Ռուսաստանն այլևս չի լինի բանակցային գործընթացի միակ համակարգող

Շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը բանակցային գործընթացը սառեցված վիճակից դուրս բերելու փորձ էր: Թե որքանով դա կհաջողվի, իհարկե, ցույց կտա ապագան:

Մինչ այդ կողմերը, կարծես, պայմանավորվել են լռություն պահպանել: Բացի պաշտոնական հաղորդագրություններից և ընդհանուր գնահատականից, հանդիպման արդյունքների մասին որևէ բովանդակային հայտարարություն չի եղել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ միջնորդների կողմից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած մամլո հաղորդագրությունն ընդամենը հանդիպման արդյունքների ընդհանուր ձևակերպումներ է պարունակում:

«168 Ժամի» հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ռուսական «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը հայտնեց, որ կողմերը նախապես պայմանավորվել էին հանդիպման արդյունքների վերաբերյալ բովանդակային մեկնաբանություններ չանել, և այն տեղեկությունը, որ հայտնվել է ԶԼՄ-ներում, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է. «Դա նշանակում է, որ ի սկզբանե հասկանալի էր, որ առավելագույնը, ինչ կարելի է սպասել, դա կարծիքների փոխանակումն է: Ավելի լուրջ որոշումներ, եթե դրանք երբևէ ձեռք բերվեն, թողնվել են հաջորդ հանդիպումների շրջանակներում քննարկելու համար: Թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, այդ հարցը դեռ բաց է»:

Ա.Վլասովը նկատեց, որ առանձնահատուկ սպասումներ փարձագետներն այս հանդիպումից չունեին, այսինքն` կոնկրետ արդյունքի սպասում, որը կնշանակեր տեղաշարժ` հակամարտության լուծման ճանապարհին: Կարևորելով հանգամանքը, որ հանդիպումն անցել է նորմալ ռեժիմով, այսինքն, ըստ ամենայնի, կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը, քաղաքագետն ընդգծեց, որ այստեղ էական է, որ այդ երկխոսության հանդիպումների հաճախակիությունն ավելին լինի, քան անցած 1.5 տարում էր, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների և ինտենսիվ երկխոսության բացակայությունը հավելյալ լարվածություն է ստեղծում Երևանի և Բաքվի միջև:

Կարդացեք նաև

«Եթե հաջողվել է համաձայնություն ձեռք բերել` հաջորդ հանդիպումն առաջիկա 1.5-2 ամսում անցկացնել, կարծում եմ, դա արդեն միջնորդների հաջողությունն է: Դա նշանակում է, որ սառած բանակցային գործընթացը կբերվի ավելի դինամիկ վիճակի»,- նշեց Վլասովը:

Շրջանառվող լուրերը, որ Ալիևը դժգոհ ու տխուր է դուրս եկել հանդիպումից, Վլասովին անծանոթ էին. «Թե ով է գոհ կամ դժգոհ դուրս եկել, ես նման տեղեկություն չունեմ»:
Ուշագրավ է, որ սեպտեմբերի 3-ից հետո փոփոխված քաղաքական իրավիճակում Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացել է Վիեննայում: Այս դիտարկմանն ի պատասխան` Վլասովը նշեց, որ դա միջնորդների համերաշխ նախաձեռնության արդյունքն էր, իսկ Վիեննայի ընտրությունն այստեղ «փոխզիջումային» տարբերակ էր Մինսկի խմբի տարբեր ներկայացուցիչների միջև: Բայց դա, ըստ քաղաքագետի, չի նշանակում, որ առաջիկայում Եվրամիությունը կդառնա այս գործընթացի գլխավոր համակարգող: Նրա կարծիքով` ավելի շուտ կլինի կոմբինացված տարբերակ, երբ յուրաքանչյուր համանախագահ պարտավորություն կստանձնի հաջորդ հանդիպման համար:

«Այսինքն՝ ֆորմատը, երբ Ռուսաստանը Մեդվեդևի ժամանակ գործընթացի միակ համակարգողն էր, հիմա գործնականում, կարծում եմ, դա չի լինի: Միջնորդները կհամատեղեն տարբերակները, երբ և՛ Ռուսաստանը, և՛ Մինսկի խմբի մյուս անդամները կկարողանան բանակցային գործընթացի այս կամ այն փուլում որպես գլխավոր համակարգող հանդես գալ»,- նշեց Ա.Վլասովը:
Վաշինգտոնաբնակ քաղաքագետ, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ Արմեն Խարազյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ այսպիսի հանդիպումներ շատ են եղել ու անցել, բայց քանի որ հիմա Հայաստանի դիմադրողականությունն առավել ցածր է, չի բացառվում, որ Հայաստանին կփորձեն պարտադրել կարգավորման զանազան տարբերակներ:

«Ինչպիսի բնույթ ու միտվածություն կունենան այդ բանաձևերը, դժվար է ասել` Երկու բան է պարզ՝ չեմ ակնկալում ավելի նպաստավոր տարբերակ, քան մինչև այժմ առաջարկվածները, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կընդունի հակամարտության լուծման որևէ այնպիսի տարբերակ, որն արդեն մեկ անգամ մերժել է»,- ասաց Ա.Խարազյանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս