Խաչիկ Մանուկյան. «Ձվի բարձր գները վերավաճառողների կողմից արհեստական թանկացման հետևանք են»
Վերջին շրջանում հայկական շուկայում ձվի գնի բարձրացում և դեֆիցիտ է նկատվում, որի մասին մեզ ահազանգել էին թե՛ Երևանի, թե՛ որոշ մարզերի բնակիչներ: Այս մասին զրուցեցինք «Մաքս կոնցեռնի» հիմնադիր-սեփականատեր (Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա), ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ:
– Պարոն Մանուկյան, ինչո՞վ են պայմանավորված ձվի թանկացումն ու դեֆիցիտը:
– Թանկացման խնդիր հիմա չի բարձրացվում: Ձվի միջին գինը 60-70 դրամ է, իսկ ավելի բարձր գները վերավաճառողների կողմից արհեստական թանկացման հետևանք են: Կա ձվի բացթողնման մի գին: Եթե ես «x» օբյեկտին այդ գնով տամ, պիտի մյուսին էլ նույն գնով տամ, չեմ կարող տարբերություն դնել: Ձվի տարբեր չափսեր և տեսակներ կան, և ամեն մեկն իր գինն ունի: Այսինքն` այսօր ձվի թանկացման խնդիր չկա, բայց կա մտահոգություն, որ կարող է թանկանալ, քանի որ դեֆիցիտ կա:
– Որո՞նք են դեֆիցիտի պատճառները:
– Մեզ մոտ վերջին երեք-չորս տարին է սկսվել ձվի դեֆիցիտ առաջանալ: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Դա հիմնականում տնտեսական ռեսուրսների հետ է կապված` տնտեսական ճգնաժամ, հումքի գնի բարձրացում, բացի այդ` պահանջարկն այսօր ավելի շատ է, քան առաջարկը, և այլն: Մեզ մոտ դեռևս շարունակվում է տնտեսական ճգնաժամը, և այս պայմաններում դյուրին չէ արտադրություն կազմակերպելը: Ամբողջ տարվա մեջ կա երկու պիկ շրջան` Ամանոր և Սուրբ Զատիկ:
Այս երկու դեպքում սովորաբար ձուն երկու անգամ ավելի շատ է վաճառվում: Ստիպված ձուն ներկրում ենք: Այս դեպքում ձվի գինը 60 դրամից միանգամից դառնում է 120-150 դրամ: Բոլորը սկսում են փող աշխատել ձվի վաճառքի մեջ` բացի ֆաբրիկաներից: Առաքիչն իր համար է աշխատում, վերավաճառողը` իր, խանութի աշխատողը` իր: Բայց երբ դուրս ենք գալիս այս շրջանից, ձվի գինը կտրուկ նվազում է: Արտադրված ձուն սկսում է ավելանալ: Այդ իսկ պատճառով նորից Ամանորի և Զատկի նախորդ ամիսներին սկսում են քիչ ձու արտադրել, որպեսզի ավելացած ձուն կարողանան վաճառել: Այդպես առաջանում է դեֆիցիտ:
– Այս պահին ածանների պակաս կա՞ Հայաստանում:
– Այո, այս պահին կա: Իմ հաշվարկներով՝ մինչև տարվա վերջ մոտավորապես 10 միլիոն ձու պիտի ներկրվի: Բայց նաև նշեմ, որ 2007-2009 թվականներին Եվրոպայում լավագույններից մեկն էինք, հասել էինք Բելգիայի մակարդակին. մեզ մոտ արտադրվել էր մոտ 700 միլիոն ձու, և մեկ շնչին հասնում էր մոտ 270 հատ ձու:
– Որքանո՞վ են իրենց արդարացնում ներկրված ձվերը, այսինքն` պահպանման ժամկետի հետ կապված և այլ խնդիրներ չե՞ն առաջանում:
– Ձու ներկրում ենք աշխարհի տարբեր երկրներից` Բուլղարիայից, Ռումինիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Թուրքիայից, և այլն: Չգիտեմ՝ որքանո՞վ են իրենց արդարացնում այդ ձվերը, համենայնդեպս, կան լաբորատորիաներ, որտեղ ձվերը նայվում են, ստուգվում, հսկվում են: Բայց ավելի լավ կլինի տեղում արտադրել և հրամցնել ժողովրդին: Մեր երկրում կան նաև այն պայմանները, որոնք թույլ կտան արտադրություն իրականացնել, Հայաստանը հնարավոր է այդ իմաստով ինքնաբավ շուկա դարձնել:
– Հայտնի է, որ Հայաստանը թռչնակերի մոտ 85%-ը ներկրում է արտերկրից: Ինչո՞ւ տեղական արտադրողներն այդ գումարները չեն տրամադրում սահմանամերձ գոտիներում կերի ցանքատարածությունների ավելացմանը, մանավանդ, երբ անհրաժեշտ պայմանները կան մեր երկրում:
– Ես մի ծրագիր եմ մշակել, որը պատրաստվում եմ ներկայացնել կառավարությանը: Այդտեղ բարձրաձայնվում են ոլորտին առնչվող խնդիրները: Ծրագիրը ենթադրում է տեղական արտադրության աճ, գործազրկության նվազում, գյուղական բնակչության տնտեսական ակտիվության բարձրացում՝ մասնավորապես սահմանամերձ շրջաններում, տնտեսական զարգացման անհամաչափության նվազում Երևանի և մարզերի միջև, և այլն:
Հիմա մենք առաջարկում ենք երեք-չորս տարվա ընթացքում ներդրում անել և ավելացնել արտադրանքի քանակը, այսինքն` եթե մի բան կարող ենք արտադրել, ինչո՞ւ չարտադրել: Մենք մոտավորապես 52.000 հա հող կարող ենք մշակել. առաջարկում ենք ներմուծման ճանապարհի վրա ծախսվող մոտ 24 միլիոնը տալ կոնկրետ գյուղացուն, այսինքն` սուբսիդավորել գյուղացուն: Գյուղացին կցանի, կմշակի այդ հողը, արտադրանքն էլ կտա մեզ:
Բնականաբար, սրանով մի շարք մարդկանց գործազրկության հարցն էլ է լուծվում, քանի որ այդ գումարի մեջ աշխաավարձ էլ կա: Մոտավորապես 4000 աշխատատեղ է բացվում, և, եթե ամեն մի աշխատող ստանա 100-120 հազար դրամ աշխատավարձ, ապա նորմալ կպահի իր ընտանիքը: Այսինքն՝ նպատակն է՝ ստաբիլիզացնել վաճառքի գները, որպեսզի սպառողն ամեն օր մի նոր գնի չհանդիպի: Երբ տեղական արտադրություն չկա, գումարը երկրի ներսում չի շրջանառվում, չի լինում ապրանքի որակ, բիզնեսի շարունակություն չի լինում, մարդկանց վիճակն ավելի վատ է լինում: Հարկավոր են ընդամենը լուրջ տնտեսվարողներ, որ նստեն հաշվեն, մտածեն այս երկրի զարգացման մասին:
– Ամանորին սպասվո՞ւմ են թանկացումներ, ձվի դեֆիցիտ:
– Աշխատում ենք, որ նման բան չլինի: