«Սենսացիոն բան է, որ Միգրացիոն պետական ծառայությունը հայտնվել է առաջին տեղում». Աշոտ Մելիքյանը՝ պետական կայքերի վարկանիշի մասին
2013 թվականի մայիսի 1-ից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Այս մոնիտորինգը վերջին երեք տարիներին ԽԱՊԿ-ի իրականացրած նմանատիպ մոնիտորինգների շարունակությունն է։ Սակայն, ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականացվում է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա, որը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը և տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայաստանում կիրառելու համար: ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է:
Այսպես, ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» միասնական ցանցում (մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:
Առաջին խումբ կայքերի թվում, ըստ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի` տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում առաջատար է ճանաչվել ՀՀ միգրացիոն պետական ծառայության կայքը: «Սենսացիոն բան է, որ միգրացիոն պետական ծառայությունը հայտնվել է առաջին տեղում: Վերջին երկու տարում լիդերը Տարածքային կառավարման նախարարությունն էր»,- ասաց Ա.Մելիքյանը` նշելով, որ վերջինս այս ուսումնասիրության արդյունքներով հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Ըստ Ա. Մելիքյանի՝ բավական մեծ առաջընթաց է արձանագրել Արդարադատության նախարարությունը` գրավելով երրորդ հորիզոնականը, բացի այդ, իր դիրքերը զգալիորեն բարելավել է նաև Առողջապահության նախարարությունը` նախկին 27-րդ տեղի փոխարեն՝ հայտնվելով 8-րդ տեղում, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` 29-դից տեղափոխվել է 18-րդ:
Երկրորդ խմբի` մարզպետարանների կայքերի վերաբերյալ բանախոսը նշեց, որ դրանց շրջանում թափանցիկության առումով առաջին տեղում է՝ Կոտայքի, երկրորդում՝ Լոռու, երրորդում՝ Գեղարքունիքի մարզպետարանի կայքը:
Երրորդ խմբի կայքերից տեղեկատվական թափանցիկության ամենաբարձր մակարդակն ԱԺ-ինն է, որի տեղեկատվական մատչելիության ցուցանիշը 80 գործակիցն ունի, իսկ ՀՀ նախագահի կայքի ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել՝ շուրջ 35 գործակից, իսկ ՀՀ կառավարության կայքի գործակիցը մոտ 50 է: