շարքի գրեթե բոլոր նկարներում, իհարկե՝ տարբեր դրսևորումներով: Այս շարքում նկարներ կան, որոնցում մանուշակագույն գրեթե չի օգտագործվել, բայց դրանք ինձ համար միևնույն շարքում են:

Կարդացեք նաև

Nana Aramyan (10)

«Մանուշակագույն հեղեղի» աշխատանքներումս շատ երջանիկ և հարմոնիկ էներգիա եմ ներդրել, բայց չգիտեմ՝ դիտորդն ի՞նչ է տեսնում…

Նկարչուհին՝ սիրելի նկարիչների մասին

Ինձ մոտ մաքուր սևի առկայությունը հայտնվեց այն ժամանակ, երբ ես տեսա Կարավաջոյի օրիգինալ աշխատանքները: Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան խորը ասելիք կարող է լինել մաքուր մթության ու սևի մեջ: Մանկուց Կարավաջոն իմ սիրելի նկարիչներից է եղել և ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Սիրում եմ նաև սյուրռեալիզմի ժամանակակից ներկայացուցիչներին, որոնց աշխատանքները շատ հետաքրքիր են:

Nana Aramyan (3)

Նկարներ ստեղծելիս՝ երաժշտության ազդեցության մասին

Աշխատանքներիցս մեկը կոչվում է Deep Purple-ի «Wasted Sunsets»  (Կորուսյալ մայրամուտներ) երգի անվանմամբ: Առհասարակ երաժշտությունը նկարներ ստեղծելիս մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա: Շատ եմ սիրում Deep Purple-ի, Led Zeppelin-ի, Black Sabbat-ի ստեղծագործությունները, որոնք ինձ շատ են ոգեշնչում: Heavy metal երաժշտությունն ինձ մեծ էներգիա է  հաղորդում, որը համադրում եմ բարոկկո նկարչության հետ:

Nana Aramyan (9)

Nana Aramyan (8)

Նանան՝ իր կերպարների մասին

Ավելի շատ մետաֆիզիկ կերպարներ եմ ստեղծում, որոնց ի հայտ գալը կապում եմ դասական մետաֆիզիկական նկարչության հետ: Սյուրռեալիզմի նախահայրերից մեկը` իտալացի նկարիչ Ջիորջիո դը Չիրիկոն, իր նկարներում շատ մանեկեններ է օգտագործում, որոնք կարծես մետաֆիզիկական վերափոխումներ են ապրում: Իմ դեպքում այն ավելի հավաքական կերպար է ստանում, որը կապված է կյանքի հետ: Գուցե տարօրինակ թվա, բայց այդ կերպարները կապված են կյանքի տպավորությունների, զգացումների հետ: Դրանք ինչ-որ չափով օտարացված, համախմբված, ալեգորիկ արտացոլումն են…

Nana Aramyan (4)

Nana Aramyan (7)

Կենդանիների առկայությունը ևս շարունակվում է: Մողեսիկներն՝ իրենց պոչիկներով, անցնում են նկարներումս: Ինձ համար մողեսի պոչը ժամանակի ալեգորիան է, մի բան, որն անխուսափելի է և կարող է ինչ-որ բան փոխել:

Մանուշակագույն հեղեղում՝ լույսի շոյող ներկայության մասին

Անկեղծ ասած, ուրախանում եմ, երբ մարդիկ տեսնում են այդ լույսը: Իմ նպատակը հենց դա է, փորձում եմ այդ մթության մեջ լույս ու էներգիա ներդնել: Հիշում եմ Վիլյամ Բլայքի խոսքերը, որի հիմնական իմաստը հետևյալն է` «Մթությունը կարող է շողալ նույնիսկ ամենաուժեղ լույսից ավելի շատ»:

«Գիշերային խզբզոցներ» շարքի մասին

Այս շարքը սկսեցի անցյալ տարվա նոյեմբերին: Նկարում էի գիշերը, թղթի վրա ինչ-որ բաներ գծում, ու, երբ հավաքեցի էսքիզները, դրանց տվեցի «Գիշերային խզբզոցներ» անվանումը: Ինձ համար դրանք տաք մթությամբ ու զգացմունքներով լի աշխատանքներ են, որոնք իրենց մեջ շատ էմոցիաներ են պարունակում: Հետաքրքիր է, որ դրանք ցուցադրվեցին կրկին նոյեմբեր ամսին:

Նկարներում առկա «կաթիլի» մասին

Մտածում էի՝ ցուցահանդեսի անունը դնել «Կրքի կաթիլ»: Երբ ստեղծագործական հեղեղը հասնում է իր գագաթնակետին, կարծես այդ հեղեղի կաթիլներից մեկը հայտնվում է նկարներում և իր մեջ շատ միստիկ էներգիա է պարունակում: Շարքի մեջ մի քանի աշխատանքներ կան, որոնցում պատկերված են կրքի, արարման էներգիայի կաթիլները:

Nana Aramyan (2)

Մանուշակագույնից «հոգնելու» և այլ գույների հետ աշխատելու մասին

Այս աշխատանքներին զուգահեռ՝ իրականացնում եմ «Պահարանի գաղտնիքները» շարքը, որում գունապնակը բավականին փոփոխված է: Այս շարքում շեշտը դրված չէ մանուշակագույնով հիմնական ասելիքը ցույց տալու վրա: Այն վերաբերում է մանկության հուշերի, ինչ-որ տեղ փակվելու ցանկություն ունենալու զգացողություններին:

Nana Aramyan (1)

Ցուցահանդեսներ կազմակերպելու կարևորության մասին

Ժամանակ առ ժամանակ շատ կարևոր է հանրությանը ներկայացնել այն գաղափարը, որի վրա աշխատել ես: Այն կարծես մի փուլի ավարտն ու հաջորդ փուլի սկիզբն ազդարարի: Երբ ամիսներով քո ապրումներով ու զգացողություններով փակվում ես արվեստանոցումդ, երկխոսելու հնարավորություն չես ունենում, իսկ ցուցահանդեսի միջոցով կարողանում ես ասելիքդ հստակ ասել:  Արվեստանոցը մի խոհանոց է, որտեղ ստեղծվում է գաղափարը, էմոցիան, իսկ ցուցասրահն այն վայրն է, որտեղ կարողանում ես զրուցել մարդկանց հետ, ցույց տալ այն, ինչ մտածում ես, համախոհներ ու հակառակորդներ գտնել, և այլն: Սա ինձ համար շատ կարևոր է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս