Բաժիններ՝

Հայաստանը հաղթահարել է համաշխարհային ճգնաժամը, բայց ոչ աղքատությունը. ՀԲ ներկայացուցիչ

Հայաստանը հաղթահարել է համաշխարհային ճգնաժամը: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին՝ որպես ապացույց ներկայացնելով մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որը 2008 թ. 3400 դոլար էր, իսկ 2012-ին՝ 3700 դոլար: Միաժամանակ Քերալին փաստեց, որ ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել աղքատության մակարդակը, որը մեծ փոփոխություն չի կրել և մեր երկրում երեքից մեկն ապրում է աղքատության գծից ներքև:

Նշենք, որ ՀԲ տվյալներով՝ 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի գերազանցել 2008 թ. նախաճգնաժամային ցուցանիշը։ Մեր հարցին, թե այդ պարագայում ինչպե՞ս է ավելացել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, ինչպե՞ս է դա ստացվում, ՀԲ ներկայացուցիչը պտասխանեց, թե դա մեթոդաբանության և փոխարժեքի տատանման արդյունք է, քանի որ այն ժամանակ դոլարը կտրուկ արժեզրկվեց:

«Համաշխարհային բանկի տեսանկյունից՝ ՀՀ-ն միջին եկամուտ ունեցող երկիր է, ոչ աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում է, ոչ էլ՝ ամենահարուստ երկրների, իսկ դա նշանակում է, որ որոշակի խնդիրներ կան, որոնց ուղղությամբ դեռևս ՀՀ-ն պետք է առաջընթաց ապահովի: Եվրոբոնդերի թողարկումը նշանակում է, որ երկիրը հասել է այնպիսի մակարդակի, որ կապիտալի շուկաները վստահում են երկրին: Փաստորեն, կապիտալի շուկա մուտքը ՀՀ համար բավականին մեծ նշանակություն ունի, քանի որ աղքատ երկրները չեն կարող կապիտալի շուկա մուտք գործել»,- ասաց Քերալին:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ն պետք է ներդրումային և բիզնես միջավայրը բարելավի, որը դեռ ցանկալի մակարդակի չէ, արտաքին ներդրումների համար պետք է պայքարել, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն, կարողանում են խթանել տնտեսությունը, ստեղծում է մրցակցություն, որը բերում է գների նվազման, «մենք ունցել ենք ՀՀ-ում դեպքեր, երբ գները թելադրվում են»:

Կարդացեք նաև

Քերալին նշեց, որ ՀԲ կանխատեսումով՝ 2013թ-ին ՀՀ-ում կլինի 3-4% աճ և սա պետք է նայել համաշխարհային աճի կոնտեքստում, որը 2.9% է կազմում: Օրինակ՝ Ռուսաստանը բավականին շատ բնական ռեսուրսներ ունի, բայց այս տարի 2.5% աճ կունենա. «Համաշխարհային անցուդարձերն ազդում են ՀՀ վրա: Հաջորդ տարվա համար մենք գնահատումը դեռ չենք ավարտել, բայց նախնական մոտ 4-5% կլինի»:

Քերալին հրաժարվեց մեկնաբանել, թե ինչն է եղել ՀՀ-ում «Կարֆուր» ցանցի առաջին հիպերմարկետի բացումը հետաձգելու պատճառը, նշելով, որ ՀԲ-ում գիտեն իրավիճակի մասին. «Չենք կարող կարծիք հայտնել մասնավոր ձեռնարկության մասին: Ամեն դեպքում, մեր կարծիքով, սա մրցակցության ոլորտին է առնչվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս