Մեր երկրում պետք է լինեն արժեքներ, որոնք չեն վաճառվում

Հարցազրույց նկարիչ Գարիկ Կարապետյանի հետ

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Աննաչոպ» գալերեայում աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի անհատական ցուցահանդեսն էր: Ի դեպ, նշյալ գալերեան մշտապես ներկայացնում է հայ նկարչի աշխատանքները և ամեն տարի նրան հրավիրում է անհատական ցուցահանդես իրականացնելու: Նշենք, որ այս տարի Մարսելը հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, հետևաբար` ցուցահանդեսի այցելուներից շատերը զբոսաշրջիկներ են եղել:

Ներկա է եղել նաև Մարսելի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը: Գ. Կարապետյանի հավաստմամբ՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսելում իրականացվող միջոցառումների շրջանակներում այս տարի ծովի վրա կառուցվել է հսկայական, գեղեցիկ մի թանգարան՝ «Միջերկրական երկրների քաղաքակրթության» թանգարանը: Այն ինքնատիպ թանգարան է, ուր հետաքրքիր ցուցանմուշներ են ներկայացված, որոնց շնորհիվ` մշակութային քաղաք Մարսելի կարգավիճակը շատ ավելի բարձրացել է: Ֆրանսիայից օրերս վերադարձած նկարչի հետ զրուցեցինք ցուցահանդեսի, հայաստանյան արվեստի իրականության և Ժամանակակից արվեստի թանգարանում վերջերս արձանագրված մի խայտառակ իրադարձության մասին:

– Օտարերկրացիների համար նախ` հետաքրքիր է առհասարակ արվեստը: Որպես հայ հեղինակի ցուցահանդեսի այցելուներ՝ իրենց շատ հետաքրքիր է, թե ինչպես է արվեստի առումով կենտրոնական երկրներից կտրված Հայաստանում արվեստը զարգացում ապրում: Միևնույն ժամանակ՝ արվեստը շատ ունիվերսալ լեզու է, հետևաբար` և՛ կապվում է, և՛ չի կապվում Հայաստանի հետ: Արվեստը, առաջին հերթին, ստեղծում է իր հաղորդակցությունը, հետագայում այն կապվում է երկրի հետ: Մարսելի մշակութային աժիոտաժից հետո Հայաստան վերադառնալու առաջին տպավորությունն անգործությունն է, որը շատ ափսոսալի է: Ակտիվ չենք աշխատում, շատ խնդիրներ բարձիթողի վիճակում են, որոնք ժամանակին լուծում չստանալով՝ հետագայում այդ լուծումները բարդանում կամ անհնար են դառնում:

Կարդացեք նաև

Garik Karapetyan (4)

Այդ բացթողումները, անգործությունը մեր երկրում շատ անհասկանալի, տխուր վիճակ է ստեղծել: Մենք ոչինչ չենք անում և դրանով առաջին հերթին` ինքներս մեզ ենք վնասում, որովհետև այդ արժեքները չենք ստեղծում: Իսկ հետագայում նոր արժեքներ այլևս չենք ունենալու: Արժեքների բացակայության պայմաններում մեր երկրի կարգավիճակը գնալով կցածրանա, և աշխարհին հետաքրքիր չենք լինի:

– Հայաստանի և Ֆրանսիայի գալերեաների ցանցը` գործունեության, նախագծերի, այցելուների ներգրավման իմաստով, համեմատության եզրեր ունե՞ն:

– Համեմատելու եզրեր չկան շատ պարզ պատճառաբանությամբ՝ այստեղ գալերեաները գրեթե չեն գործում, որովհետև այդ մշակույթը Հայաստանում չի էլ ստեղծվել: Հիմա փորձում են գալերեաներ ստեղծել, բայց, քանի որ սկզբնական փուլ է՝ համեմատելու բան չկա: Ֆրանսիայում մարդը գնում է ցուցահանդես, որովհետև ուզում է արվեստ տեսնել, իսկ այստեղ թանգարան, գալերեա այցելում են մտնել-դուրս գալու համար, խանութի պես: Այսինքն՝ նպատակաուղղված արվեստ տեսնելու համար գալերեա այցելած հանդիսատեսի խնդիր ունենք: Իրենց համար ցուցահանդեսը լուրջ իրադարձություն է:

Garik Karapetyan (3)

Անշուշտ, Ֆրանսիայում էլ շատ խնդիրներ կան, որովհետև բիզնեսը շատ ագրեսիվ ներխուժել է արվեստ՝ ոչնչացնելով արվեստում կենսական նշանակություն ունեցող կարևորություններ: Բայց դրան զուգահեռ՝ կա մի դաշտ, որը փորձում է պաշտպանողական դերակատարում ունենալ: Բացի այդ, պետությունն է արվեստին շատ լուրջ վերաբերվում, և հաճախ` դժվարությամբ, բայց ֆինանսներ տրամադրում են, որովհետև գիտակցում են, որ արվեստով է հնարավոր տեսնել երկրի ապագան: Ի վերջո, արվեստ չունեցող երկրում քաոս է, որովհետև այդ երկիրը մշտապես ընկնում է տարբեր երկրների ազդեցության տակ:

– Նյու Յորքում տևական ժամանակ բնակված հայ արվեստագետներից մեկն ասում էր, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի ազատության մեր պատկերացումները միֆ են, որովհետև այդ երկրներում ուղղակիորեն արգելվում է արվեստի միջոցով իրականացնել հակաիշխանական որևէ նախագիծ:

– Դրա մեջ մի քիչ ճշմարտություն կա, որն էլ իր հերթին` հարաբերական է: Եթե մեր պատկերացումները միֆ են, ապա ի՞նչ ալտերնատիվ ունենք: Վերջին հաշվով, այդ երկրներում, այդ քաղաքներում է արվեստ ծնվել: Այո, կա դիմադրություն, բայց ազատությունը չպետք է պայմանավորել երկրով, քանի որ այն քո մեջ պիտի լինի:

– Մարդն ազատ է, ուզում է իրականացնել իր գաղափարը, բայց իրականացման մեխանիզմներ գոյություն չունեն, հետևաբար` ստացվում է՝ անազատ է, քանի որ արտահայտվելու իրավունքից զուրկ է:

– Եթե հետևենք պատմությանը, ապա այդ երկրներում են արվեստագետներն իրենց գաղափարներն իրականացնելու հնարավորություն ունեցել: Սովետական Միությունում ավելի կաշկանդված էին, քան Արևմուտքում, բայց դա չի նշանակում, որ վերջինն իդեալական է: Այն մարդիկ, ովքեր սիրահարված են այդ երկրներին, տեսնելով նրանց խնդիրները, հաճախ ընկնում են դեպրեսիաների մեջ, քանի որ գիտակցում են, որ իրենց համոզմունքները չեն համապատասխանում իրականությանը: Իրենք էլ շատ խնդիրներ ունեն, բայց գոնե իրենց միջավայրը, գործունեությունն ուղղված է այդ խնդիրները լուծելուն:

Հայաստանում արվեստագետն ունի ազատություն, բայց չունի գաղափարներն իրականացնելու հնարավորություն: Հնարավորություններն ուղիղ կապ ունեն միջավայրի, պետության, տարածքների հետ: Չունենք ժամանակակից արվեստ ցուցադրելու տարածք, ինչով արդեն արվեստագետը կաշկանդված է, չկան նաև այն ինստիտուտները, որոնք կօգնեն իրականացնել արվեստագետի գաղափարները: Արդյունքում` դու մնում ես մենակ, ազատ ես ու գաղափարներն իրականացնելու հնարավորություններից զուրկ ես:

Հայաստանում, մեծ հաշվով, ոչինչ չի կատարվում, նկարիչները չեն ցուցադրվում, և արդյունքը` բամբասանքները, մեկը մյուսին փնովելը, թշնամական հարաբերություններն են: Այն էներգիան, որը պիտի վատնեն ստեղծագործական տարածքներում, վատնում են ամենասխալ տեղում: Մեր երկրում հսկայական էներգիա կա, որը ծախսվում է փոքր, մանր, կենցաղային կարգի հարաբերությունների կամ խոսակցությունների մեջ:

Garik Karapetyan (1)

– Դուք նաև համագործակցում եք www.hi-artonline.com նախագծի հետ, որը, կարծես թե, համախմբել է գեղանկարչության դաշտը: Կայացե՞լ է արդյոք այդ նախագիծը, և իրատեսական համարո՞ւմ եք հայ արվեստագետներին միջազգային շուկայում ներկայացնելու ծրագրերը:

– Այդ նախագիծը հետաքրքիր թարմություն բերեց, փորձեց համախմբել արվեստի դաշտը և շատ հնարավորություններ օգտագործեց արվեստը ներկայացնելու համար: Նաև շատ մարդկանց ներգրավեց ցուցահանդեսներին՝ նոր մարդկանց բերելով արվեստի դաշտ: Այդ առումով նախագծի ներկայացուցիչները շատ լավ գործունեություն սկսեցին: Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսն անսպասելի մարդաշատ էր, այսինքն՝ մարդկանց համար ինչ-որ առումով արվեստը բարձրացավ, լուրջ վերաբերվեցին, բայց նաև պիտի հասկանանք, որ դեռ պրոցեսի մեջ է, և շատ աշխատանք կա անելու:

Անշուշտ, հնարավոր եմ համարում շուկա ստեղծելը, մանավանդ, եթե հաշվի առնենք մեր սփյուռքի ներգրավվածությունն այդ շուկայում: Բայց քանի որ այդ դաշտում զրոյական վիճակ է՝ բավականին շատ աշխատանք կա անելու: Նկարիչները նույնպես ոգևորված են, քանի որ, առաջին հերթին, իրենք պահանջ ունեն դրսևորվելու հնարավորությունների, և ես լավատես եմ, սա պիտի լավ շարունակություն ունենա: Կազմակերպիչներին ճանաչելով՝ կարող եմ ասել, որ իսկապես փորձում են անել ամեն ինչ, շատ տրամադրված են, մնում է` շուտ չհիասթափվեն, որովհետև արվեստի դաշտում զարգացում ապահովելն իսկապես դժվար է:

– Վերջերս ականատես եղանք մի խայտառակ երևույթի, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչ Ռազմիկ Ամյանն իր ռաբիս մի երգով անարգել կարողացավ իր տեսահոլովակը նկարահանել Ժամանակակից արվեստի թանգարանում: Հոլովակում պատրանք է ստեղծվում, իբր կադրերն Ազգային պատկերասրահինն են, բայց իրականում դա Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցասրահն է:

– Իմ վերաբերմունքը միանշանակ բացասական է, բայց սա ունի իր օբյեկտիվ պատճառը. ռաբիսն այնքան պաշտպանված ու պոպուլյար է Հայաստանում, որ կարող է ներխուժել ամեն տեղ: Հետևաբար` կարող են գալ և մտնել թանգարան: Նման երևույթներն անպայման պետք է արգելվեն: Տարածքներ կան, որոնք պարտավոր ենք մաքուր պահել:

Այդ տարածքները հենց այնպես չեն ստեղծվել, դրանց վրա մեծ աշխատանք է տարվել, և այսօր ինչ-որ ռաբիս երգիչ կարող է մտնել այնտեղ ու հոլովակ նկարահանել՝ նկարներն իր համար որպես ֆոն օգտագործելով: Դա անթույլատրելի է, նման բաները չպետք է կրկնվեն: Միևնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ սա պատահական չեղավ, ռաբիս երգիչներն իսկապես իրենց շատ լավ են զգում: Այդ թանգարանը շատ դժվարությամբ է ստեղծվել սովետական տարիներին, այդ լրջությունը, որ կար արվեստի նկատմամբ, նման ակցիաներով հավասարեցվում է հողին: Ստացվում է՝ ամեն տեղ հնարավոր է` անես այն, ինչ ուզում ես, չկա մի տեղ, որտեղ կա չափանիշ, և, եթե այդ չափանիշին չես համապատասխանում՝ այնտեղ մտնելու հնարավորություն չունես: Մեր երկրում պետք է լինեն արժեքներ, որոնք չեն վաճառվում:

– Եթե Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվող հեղինակները հրապարակային կարծիք չեն արտահայտում կատարվածի վերաբերյալ, նշանակում է՝ համաձայն են: Եվ, երբ հասարակությանը մեղադրում են ռաբիսության, արվեստի նկատմամբ անտարբերության մեջ, ապա իրենք այդ հասարակությունից ոչնչով առավել չեն, ավելին՝ արժանի են այդ հասարակությանը թեկուզ միայն նրանով, որ իրենց նկարները ցուցադրվում են ռաբիս երգի ֆոնին, իսկ իրենք չեն ըմբոստանում: Ինձ ամենաշատը զայրացնում է թանգարանում ցուցադրվող հեղինակների դիրքորոշում չարտահայտելու վախը:

– Այո, նկարիչները պետք է անկաշկանդ լինեն իրենց կարծիքը հայտնելու մեջ, որովհետև առաջինն այդ սխալի մասին արվեստագետը պիտի արձագանքի, որպեսզի հասարակությունն էլ իր հերթին` իմանա, որ սխալ բան է տեղի ունենում: Մեր մտավորականների, արվեստագետների մեջ շատ քիչ են այն մարդիկ, որոնք իսկապես ասում են այն, ինչ մտածում են: Շատերն ասում են այն, ինչը հարմար է այդ պահին, իսկ դա բոլորին դժբախտություն է բերում:

– Գուցե վախենում են, որովհետև թանգարանում ցուցադրվում են, կախում ունեն թանգարանի ղեկավարությունից:

– Շատ տխուր է, որովհետև այդ վախկոտությունն անդրադառնում է հենց քո ստեղծած արվեստի վրա: Եվ երբ դատապարտում ես որևէ սխալ երևույթ՝ մարդը քեզ ավելի շատ է հարգելու: Եթե չես կարողանում կարծիք հայտնել, ուրիշն է որոշում կարծիքդ ու գործունեությունդ, հետևաբար, ինչո՞ւ ես հնարավորությունդ տալիս ուրիշին, հետո դժգոհում, թե՝ ինչո՞ւ այսպես եղավ:

– Ռաբիս երաժշտության ներքո ցուցադրվող թանգարանին ես` որպես քաղաքացի, բոյկոտում եմ և առհասարակ այդ տարածք ոտք չեմ դնելու: Եթե թանգարանի ղեկավարության և հեղինակների համար այդ ցուցանմուշներն արժեք չեն, ուրեմն…

– Մարդիկ, ովքեր չեն ըմբոստանում կատարվածի դեմ, երևի այդ երաժշտության տակ պարել են և հիմա չեն համարում, որ դա վատ բան է: Կներեք, բայց չի կարելի լինել տաքի և սառի մեջտեղում, «մեջտեղում» լինելը վիճակ չէ` խաբեություն է, ինքնակործանում է, պիտի լինես կամ տաք, կամ սառը: Ինչի՞ց ենք վախենում, ի՞նչ ունենք կորցնելու:

Տեսանյութեր

Լրահոս