Կենսաթոշակային օրենքների սահմանադրականության հարցը ծեծված է՝ ըստ Վաչե Գաբրիելյանի
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստին ՀՀԿ-ի մասնակցության հարցը ՀՀԿ կուսակցության խորհուրդը չի քննարկել, բոյկոտի որոշումն ընդունել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ խորհրդի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախնական համաձայնություն տալուց հետո ԱԺ-ում բոյկոտվեց արտահերթ նիստը:
«Կարող եմ միայն ենթադրութուն անել, որ սահմանադրականության մասին ծեծված հարցին անդրադառնալու որևէ ցանկութուն չի եղել»,- ասաց Վ.Գաբրիելյանը և խորհուրդ տվեց դիմել խմբակցության անդամներին:
Վ.Գաբրիելյանը հայտարարեց, որ իրավունքի տեսակետից օրենքների փաթեթը քննարկելը «անիմաստ» է, իսկ ընդհանուր բարեփոխումները տաբեր մակարդակներում, հասարակության տարբեր շերտերի հետ քննարկվել են արդեն 10 տարի: Նրա բնորոշմամբ՝ բարեփոխումներն էական փոփոխություն կմտցնեն կենսաթոշակային ապահովման ոլորտում և զգալի նշանակություն կունենան երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ պետությունն այսօր նվազագույն կենսաթոշակի չափը քաղաքական որոշումով է սահմանում, իսկ այս բարեփոխումները քայլ են դա քաղաքական որոշումների դաշտից դուրս բերելու համար: Նա հայտարարեց, թե չի կարող լինել սահմանադրականության խնդիր, քանի որ բարեփոխումներն օրենքով են սահմանված: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ-ում «բովանդակային» քննարկումներ են սպասվում, որովհետև կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված օրենքի նախագիծ է ներկայացված:
«Սա սոցիալական ոլորտի կարևորագույն բարեփոխումներից մեկն է»,- ասաց Ա.Ասատրյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մատնանշեց Եվրոպայի փորձը, որտեղ կենսաթոշակային խնդիրը սուր է, 1 թոշակառուին բաժին է ընկնում 2 աշխատող, մինչդեռ սերունդների համերաշխության համակարգը գործուն է 1:3 հարաբերակցության դեպքում: ՀՀ-ում, ըստ նրա, աշխատող/թոշակառու հարաբերակցությունն այսօր 1:1 է. «Մարդ ինքը պետք է կուտակի իր կենսաթոշակը, սա անխուսափելի է»: Նա բերեց ԱՊՊԱ-ի օրինակը, որը ներդնելուց առաջ նույնպես հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը, իսկ այսօր «դրանից բավարարվածություն կա»: