Վահան Հովհաննիսյան. Մաքսային միությունը պետք է իր տարածքը «լցնի» հայկական կրթօջախներով
Նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ պետությունների համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտի հետ համատեղ նիստի ընթացքում ռուս պատգամավորները դժգոհել էին, թե Հայաստանում` Մաքսային միության անդամ-պետությունում, ռուսաց լեզուն երկրորդական է, հատուկ կարգավիճակ չունի:
168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իր համար ընդունելի է ռուս պատգամավորների պահանջը՝ Հայաստանում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին:
«Ցանկացած ինտեգրացիոն պրոցեսների մեջ լեզուների կարևորությունը` ազգամիջյան շփման, տնտեսական ոլորտում՝ կարևոր է, և միասնական դարձնելու առումով որոշ քայլեր կատարվում են: Այսինքն՝ զարմանալի չէ դա: Եվրոպայում էլ անգլերենն է միասնական լեզու, այն դեպքում, երբ Անգլիան ամենից քիչ ներգրավվածն է Եվրամիության մեջ: Հասկանալի է, որ Մաքսային միության տարածքում նման դեր կարող է խաղալ ոչ թե հայերենը կամ ղազախերենը այլ` ռուսերենը: Բայց Եվրոպայում կան նաև ուրիշ բաներ, որոնք պետք է ընդօրինակել. բոլոր անդամ-պետությունների լեզուները բոլորի համար արժեք են»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Մեջբերելով այն հայտարարությունները, թե Ռուսաստանում ապրում է 2 կամ 2.5 մլն հայ, նա շեշտեց, թե Մաքսային միությունը պետք է ապագայում այնտեղ ապրող հայերի համար ապահովի հայկական դպրոցներ, Մաքսային միության տարածքը «լցնի» հայկական կրթօջախներով. «Այդ երկրներում պետք է մայրենի լեզուն չմոռանալու հնարավորություն տրվի: Եվ այս ճանապարհը միակողմանի չէ: Այսինքն` միայն Հայաստանում չէ, որ ռուսերենը պետք է զարգանա: Անշուշտ, մեր լեզուն պետք է ապահովվի ամբողջ տարածքում»:
Ուստի Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, ոչ միայն «սխալ չէ» Մաքսային միության տարածքում ռուսերենը զարգացնել, այլև` «բնական է»:
Նա նշեց նաև, թե օտար լեզվով խոսելը չի նշանակում ազգային արժանապատվությունը մի կողմ դնել: Ըստ Վահան Հովհաննիսյանի` եթե կա հնարավորություն զրուցակցին բացատրելու որևէ միտք իր լեզվով, ապա պետք է օգտվել դրանից:
«Հիմա այնտեղ, որտեղ ես կարող եմ իրենց լեզվով բացատրել, խոսում եմ այդ լեզվով` կլինի անգլերե՞ն, թե՞ ռուսերեն: Ինչո՞ւ խոսեմ թարգամանիչով, ով մեծ մասամբ կեսը սխալ է թարգմանում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին խոսք լինել չի կարող: Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ռուսաստանը չի պահանջի, ասենք, խորհրդարանական քննարկումները ռուսերենով անցկացնել, նա պատասխանեց. «Ոչ»: