Տիգրան Սարգսյանը շտապում է. կոռուպցիոն ռիսկերի նվազումը դեռ կոռուպցիայի նվազում չէ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա կառավարության նիստը բացեց «ավետիսով», թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից «հույսը կտրել» պետք չի, և որ մեր երկիրը հնարավորություն ունի ևս մեկ անգամ դիմելու այդ ծրագրին:
«Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- ասել էր վարչապետը:
Կառավարության նիստից հետո էլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր հայտարարել ու վարչապետի խոսքերի տակ «կնիք դրել», թե իսկապես, վերջին տարիներին մեր երկրում կոռուպցիոն ռիսկերը նվազել են ու կոչ էր արել տարբերակել կոռուպցիոն ռիսկերի «իրական նվազումը» և «հասարակության ընկալումը»:
168.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ընդգծեց, որ առաջին հերթին ընկալումն է կարևոր. «Այսինքն, եթե կոռուպցիայի ընկալման մակարդակը չի փոխվում, դա նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված որոշակի վարչական քայլերը դեռ կոռուպցիայի նվազում չէ: Կարող է կառավարությունն ասել, որ էլեկտրոնային կառավարման համակարգ է ներդրել, որն իսկապես միջազգայնորեն ընդունված է, որ նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց դա չի նշանակում, որ կոռուպցիոն ռիսկերի նվազումը կոռուպցիայի նվազում է: Իրական կոռուպցիան միայն ընկալման նվազումով է չափվում, առայժմ դրանից ավելի ճշգրիտ մեթոդաբանություն չկա, իսկ ընկալումը, դժբախտաբար, չի փոխվում»:
Մեր դիտարկմանը, որ բարեփոխումները համեմատաբար նոր են, գուցե ժամանակ է հարկավոր ազդեցությունը զգալու և ընկալումը փոխվելու համար, Վ.Հոկտանյանը պատասխանեց, որ նման բան դժվար է ասել, որովհետև կարող է ընդհանրապես ոչինչ չփոխվի:
«Եթե օրենսդրական բարեփոխումներ են արվում, որը մնում է թղթի վրա, դա կարող է ոչ մի բանի չբերել: Շատ դժվար է կանխատեսել, որ այս բարեփոխումը այսքան ժամանակ հետո կբերի այսինչ լավացման: Կանխատեսել հնարավոր չէ, քանի որ շատ ու շատ գործոններ կարող են ազդել և բարեփոխումներն ընդհանրապես կարող են տապալվել: Ցավոք, մեզ մոտ՝ Հայաստանում, ադպես շատ է եղել»: