Բաժիններ՝

ՀՀ դատական համակարգը չի նպաստում բիզնեսի զարգացմանը

Հարցազրույց «Ավենյու Քոնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, անկախ փորձագետ Գեորգի Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, տնտեսության զարգացումը շատերը պայմանավորում են նաև կայացած ու անկախ դատական համակարգի առկայությամբ: Հայաստանում այդ առումով ինչպիսի՞ն է վիճակը, ի՞նչ գնահատական կտաք:

– Դատական համակարգն, իհարկե, շատ կարևոր է: Մասնավորապես, ներդրողները, երբ որոշում են` տվյալ երկրում ներդրում անե՞լ, թե՞ ոչ, նրանք դիտարկում են մի քանի հանգամանք. առաջինը գործարարությամբ զբաղվելու և ընկերություն ստեղծելու դյուրինությունն է, այսինքն, վարչարարությունը` գրանցվելու և այլնի հետ կապված, երկրորդը` ներդրողը դիտարկում է հարկային և մաքսային ռեժիմները, երրորդը` դատական համակարգի կանխատեսելիությունը: Յուրաքանչյուր բիզնեսմեն, իհարկե, պատկերացնում է, որ օրերից մի օր ստիպված կլինի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով:

Այդ պատճառով ներդրողի համար շատ կարևոր է իմանալ, թե որքանով է արդյունավետ գործում դատական համակարգը, և ունենալ կանխատեսելի դատական համակարգ: «Կանխատեսելի դատական համակարգ» ասելով` հասկանում ենք և՛ դատական գործերի քննության ժամկետների վերաբերյալ պատկերացում, և՛ այն չափով զարգացած դատական համակարգ, որ նախադեպային իրավունքը գործի, և անձն իմանա, իր համար կանխատեսելի լինի, որ այս իրավիճակում կա նախադեպ, և, ըստ այդմ, կարելի է կանխատեսել, թե ինչպիսին կլինի վեճի լուծումը, եթե դիմի դատարան:

Կարդացեք նաև

Դատական համակարգը գործիք ու միջոց է ոչ միայն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ոչ իրավաչափ գործունեությունից պաշտպանվելու, այլև` պետական կառավարման մարմինների և ՏԻՄ-երի ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու համար: Հետևաբար, ցանկացած պարագայում երկրում ունենալով արդյունավետ կանխատեսելի դատական համակարգ, անգամ, եթե, օրինակ, հարկային մարմինը ոչ իրավաչափ հարկային պարտավորություն սահմանի, դուք վստահ եք, որ դատարանի միջոցով կարող եք հասնել արդարության:

– Իսկ այսօրվա դատական համակարգն ինչքանո՞վ է նպաստում բիզնեսի զարգացմանը:

– Ունենք 2 խնդիր` առաջինը տեխնիկական է, վերաբերում է գործի քննության ժամկետներին: ՀՀ-ում մասնավոր-պետություն հարաբերությունը կարգավորելու համար մենք դիմում ենք վարչական դատարան, բայց, վիճակագրության համաձայն, վարչական դատարանում գործի քննության ժամկետներն այնքան երկար են, որ շատ դեպքերում բիզնեսը հարկայինի ակտը բողոքարկելու փոխարեն` վճարում է այդ գումարը, հատկապես` չունենալով կանխատեսում հնարավոր արդյունքի վերաբերյալ: Մարդիկ գերադասում են վճարել, քան մեկ տարի հետո ունենալ առաջին ատյանի դատական ակտ, որով ենթադրաբար պարտվելու են: Այսինքն` վարչական դատարանում գործի քննության ժամկետներն ահավոր վնասում են բիզնեսին: Հուսանք, որ վարչական դատարանի կազմի ավելացումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:

Երկրորդը բովանդակային է` ՀՀ դատական համակարգը կանխատեսելի չէ: Մենք ունենք դատական ակտեր, որ որոշ դեպքերում հակասում են նախադեպային իրավունքին և, հետևաբար, այսօր չենք կարող ասել, որ ունենք այնպիսի համակարգ, որը ոչ թե նպաստում է, այլ փորձում է գոնե բալանս պահել իրավունքն արդյունավետ պաշտպանելու միջոց ապահովելու համար: Արդար լինելու համար պետք է ասել` այո, բարեփոխումներ արվում են, փորձեր են արվում համակարգն ավելի արդյունավետ դարձնելու, բայց այս պահին միանշանակ չունենք այն համակարգը, որն ընդունելի մակարդակի է:

– Նման իրողության պարագայում գործարարները հաճա՞խ են դիմում դատական ատյաններին, ի՞նչ վիճակագրություն կա` գործերի թիվն ավելացե՞լ է, թե՞ պակասել:

– Ընդհանուր գործերի թիվն է ավելացել: Եթե վերցնենք 10 տարվա կտրվածքով, մենք մեր մենթալիտետի արդյունքում ունեինք խնդիր, որ դատական պաշտպանության փոխարեն` փորձում էին ներքին կարգով հարցերը լուծել: Այսօր, իհարկե, ունենք դատարան դիմելու դեպքերի աճ:

– Իսկ վճիռներն ավելի շատ հօգուտ պետական մարմինների՞ է, թե՞ մասնավորի:

– Նույն վարչական դատարանի վիճակագրությունը եթե դիտարկենք, շատ են դեպքերը, երբ վեճը լուծվում է հօգուտ բիզնեսի: Այդ առումով բացասական վիճակագրություն չունենք, բայց խնդիր ունենք, որ այնքան է ձգձգվում այդ դատական քննությունը, որ բիզնեսի համար արդեն անիմաստ է դառնում դրա արդյունքը, որովհետև արդյունավետ դատական պաշտպանությունը ոչ միայն վերջնական դատական ակտ «ի օգուտ» ունենալն է, այլ նաև հնարավորինս արագ այն ունենալը: Գործի ողջամիտ քննությունը ևս էական նշանակություն ունի իրավունքների պաշտպանության համար:

– ՀՀ-ում վերջին 2 տարիներին ներդրումների կտրուկ անկում է գրանցվում, հատկապես օտարերկրյա ներդրումների: Դատական համակարգն ի՞նչ դեր ունի այդ գործում:

– Դատական համակարգը միակ մեղավորը չի ներդրումների անկման հարցում: Բայց եթե վերցնենք զուտ դատական համակարգի դերը, ապա բոլորս գիտենք, որ օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ մի քանի խոշոր վեճեր չեն լուծվել ներդրողների օգտին, և դա անվստահություն է առաջացնում այլ ներդրողների մոտ: Ես չեմ վերլուծի, թե կոնկրետ դեպքերում որքանով է խիստ դատական ակտ կայացվել, դա այլ հարց է, խնդիրը հետևյալն է` մենք այսօր դատական համակարգի հետ կապված ունենք հանրային ընկալման խնդիր: Անգամ այն պարագայում, երբ դատարանի վճիռը շատ ճիշտ, արդյունավետ ու օբյեկտիվ է, չունենք դա հասարակությանը հասցնելու մեխանիզմ:

Պարտվող կողմն այնքան բացասական հնչեղություն է տալիս գործին, որ դա ընդհանուր և՛ համակարգի վրա է ազդում, և՛ ձևավորում է բացասական վերաբերմունք դատական համակարգից այլ օգտվողների համար: Եվ եթե նայում ենք, որ մի քանի ներդրողների գործերն ահավոր մեծ հնչեղություն են ստացել, դա ազդում է այն ներդրողների վրա, որոնք պոտենցիալ ցանկություն ունեն տնտեսության մեջ ներդրում անել:

Մենք ունեցել ենք դեպք, երբ օտարերկրյա ներդրողը դիտարկել է իր մասնակցության հնարավորությունը կոնկրետ նախագծում, մեզնից իրավական գնահատական է ուզել որևէ օտարերկրյա ներդրողի հետ կապված գործով: Այսինքն, ասել է` ես իմացել եմ, որ այսպիսի գործ է եղել, խնդրում եմ, հայտնեք ձեր կարծիքը, որքանո՞վ է ճիշտ լուծվել վեճը: Մենք, իհարկե, ասել ենք, որ վերջնական դատական ակտը վճռաբեկ դատարանի որոշումն է, որը նախադեպային ուժ ունի, բայց ներդրողին միշտ հետաքրքրում է, նա նայում է, թե ոնց է լուծվել այս կամ այն հարցը: Դա շատ կարևոր հանգամանք է, որն ազդում է ներդրողների որոշման վրա: Մենք ունենք նաև դեպք, երբ ներդրողը պարզապես հարցնում է` պայմանագրից առաջացած վեճն ինչքա՞ն ժամանակում կարող է լուծում ստանալ, և երբ ներկայացնում ենք, ասում է, որ մեզ մոտ անարդյունավետ է մեխանիզմը, որովհետև երկար է և թանկ:

– Տնտեսական դատարանի լուծարումն ինչպե՞ս եք գնահատում, և Արբիտրաժային դատարանն ինչքանո՞վ է լրացնում բացը:

– Տնտեսական դատարանի լուծարումն արդյունավետ և ճիշտ քայլ էր, որովհետև դրա փոխարեն` ստեղծվեց վարչական դատարանն` իր լիազորությունների յուրահատկությամբ, որ իրավասու է լուծել պետական մարմինների և մասնավորի միջև վեճերը, մնացած գործերը, որ նախկինում քննում էր Տնտեսական դատարանը, փոխանցվել են ընդհանուր իրավասության դատարաններին: Կարծում եմ, որ վարչական դատարանն այսօր հնարավորություն ունի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնելու այդ հարցերում:

Ինչ վերաբերում է արբիտրաժին, այսօր պետք է փաստել, որ ՀՀ-ում չունենք կայացած արբիտրաժ: Մենք ունենք Բանկերի միությանը կից գործող արբիտրաժային դատարան, ունենք Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող արբիտրաժային դատարան, բայց դեռևս չի հասել այն մակարդակի, որ վեճի լուծումը հասնի արբիտրաժի: Նախորդ տարիներին բազմիցս փորձեր են արվել զարկ տալ արբիտրաժին, հիմա էլ արվում են` խրախուսել վեճի արտադատական լուծումը: Արբիտրաժի զարգացումը ներառված է եղել 2012-16 թթ. դատաիրավական համակարգի ռազմավարական ծրագրում, նախորդի մեջ էլ է եղել, բայց դեռևս լուրջ ձեռքբերումներ չունենք:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս