Նիկոլ Փաշինյանը Լեոնիդ Սլուցկուն հորդորել է Հայաստանը չհամեմատել Կալինինգրադի հետ
Երեկ Երևանում կայացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտի հետ համատեղ նիստ, որի ընթացքում ընդունվեց համատեղ հայտարարություն: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ և ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահներն ու անդամները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի համեմատությանը Հայաստանի և Կալինինգրադի մարզի միջև, հորդորեց չհամեմատել ՀՀ-ն Կալինինգրադի հետ` նշելով, որ դա ցավոտ է հայ հասարակության համար:
«Այստեղ խոսք գնաց Հունաստանի և Կալինինգրադի մասին: Ես ուզում եմ անդրադառնալ միայն խնդրի քաղաքական ասպեկտին: Ուզում եմ, որ մեր ռուս գործընկերներն իմանան, որ Հայաստանի հանրության, քաղաքացիական հասարակության շրջանում շատ ցավոտ է ընկալվում, երբ ՀՀ-ն, որևէ համատեքստում համեմատվում է Կալինինգրադի մարզի հետ: Սա կապված է իհարկե անցյալի ոչ այնքան բարի հուշերի հետ, և ՀՀ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը կարիք ունի այնպիսի շեշտադրումների, որոնք կընդգծեն, որ ՌԴ քաղաքական և տնտեսական վերնախավը խորը հարգանքով է վերաբերում ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և պետականությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լեոնիդ Սլուցկին էլ շտապեց հանսգտացնել, որ համեմատության մեջ վիրավորական որևէ տարր չկա` նշելով. «Մենք ամեն ինչ անում ենք, որ Կալինինգրադը զգա իրեն Ռուսաստանի Դաշնության մաս: Համեմատել Հայաստանին Հունաստանի կամ Կալնինգրադի միջև… այստեղ վիրավորական ոչինչ չկա: Համեմատությունը երկրաչափական առումով է արվում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռուս պատգամավորներից մեկի հնչեցրած այն համոզմունքին, թե ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդական նշանակություն ունի և շեշտեց, որ Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները իր համար տարակուսելի են: «Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ Հայաստանում խորը և մեծ հարգանք կա ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի վերաբերյալ: Բայց այստեղ արվեց շեշտադրում, որը տարակուսանքի տեղիք է տալիս. ակնարկվեց, որ Հայաստանում ռուսերենը պետական կամ հատուկ կարգավիճակ չունի: Պետք է նշել, որ հատուկ կարգավիճակ ՀՀ-ում չունեն ինչպես անգլերենը, ինչպես ֆրանսերենը, գերմաներենը, այնպես էլ մի շարք այլ լեզուներ: Եթե նման շեշտադրումներ եք անում, որ ռուսաց լեզվին Հայաստանում պետք է հատուկ կարգավիճակ տրվի, դա էականորեն կնվազեցնի ՄՄ իմիջը Հայաստանի քաղաքացիների աչքում»:
Նա նաև մեջբերեց ռուս պատգամավորների տեսակետներից մեկը և նշեց. «Խոսվում է տնտեսական բաղադրիչի մասին և հետսովետական տարածքի մասին, զեկուցողն էլ խոսեց բյուզանդական ժառանգության մասին: Հետսովետական հասկացությունը, բյուզանդական ժառանգություն հասկացությունը որոշակի ասոցիացիաներ են ունենում հայ հասարակության համար: Սովետական միության ժամանակ մշակութային հաջողություններ ենք ունեցել, բայց լուրջ խնդիրներ են եղել հենց մարդու իրավունքների հետ կապված, Հայաստանի անկախության մասին խոսողները հայտնվել են բանտում, և ի վերջո հայ ժողովրդի մտավոր էլիտայի սպանդ է տեղի ունեցել ԽՍՀՄ ժամանակներում»: Նա նշեց նաև, թե որևէ մեկը կասկածի տակ չի դնում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, բայց, շեշտեց, թե ցավոք, հայ-ռուսական հարաբերությունները «ասողիկ և լսողիկ հարաբերություններ են»:
Ի դեպ, ԱԺ պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն են դեմ քվեարկել ընդունվող համատեղ հայտարարությանը: Նիստի ներկա մյուս բոլոր պատգամավորները` ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը, ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, կողմ են քվեարկել, Ալեքսանդր Արզումանյանն էլ թեպետ առաջարկել էր հետաձգել հայտարարության ընդունումը` դրանում փոփոխություններ կատարելու նպատակով, այնուամենայնիվ, ևս կողմ է քվեարկել: