Կքաղաքականանա՞ կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը

ԱԺ չորս խմբակցությունների կողմից նախաձեռնված արտահերթ նստաշրջանը երեկ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Երեք ժամվա ընթացքում գրանցվել էր 50 պատգամավոր` անհրաժեշտ 66-ի փոխարեն: ՀՀԿ խմբակցությունից գրանցվել էր միայն ԱԺ ղեկավարությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա տեղակալներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, թեև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ իրենք չեն խուսափի ընդդիմության կազմակերպած նստաշրջանին մասնակցելուց: ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ նախապես չէին տեղեկացվել, որ պետք է բոյկոտել նստաշրջանը: Օրինակ, նիստի սկզբում ակնհայտորեն բանից անտեղյակ` նիստերի դահլիճ մտան ՕԵԿ ներկայացուցիչներ Կարեն Բոթոյանը և Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը:

Նրանք տեսնելով, որ դահլիճի յուրայինների հատվածը դատարկ է, միայն օտարների մասում է աշխուժություն, սկսեցին զանգահարել, ու, երևի տեղեկանալով, որ այդ նիստին մասնակցելը տիեզերական մեղք է, անմիջապես դուրս թռան նիստերի դահլիճից:
ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները քառօրյայի սկզբում որոշել էին ստորագրություն հավաքել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, առաջարկելով փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում»:

Ընդդիմադիր պատգամավորների մի մասն առաջարկում է օրենքից հանել «պարտադիր» բառը, այսինքն` կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին աշխատավարձից մասհանումը դարձնել կամավոր: Կամավոր դառնալու պարագայում` այդ օրենքը կմնար թղթի վրա, քանի որ դժվար է գտնել մեկին, ով կամավոր գումարը կվստահի անհայտ հիմնադրամին` 23 տարի հետո մաս-մաս հետ ստանալու պայմանով: Պատգամավորների ավելի իրատեսորեն տրամադրված մասն առաջարկում էր օրենքի կիրառումը հետաձգել մեկ տարով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի կառավարության հետ հասնել փոխզիջումային լուծման:

Մինչ խորհրդարանի դահլիճում տապալվում էր արտահերթ նիստը, ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց էին անում կուտակային թոշակների համակարգի հակառակորդները, ովքեր պահանջում էին փոփոխություն կատարել օրենքում: Նրանց հիմնական մասը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ էին, առավելապես` երիտասարդներ, ովքեր պնդում էին, որ այս օրենքի գործողության դեպքում իրենք զրկվում են զգալի ֆինանսական միջոցներից, և դա կարող է խթանել արտագաղթն այս ոլորտի մասնագետների շրջանում:

Կարդացեք նաև

ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների մի քանի պատգամավորներ միացան ցուցարարներին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բոցաշունչ ելույթ ունեցավ` ընդդեմ կուտակային կենսաթոշակների համակարգի: Ըստ նրա` ներկայումս գործող «սերունդների համերաշխության» համակարգն իր էությամբ ավելի ազգային է, քանի որ զավակները վճարում են ծնողների համար, իսկ կուտակային համակարգը նույնն է` թե` որդին հորը տանի ծերանոց: Ցուցարարներն ավելի կոշտ գնահատական էին տալիս այս օրենքին` այն անվանելով պետական ռեկետ, կամ` ստիպողական դրամահավաք:

Մի փոքր կանգնելով խորհրդարանի շենքի առջև, նաև Արմեն Ռուստամյանի հորդորով, նրանք որոշեցին բողոքի ցույցը շարունակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ, պահանջել, որ ՀՀԿ-ական պատգամավորները գան և մասնակցեն խորհրդարանի նիստին: Երթը Բաղրամյան-Մաշտոց, Ամիրյան փողոցներ երթուղով հասավ կառավարության շենք, ապա նաև` ՀՀԿ գրասենյակի դիմաց:

Ցուցարարներն «Ա-մոթ» էին վանկարկում արտահերթ նիստը տապալած ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, պահանջելով որ ՀՀԿ-ական պատգամավորները մասնակցեն նիստին` ապահովելով, անհրաժեշտ քվորում: Նրանք անընդհատ կրկնում էին, որ եթե ՀՀԿ-ակաները չմասնակցեն նիստին, և այն տապալվի, ապա իրենք դիմելու են պայքարի այլ միջոցների, մասնավորապես` դիմելու են Սահմանադրական դատարան:
Ի վերջո, երկու ցուցարարների ներս թողեցին ՀՀԿ գրասենյակ: Երբ նրանք դուրս եկան, չգիտեին անգամ, թե ում հետ են հանդիպել: Բայց հայտարարեցին, որ իրենք մեկ քայլ առաջ են գնացել իրենց պայքարում: Այդ մեկ քայլը երևի այն է, որ ՀՀԿ-ում իրենց խոստացել են, որ բացատրություն կտան, թե ինչու են բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանը, բացի այդ, վերցնելով պահանջագիրը, հավաստիացրել են, որ այն կքննարկեն:

Ցուցարարները հեռացան ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից` բավարարվելով իրենց արժանացրած ընդունելությամբ: Թերևս բավարարված են նաև ՀՀԿ-ականները, ովքեր համարեցին, որ այդ թղթի կտորը վերցնելով` իրենք ցրեցին ցույցը:
Ինչո՞ւ ՀՀԿ-ականները տապալեցին ԱԺ նիստը. իրականում հանրապետականների մեծ մասը հասկանում է, որ այն դժգոհությունը, որ կա կուտակային կենսաթոշակային համակարգից, միանգամայն արդարացի է: Դա վնասում է ինչպես գործատուներին, այնպես էլ` աշխատողներին: Բայց իրենք չեն կարող խոսել դրա մասին, քանի որ կառավարությունը պնդում է այդ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Իսկ արդարացնել այդ համակարգն իրենք չեն կարող. քանի որ այդպես ավելի կբորբոքեն հանրային դժգոհությունը: Այնպես որ, ավելի նպատակահարմար գտան բոյկոտել և խուսափել որևէ քննարկումից:

Ի՞նչ ավարտ կունենա ցուցարարների պայքարը: Կարելի է վստահաբար ասել, որ կառավարությունը չի փոխի իր դիրքորոշումը: Ցուցարարներն անընդհատ կրկնում էին, որ իրենց պայքարը քաղաքական չէ, այլ զուտ սոցիալական և իրավական: Այս հայտարարություններն արվում են այն նպատակով, որպեսզի թույլ չտան բողոքի ակցիան քաղաքականացնել. ուզում են ասել, որ` թույլ չենք տա, որ քաղաքական ուժերն ու գործիչներն օգտագործեն մեր պայքարը, մենք գործիք չենք դառնա ինչ-որ մեկի ձեռքում:

Իրենք համարում են, որ այս օրենքի գործողության արդյունքում իրենց սոցիալական վիճակը վատանալու է, և պահանջում են իրավական լուծում` օրենքի գործունեությունը կասեցնելու համար: Բայց եթե կառավարությունն ընդառաջ չի գնում իրենց սոցիալական և իրավական պահանջներին, եթե կառավարությունն իրականացնում է այն քաղաքականությունը, որը ինքն է նպատակահարմար համարում, ինչ է լինում պայքարի հետ:

Պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում կա երկու տարբերակ. կամ պայքարը դառնում է քաղաքական, և պայքարողները պահանջում են նոր կառավարություն, կամ պայքարողներն ընդունում են, որ կառավարությունը ճիշտ քաղաքականություն էր իրականացնում, և դադարեցնում են պայքարը:

Տեսանյութեր

Լրահոս