Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար Ուկրաինան չի կատարել 3 բարեփոխիչ քայլ. ԱՄՆ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը շարունակում է մնալ չլուծված՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ: Այս մասին «Արևելյան գործընկերության» վերաբերյալ ԱՄՆ սենատում անցկացված լսումներում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացում ընդունել է 18 օրինագիծ, որոնք երկիրը մոտեցնում են Եվրոպային. «Ուկրաինան դեռ պետք է կատարի երեք կարևոր բարեփոխիչ քայլ՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար:
Դրանք են իրավապահ օրենսդրության բարեփոխումը, ընտրական օրենսդրության բարեփոխումը և բուժում ստանալու նպատակով բանտից Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելը»:
Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն անընդունելի է համարում «Արևելյան գործընկերության» երկրների վրա ամեն տիպի ճնշումները, ինչը կարող է համարվել ԵԱՀԿ-ի սկզբունքների խախտում:
Դրա հետ կապված՝ Նուլանդը հիշեցրել է Ուկրաինայից Ռուսաստան շոկոլադի մատակարարման արգելքը և արագ փչացող սննդամթերքով լեցուն բեռանատարներին ռուս-ուկրաինական սահմանին կանգնեցնելը: