Տուժողների ներկայացուցիչը միջնորդում է ամբաստանյալներին դատապարտել սպանության հոդվածով
«Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց գործով ամբաստանյալներին դատապարտել սպանության համար, որը կատարվել է առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով):
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող այսօրվա նիստում բոլոր տուժողների անունից ճառով հանդես եկող տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով՝ նախաքննությունն իրականացվել է բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքների և օրենքների պահանջների անտեսմամբ. «Դրա մասին են վկայում, ըստ էության, մեկ գավաթ սուրճի շուրջ իրականացված բազմաթիվ հարցաքննություններ, որոնք բովանդակային առումով էական տեղեկություններ չեն հաղորդում մեզ: Դրանցով պարզ է դառնում, որ քննիչներն ուղղակի չեն էլ փորձել պատշաճ ջանասիրություն դրսևորել հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտման գործում»,- հայտարարեց նա:
Տուժողների ներկայացուցչի խոսքով՝ չեն իրականացվել անհրաժեշտ դատավարական գործողություններ: Այդ ամենի հիման վրա, ըստ Տ. Եգորյանի, ձևավորվեց այն հիմնավոր կասկածը, որ իրականում ամեն ինչ արվում է նախաքննության շրջանակները սահմանափակելու և հանցագործության բացահայտումը միայն այս կամ այն ցուցմունքում արդեն իսկ առկա անձանց շրջանակներով սահմանափակելու համար: Տուժողների ներկայացուցչի գնահատմամբ՝ մեկ տարուց ավելի տևած դատաքննությունը չապահովվեց նախաքննության թերությունների շտկումը:
Տ. Եգորյանը ասաց, որ իրենք կասկածներ ունեն, որ ամբաստանյաները չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ: «Ամեն գնով փորձ էր արվում հնարավորին մեծ տարածություն ապահովել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միակ սեփականատեր, հայտի հայաստանյան օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի և տեղի ունեցած հանցագործության միջև, որի անկյունաքարն էր վերջինիս և նրա թիկնազորի անդամներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի և ըստ երևույթին վարորդ Արթուր Բաբլոյանի միջև կապի ոչնչացումը, ինչը կատարվեց վերջիններին վերոնշյալ ռեստորանային համալիրի աշխատակիցներ ներկայացնելու միջոցով:
Հանգամանքն առավել արժանահավատ դարձնելու համար ստեղծվեցին կեղծ աշխատանքային պայմանագրեր վերջիններիս և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջև: Ամբաստանյալների՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ հանդիսանալու հանգամանքը կամ առնվազն դրա հիմնավոր կասկածը գնալով խորացավ այդ կապակությամբ մամուլում հայտնված բազմաթիվ հրապարակումների և հրապարակված լուսանկարների շնորհիվ, ինչպես նաև նախաքննության նյութերը մեզ հասանելի դառնալուց հետո վերոնշյալ կեղծված աշխատանքային պայմանագրերում և մեղադրյալների ցուցմունքներում առկա ստորագրությունների պարզ համադրությամբ, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ այդ ստորագրությունները էապես տարբերվում են գործում առկա նրանց իրական ստորագրություններից»,- իր ճառում ասաց Տիգրան Եգորյանը:
Ըստ նրա՝ ամբաստանյալների նախաքննական ցուցմունքներն ավելի էին հիմնավորում կասկածները, որ ամբաստանյալները չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ:
Անդրադառնալով ամբաստանյալների կողմից հանցագործության կատարմանը մասնակցելու փաստերին և ապացույցներին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ դրանց համար կան և´ ուղղակի, և´ անուղղակի ապացույցներ:
Նրա տեղեկացմամբ՝ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության մարմիններին իրենք ներկայացրել են 20-ից ավելի միջնորդություններ: Սակայն նախաքննական մարմիը, նրա խոսքով, այդ միջնորդությունները մերժել էր ամբողջությամբ.
«Դատարանը հաշվենկատորեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պատրանք ստեղծելու նպատակով մոտ մեկ տարի դրանց քննությունը հետաձգելուց հետո բավարարել էր դրանց մի մասը միայն՝ մերժելով դրանցից առավել էականները, որոնք թույլ կտային բացահայտել հանցագործության իրական պատկերը և իրական մեղավորներին»:
Տիգրան Եգորյանի խոսքով՝ գործով ամբաստանյալների արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն, որը կատարվել է առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով):
Տ. Եգորյանի խոսքով՝ սույն քրեական գործով մեղադրողը պետք է վերջապես դրսևորի որոշակի «խիզախություն» և դեմ գնա տարբեր տեսակի ճնշումներին՝ դատարան ներկայացնի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:
«Տուժող կողմը գտնում է նաև, որ մեղադրողի կողմից նման խիզախություն չդրսևորելու պայմաններում դատարանը պետք է կայացնի գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալների փաստացի կատարած արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը և բխում գործում առկա ապացույցներից, քանի որ ամբաստանյալների փաստացի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին: Հետևաբար՝ միջնորդում ենք սույն քրեական գործով մեղադրողին դատարան ներկայացնել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:
Հետևաբար՝ միջնորդում ենք սույն քրեական գործով մեղադրողին դատարան ներկայացնել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Միաժամանակ դատարանին միջնորում ենք կայացնել գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալների փաստացի կատարած արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը և չի բխում գործում առկա ապացույցներից, քանի որ ամբաստանյաների փաստացի կատարած արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներին»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողների ներկայացուցչից հետաքրքրվեց՝ արդյոք այդ միջնորդությունները պետք է քննվե՞ն դատարանի կողմից, ինչին ի պատասխան Տ. Եգորյանն ասաց, թե դատախազին ուղղված միջնորդությունը չպետք է քննվի:
Դավիթ Հարությունյանը նաև հետաքրքրվեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածով է դատարանին միջնորդություն ներկայացնում: Որոշ ժամանակ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան հոդվածը փնտրելուց և ուսումնասիրելուց հետո Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ վրիպակ է տեղի ունեցել: Ըստ նրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի այն կետը, որը նախատեսում էր գործը մեղադրողին վերադարձնելը, ճանաչվել է հակասահմանադրական:
Դատարանին ուղղված միջնորդությունը տուժող կողմը չներկայացրեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ճառով հանդես կգան ամբաստանյալների պաշտպանները: