«Ինձ բան պետք չի, մենակ ուզում եմ՝ մամաս ուզենա ապրել»

Ասում է 4-րդ դասարանցի Արթուրը
9 տարեկան Արթուրը չափազանց խոր ներաշխարհ ունի ու վիրավորանքը, տխրությունը թոթափում է` առավոտից իրիկուն թղթի վրա նկարելով: Ամենաշատը նկարում է արև, ինքն էլ՝ ամենաշատը ջերմության, լույսի կարիք ունի: Արթուրը նկարում, նկարում է ու իր կյանքը, առօրյան այդ պատկերների մեջ մխրճելով` մի քիչ իրեն ուրախ է զգում: Արևն իրեն պետք է ճիշտ այնպես, ինչպես իր նկարած արևները պետք են մորը՝ Լուսինեին, որ կյանքում ապրելու իմաստը վերջապես գտնի և որդու ներկայությամբ ամեն րոպե մեռնելու ցանկություն չհայտնի:

«Ոնց անպետք ծնվել եմ, նենց անիմաստ էլ ապրում եմ: Իմ ապրելը ոչ ոքի պետք չի՝ ավելորդություն եմ, բեռ»,- Լուսինեն բղավելով` ծանր խոսքերը նետում է մորը, ով 30 տարի անց էլ իրեն մեղավոր է զգում անառողջ երեխա լույս աշխարհ բերելու համար: Լուսինեն ծնվել է «ԴՑՊ» հիվանդությամբ և փոքր հասակում ոտքերի ծանր հիվանդություններ է տարել: Տիկին Ջուլիետան պատմում է, որ 12 տարեկան հասակում Լուսինեին տարել է Եվպատորիա` բուժման:

Ասում է` «Աղջկաս հետ մեկնեցինք բուժման կուրս ստանալու, իսկ երբ վերադարձանք` տեսանք` ամուսինս ուրիշ կնոջ հետ ա, նա էլ` հղի: Այն տան մեջ, որտեղ ընտանիքով ապրում էինք: Հիմա էլ էստեղ են ապրում, միևնույն բակում, իսկ էս բունը մեզ օգտագործման իրավունքով ա տվել: Չուզեց հաշմանդամ երեխա, դժվար կյանք»։ Տիկին Ջուլիետան աղջկա, թոռնիկի հետ ապրում է հավաբնի նման մի փոքրիկ տան մեջ, որտեղ անգամ կոյուղի, սանհանգույց գոյություն չունի: Լուսինեն աննկարագրելի չարացած, հիասթափված է, ում ամենածանր պահին լքել է հայրը, իսկ հետագայում էլ՝ երեխայի հայրը:

Luso-Artur-soc (1)

Կարդացեք նաև

Արթուրը տխրությամբ լսում է, թե ինչպես է հայրը հաշմանդամություն ունեցող մորը լքել ու ամուսնացել մեկ այլ կնոջ հետ, իսկ իրեն անգամ տեսնել չի ուզում: Լուսինեն որդու մոտ այնպիսի դաժան խոսքեր է շպրտում, որ տղային հոգեբանորեն ջարդում է: Արթուրն ինձ հետ զրույցում ասում է, որ մինչև վերջերս երազանքներ չուներ, բայց հիմա հասկացել է, որ … «Բժիշկ դառնամ, մամայիս բուժեմ: Մամաս չի ուզում ապրել, ինքը դժբախտ ա, իրա համար դժվար ա էս կյանքը: Բոլորը ասում են՝ հրաշք ա, որ ես իր որդին լինելով` առողջ եմ ծնվել, բայց ինքը էնքան ներվային ա, էնքան չարացած ա, որ չի գիտակցում: Մենակ տատիկիս ա մեղադրում, որ ինքը տենց ա ծնվել, ու իր հայրիկին»:

Հետո Արթուրը սենյակից բերում է նկարների փաթեթը, մեկ-մեկ դրանք ցույց տալով` նշում է, որ իր բոլոր կերպարները բարի են, որոնց նկարելով, հետագայում էլ՝ նայելով, ինքը խաղաղվում է: Ասում է` «Ուզում եմ մամայիս օգնել, ուզում եմ, որ ինքը ցանկանա ապրել: Երբ նկարներիս նայում ա՝ ժպտում ա, ինձ թվում ա, որ էդ ժամանակ ինքը ուզում ա ապրել»:

Տիկին Ջուլիետան աղջկա և թոռնիկի հետ ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խուլ փողոցում գտնվող փոքրիկ հյուղակում, որի պայմաններն անտանելի, աննկարագրելի են: Խոնավ, սառը տնակում անգամ էլեկտրական սալիկ չեն միացնում, և դժվար է պատկերացնել, թե հիվանդ մայր ու աղջիկ ինչպես են դիմանում ցրտին: «Անգամ կոյուղի չկա: Էնքան ենք սառը ջրերի մեջ մնում, դույլերով կրում-թափում, որ արդեն լաց լինելով ենք կենցաղը հաղթահարում: Խողովակաշար տեղադրելն էլ մեծ գումարներ արժե»,- ասում է տիկին Ջուլիետան՝ վստահեցնելով, որ անկարող են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել, քանի որ երկուսն էլ հիվանդ թոշակառու են:

Luso-Artur-soc (2)

Վերջինս նախկինում շուկայում ցելոֆաններ վաճառելով` օրվա հացի գումար վաստակում էր, բայց հիմա առողջությունը թույլ չի տալիս: «Խոնավությունից ոսկրային հիվանդություն եմ ստացել: Ոսկորներս փշրվում են: Վերջերս ինսուլտ տարա ու վախենամ` նորից նույն նշաններն եմ զգում: Էս նյարդային, ծանր կյանքից հնարավոր չի առողջ դուրս գալ: Հավատա, շատ ծանր ա մեր կյանքը, շատ, լաց լինելով ենք մեր օրերը հաղթահարում»:

2-րդ կարգի հաշմանդամության համար Լուսինեին պետությունը տրամադրում է 15.000 դրամ հաշմանդամության թոշակ: Նրանց տուն մտնող մյուս եկամուտն էլ 22.500 դրամ աղքատության նպաստն է, որը ստանալուն պես` տիկինը բաժանում է պարտքով վերցրած հացի գումարները: 15.000 դրամ նպաստ ստացող, միայնակ մայր Լուսինեն մեր պետական այրերին հորդորում է մարդկայնորեն հաշվարկ կատարել, թե ինչպես են նման խնդիրներ ունեցող մարդիկ պետության տրամադրած գումարով գոյատևում:

Ասում է. «Հեռուստացույցով լսում ենք, որ իրենց աշխատավարձը 100%-ով բարձրացնում են, իսկ հաշմանդամություն ունեցողներինը՝ 15%-ով: Ախր աբսուրդ ա, տեսե՛ք, հոսանքը, գազը ինչքան են թանկացրել, տեսեք, սննդամթերքի գները ոնց են օր օրի բարձրացնում, ու մինչև թոշակի բարձրացնելը` դեռ ինչքան են բարձրացնելու: Ու էս թանկացման պայմաններում հաշմանդամների թոշակը բարձրացնում են ընդամենը 2000 դրամով: Ուզում եմ գոնե հավատալ, որ աշխատատեղեր կստեղծեն, և գոնե մեր քրտինքով կվաստակենք, թե չէ՝ չենք կարողանում գոյատևել: Երևի մեր պաշտոնյաները չեն պատկերացնում` ինչպես ենք ապրում: Տեսե՛ք, հիմա ցրտին դիմանում ենք, բայց ձմռանըգ պլիտան կմիացնենք ու իմ ամբողջ թոշակը հոսանքի համար կվճարենք: Մտածմունքից ամբողջ գիշեր չենք քնում»:

Luso-Artur-soc (4)

Տիկին Ջուլիետային հարցնում եմ՝ «Լավ, մեզ ինչո՞ւ եք դիմել»: Պատասխանում է` «Էլ ո՞ւմ դիմենք, ախր գիտե՞ս քանի անգամ եմ նամակներ գրել Սոցապ նախարարություն, քանի նամակով եմ ներկայացրել, թե ինչպես ա մեր երկրում ապրում հաշմանդամ մարդը: Լավ, բա ո՞ւմ դիմենք, որ ի վերջո հասկանան մեր ապրել չկարողանալու էս վիճակը: Հաշմանդամությունն արդեն ծանր բան ա ընտանիքի համար, բայց էս չքավորությունն էլ իրա հերթին ա մեզ ողջ-ողջ թաղում: Ո՞ւմ դիմենք, որ պատկերացնեն էն մարդկանց վիճակը, ովքեր չեն կարում դուրս գնալ, բայց չեն էլ կարողանում մնալով ապրել»:

Տիկին Ջուլիետան ու Լուսինեն անվերջ պատմում են իրենց դժվարություններից ու խնդրում են՝ մեր իշխանությունների համար անպատկերացնելին ինչ-որ մի ձևով դարձնել պատկերացնելի: Միայն Արթուրն է անխոս մեկ` նայում մորը, մեկ` տատին, ու, երբ ինձ հրաժեշտ է տալիս, շշնջում է` «Ինձ բան պետք չի, մենակ ուզում եմ` մամաս ուզենա ապրել»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս