Բաժիններ՝

Դեպի անապահով Ռուսաստան

Մինչ հայ հանրության ուշադրությունը զբաղված էր կենսաթոշակային «բարեփոխումների» և հաջորդ տարվա բյուջեի քննարկումներով, Ռուսաստանում հնչեց մի հայտարարություն, որը մտահոգվելու մեծ տեղիք է տալիս մեր երկրի տնտեսական ապագայի առումով` երկարաժամկետ հեռանկարում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից։ Իսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո այդ կախվածությունն ավելի կխորանա։ Այսինքն` Ռուսաստանի տնտեսական զարգացումներն ու վայրիվերումներն անմիջական ու խոր ազդեցություն են ունենալու նաև Հայաստանի վրա։ Իսկ ի՞նչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանն առաջիկա 10-20 տարում։ Միանգամից ասենք` ոչ ամենափայլուն ժամանակները։ Ռուսաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը մինչև 2020 թվականը կկազմի 3.1%, 2020-2025 թվականներին` 2.5%, իսկ 2026-2030 թվականներին` ավելի քիչ` 1.8%։ Եթե դեռ այս տարվա մարտին ՌԴ տնտեսական հեռանկարների մասին խոսելիս` առանցքային տերմիններն էին «ինովացիաները» և «ներդրումները», ապա այժմ այդ բառերը ետին պլան են մղվել` տեղը զիջելով պահպանողական սցենարին։

Իսկ հիմա` ամենաուշագրավը։ Այս հոռետեսական կանխատեսումների հեղինակը ոչ թե Ռուսաստանի «լավը չուզող» միջազգային կառույցներն ու անկախ փորձագետներն են, այլ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Այսինքն` խոսքը պաշտոնական կանխատեսումների մասին է, որոնք հնչեցրել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։ Իսկ երբ պաշտոնական կանխատեսումն է այսպիսին, ուրեմն վիճակն իրոք լուրջ է։

Սա այն դեպքն է, երբ լրագրողները պետական պաշտոնյային մեղադրել են ոչ թե`չափից դուրս լավատես, այլ` չափից դուրս հոռետես լինելու մեջ։ Ինչին Ուլյուկաևը պատասխանել է. «Ուրախանալ պետք է մեկ այլ տեղ»։ Ավելին, նախարարն անկեղծացել է Պետդումայի պատգամավորների մոտ և հայտարարել, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է իր ամենավատ վիճակում` 2008 թվականի ճգնաժամից ի վեր։ «Ինձ թվում է, որ վերջին 5 տարվա ընթացքում այսպիսի անբարենպաստ վիճակ չի եղել»,- ասել է նա։

Նվազման ուղղությամբ վերանայվել են գրեթե բոլոր ոլորտներին առնչվող կանխատեսումները։ Նվազեցվել են պետական ներդրումների, օտարերկրյա ներդրումների, առևտրի ծավալների, արդյունաբերության, բնակչության իրական եկամուտների աճի կանխատեսումները։

Կարդացեք նաև

Այս ամենի արդյունքում` Ռուսաստանի տնտեսության աճի տեմպը ետ կմնա համաշխարհային միջինից, իսկ ՌԴ տեսակարար կշիռը համաշխարհային արդյունաբերության մեջ կնվազի։ Իսկ ինչպե՞ս սա կազդի Հայաստանի վրա` դժվար չէ ենթադրել։ Ի վերջո, ՀՀ պետական բյուջեի ռիսկերի կանխատեսման մի առանձին գլուխ նվիրված է ՌԴ-ից եկող ռիսկերին` պայմանավորված վառելիքի համաշխարհային գների փոփոխություններով և այլ գործոններով։

ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումն էապես ազդելու է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալի, երկկողմ առևտրաշրջանառության վրա (հատկապես` Հայաստանից Ռուսաստան արտահանման մասով)։ Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ ներդրումների մասին խոսելը միամտություն կլինի, քանի որ ներդրումների կարիք, առաջին հերթին, զգալու է հենց Ռուսաստանի տնտեսությունը։

Հիմա այս տխուր հեռանկարը համադրենք Հայաստանի հետ։ Ինտեգրվելով մի տնտեսական տարածքի, որի գլխավոր խաղացող ՌԴ-ում տնտեսական աճը տարիներ շարունակ տատանվելու է 2-3%-ի շրջանակներում, կարելի՞ է արդյոք հուսալ, որ Հայաստանում տնտեսական աճը կլինի 5-7%, ինչպես հայտարարում են Հայաստանի իշխանությունները։ Մինչդեռ զարգացած երկրներին գոնե փոքր-ինչ մոտենալու համար անգամ 5-7% տնտեսական աճը բավարար չէ։ Այսինքն, եթե հավատանք ՌԴ կանխատեսումներին, ապա Մաքսային միություն մտնելով` ՀՀ-ն էապես նվազեցնում է զարգանալու բոլոր հնարավորությունները։

Այլ կերպ ասած` ոտք է դնում տնտեսական ճահճի մեջ, որտեղից դուրս գալը բավականին դժվար է լինելու և կախված` ոչ թե մեզնից, այլ` արտաքին գործոններից։ Իսկ թունելի վերջում լույս կա՞։

Ուլյուկաևը, լրագրողների այս հարցին ի պատասխան` ասել է` այո, եթե իրականացվեն լուրջ ենթակառուցվածքային բարեփոխումներ։ Դատելով, սակայն, կանխատեսումներից, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության փորձագետները չեն ակնկալում, որ Ռուսաստանում այդպիսի բարեփոխումներ հնարավոր են առաջիկա տարիներին։

Միակ դրական բանն այս ամենի մեջ այն է, որ Ուլյուկաևը կարող է անկեղծության օրինակ լինել Հայաստանի իշխանությունների համար, որոնք սովորաբար տհաճ ցուցանիշների մասին գերադասում են լռել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս