
Իրանը մշակում է ներքին չվերթների համար նախատեսված նոր ինքնաթիռ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրանցի գիտնականները զբաղված են ներքին ավիաչվերթներ իրականացնելու համար նախատեսված նոր տիպի ուղևորատար ինքնաթիռի մշակմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (IAIO) ղեկավար Մանուչեհր Մանթեքին:
Վերջինիս խոսքերով՝ Iran-141 նոր սերնդի ինքնաթիռը կարող է երկրի ներսում իրականացնել մոտ հեռավորությամբ միջքաղաքային չվերթներ: Մանթեքին ընդգծել է, որ նոր ինքնաթիռի մի շարք բաղադրատարրեր արդեն իսկ մշակվել ու պատրաստվել են իրանական ձեռնարկություններում, իսկ նոր տիպի առաջին ինքնաթիռների հավաքումը բավարար ֆինանսավորման առկայության դեպքում կարող է սկսվել արդեն մինչև ընթացիկ տարեվերջ (մինչև 2014 թվականի մարտի 20-ին):