Բաժիններ՝

ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կոչնչանա Մարց գյուղի, առանց այդ էլ՝ արդեն առու դարձած գետը (լուսանկարներ)

Բնապահպանները փակել էին Երևան-Վանաձոր ճանապարհը

Լոռու մարզի Մարց գյուղին սպառնացող վտանգն անհանգստացնում է ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև քաղաքացիական հասարակության լայն շերտերին։ Նոյեմբերի 17-ին Երևանից և Վանաձորից մի խումբ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Մարց գյուղ՝ սատարելու և իրենց աջակցությունը ցուցաբերելու գյուղի բնակիչներին։ Այցի կարևոր նպատակներից մեկը գյուղացուն իր իրավունքներին ու դրանց համար պայքարի օրինական միջոցներին ծանոթացնելն էր:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Մարցի բնակիչները պայքարում են, որպեսզի թույլ չտան Մարցագետում կառուցել 3-րդ հէկ-ը։ Մի քանի ամիս առաջ  բնակիչների կողմից կասեցվել էր հէկ-ի շինարարությունը։ Բնակիչները ձորն էին նետել գետի համար նախատեսված խողովակները։ Բնակիչներից շատերին գյուղի «լավ տղաները» փորձել են վախեցնել, որպեսզի չխոչընդոտեն հէկ-ի կառուցմանը։ Նրանցից մեկը՝ Վաչո անունով մի գյուղացի, վախեցրել էր գյուղացիներին և հայտարարել, որ հէկ-ը պետք է կառուցվի։

Marc-HEK1

Կարդացեք նաև

Marc-HEK18

Marc-HEK17

Marc-HEK16

Քաղաքացիները Մարցում հանդիպեցին նաև այդ նույն Վաչոյին ու իր ընկերներին, ովքեր կողմ են հէկ-ի կառուցմանը։ Նրանք փորձեցին վիճաբանության մեջ մտնել քաղաքացիների հետ ու պահանջել, որ իրենց գյուղի գործերին չխառնվեն. «Հիմի դուք եկել ու կարծի՞ք եք ուզում փոխել…»,- ասում էր Վաչոն։ Տղաներից մեկը, ով նախկինում դեմ էր հէկ-ի կառուցմանը, այսօր արդեն կողմ է։ Բանն այն է, որ հէկ-ի սեփականատերը խոստացել է գյուղին ֆինանսապես աջակցել, ստեղծել աշխատատեղեր, փողոցները լուսավորել, ջրամբարներ կառուցել։

Marc-HEK14

Marc-HEK13

Marc-HEK12

Marc-HEK15

Քաղաքացիական խմբերը կազմակերպեցին նաև իրազեկման երթ։ Հնչում էին կոչեր՝ ուղղված  գյուղացիներին։ «Մենք իրազեկման երթ ենք անում։ Գիտենք, որ ձեր գյուղը հերոսական գյուղ է, մենք կոչ ենք անում միանալ մեզ և գնալ ու կասեցնել շինարարությունը»,- հայտարարում էր բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը։

Մարցի բնակիչների խոսքով, եթե հէկ-ը կառուցվի, ապա իրենք չեն կարողանա զբաղվել անասնապահությամբ, ինչը նրանց եկամտի հիմնական աղբյուրն է, առավել ևս, որ  համայնքն ունի ջրի խնդիր։ Կառուցելու դեպքում հողատարածքներն ու արոտավայրերը կչորանան։

Վալյա Գևորգյան անունով տատիկը ևս իր դժգոհությունն արտահայտեց. «Մի ձուկ չկա, որ երեխան գնա բռնի։ Թոշակառու մարդիկ ենք, մեզնից ի՞նչ են ուզում։ Քանի դեռ այս կառավարությունը կա՝ մենք ոչինչ չենք կարող փոխել»։

Բոլորն էլ իրենց հերթին՝  դժգոհում էին ու իրար հերթ չտալով՝ արտահայտում իրենց բողոքը. «Աշխատանքից հոգնած գալիս ենք, ուզում ենք գետում լողալ, հանգստանալ, դա էլ չեն թողնում անենք»։

Բնակիչները պնդում են, որ ոչ ոք նրանց կարծիքը հաշվի չի առել, արել են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու. «Կառավարության մոտ ո՞վ՝  ի՞նչ կարող է անել։ Մի քանի հեկտար հող ունենք, դա էլ կտանեն կփչացնեն»։

Marc-HEK19

Հիշեցնենք նաև, որ տարածքը բնապահպանական փորձաքննության է ենթարկվել,  և արդյունքում՝ փաստաթղթերը եղել են անթերի, ինչը նշանակել է, որ կարող են հէկ կառուցել։ Դսեղցի Ռազմիկ Էվոյանը համոզված է, որ այդ փաստաթղթային հիմքերը կեղծված են, ապօրինի շինարարություն է կատարվում։ Ռ. Էվոյանը նշում է, որ Դսեղի դաշտավայրերին ևս վնաս է հասցվում։ Դսեղի դաշտավայրերը պետք է ոռոգվեն, բայց, փաստորեն,  ոռոգման ջուրն օգտագործվելու է  հէկ-ն աշխատեցնելու համար։ «Դսեղին ոռոգման ջուր չի մնալու, բոլոր տնտեսություններին վնաս է հէկ-ի կառուցումը»,- ասում է Էվոյանը։

Հովհաննես Ղազարյանն իր հերթին՝ նշում է. «Հէկ-ի կառուցումն անօրինական է, Մարցի բնակիչների ծայրահեղ մեծամասնությունն արդեն տվել է իր անհամաձայնությունն այդ կառուցման վերաբերյալ: Հէկ-ի կառուցման արդյունքում կոչնչանա առանց այդ էլ՝ արդեն առու դարձած գետը, կչորանա անտառաշերտը, որն իր հերթին՝ պահում է դեպի Մարց գնացող ճանապարհը: Արդյունքում, այդ ճանապարհը կդառնա սողանքային գոտի՝ ամեն պահի վտանգելով անցնող մեքենաների ուղևորների կյանքը: Այսքանն արդեն իսկ բավարար է, որ խնդիրը դիտարկվի համապետական մակարդակի, և թույլ չտրվի այդ հէկ-ի կառուցումը»։

Հարցին լուծում տալու համար մոտ 60-70 քաղաքացի երեկ երեկոյան փակեցին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Վանաձոր-Մարց հատվածը։ Դեպքի վայր ժամանեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ղազարյանը, ով տեղյակ չէր հէկ-ի կառուցման մասին։ Մասնակիցները խնդրի մասին տեղեկացրեցին Ա.Ղազարյանին, որն էլ խնդրեց գործի վերաբերյալ փաստեր ներկայացնել և օրենքով սահմանված կարգով գործին ընթացք տալ։

Քաղաքացիների խոսքով՝ սա նախազգուշացում էր պատկան մարմիններին. եթե խնդիրը ողջամիտ ժամկետում լուծում չգտնի, ապա իրենք կդիմեն ավելի կտրուկ ու կոշտ միջոցների։

Նշենք, որ մոտակա օրերին մամուլի ասուլիս կհրավիրվի, որտեղ կքննարկվի Մարցագետի խնդիրը։

ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս