Խմբակցությունների գնահատականը՝ ՀՀ կառավարությանը
ԱԺ-ը արտահերթ նիստում ԱԺ խմբակցությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը 2014թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե գործող կառավարությունը պետք է հեռանա իշխանությունից. «Որքան շուտ հեռանա, այնքան կօգնեք մեր ժողովրդին»,- ասաց նա:
Նաև հավելեց. «Մենք ձեզ պետք է հեռացնենք, թե չէ դեռ ինչե՜ր են մեզ սպասվում Լուկաշենկոյի հետ համագործակցության հետևանքով, դեռ շատ հետաքրքիր օրեր են մեզ սպասվում այդպիսի ավտորիտար ուժերի հետ մեկ միության մեջ լինելուց»:
Փոստանջյանը նշեց, որ բյուջեի փաստաթուղթը կազմելիս հաշվի չի առնվել ՀՀ-ի՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը, ապա հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, թեև հստակ չհայտարարեց՝ Դաշնակցությունը դե՞մ է քվեարկելու, թե՞ կողմ, սակայն մի քանի դրական կետեր ներկայացրեց: Ըստ նրա՝ կառավարությունը բացահայտ ասում է, որ այն արդյունքները, որոնց մասին նախօրոք հայտարարել էր, չի կարողացել իրականացնել, ազնվություն է: «Դա աներեսության մասին է խոսում, եթե ասում եք, որ արդյունք չենք կարողանում ստանալ, հետևաբար՝ մեզ այդպիսի ազնվություն պետք չէ»,- հավելեց նա:
Արծվիկ Մինասյանը իրենց առաջարկությունները ներկայացրեց և հարցրեց, թե ինչո՞ւ դրանք չեն կիրառվում։ «Թե՞ ձեռք է տալիս օլիգարխիկ համակարգով ղեկավարվող պետություն լինելը»,-դիմելով ԱԺ դահլիճում նստած Կառավարության անդամներին, այդ թվում նաև վարչապետին՝ ասաց Արծվիկ Մինասյանը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն տեղից արձագանքեց. «Ձեռք չի տալիս ոչ մեկին էլ»։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ եթե ԱԺ-ն լուրջ հաստատություն է, ապա առաջին հարցը, որը պետք է տալ, հետևյալն է. արդյոք պետական բյուջեն կապ ունի՞ իրականության հետ: «Մենք գործ ունենք ոչ թե ազնիվ կառավարիչների կողմից ներկայացված ծրագրային փաստաթղթի հետ, այլ՝ մի փաստաթղթի, որի միակ նպատակն է քողարկել երկրում տեղի ունեցող համակարգային թալանն ու կոռուպցիան և այնպես ներկայացնել իբր երկիրը սլանում է զարգացման հունով»,- նշեց նա:
Ըստ նրա՝ ներկա կառավարությունը Հայաստանին կանգնեցրել է ֆինանսական դեստաբիլիզացիայի իրական վտանգի, աղետի շեմին և կառչում է իշխանությունից՝ պարտքի ծանր բեռի տակ դնելով ապագա սերունդներին: «Բուջեում չկա ռազմավարություն: Ուրեմն՝ այս բյուջջեի փաստաթուղթը գնահատենք որպես խոստովանություն առ այն, որ 2008-ից տրված խոստումներն ընդամենը հեքիաթ էին, որոնք փորձում էին արդարացնել կեղծված ընտրությունների միջոցով իշխանության յուրացումը: Մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը համակարգված կոռուպցիայի բյուջե է, որը պետական եկամուտների և ծախսերի թալանի բյուջե է, որը պետական անվճարունակության բյուջե է, որը խաբեության բյուջե է: Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է ոչ միայն անվստահություն հայտնել, այլև՝ կանչել քրեական պատասխանատվության»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, թե բովանդակային և քաղաքականության առումով այս տարվա բյուջեն գրեթե փոփոխություն չի կրել, ուստի փաստաթղթի քննարկումը «դեժավյու» է առաջացնում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս կառավարության քաղաքականության մեջ մի փոքր փոփոխություն կա. Կառավարությունը, նրա խոսքով, դարձել է անկեղծ. «Տնտեսական բլոկի նախարարներից մեկը գրեթե հպարտությամբ խոստավանեց, որ՝ այո, մենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք: Խոստովանեցին, որ ներդրումները նվազել են, շարունակում են նվազել: Կառավարությունը անկեղծ է, որովհետև գիտի, որ իր պաշտոնավարության շարունակությունը քաղաքական մոտիվացիա չունի և այն որոշվելու է Մելիք Ադամյան փողոցի փակ ակումբում, իսկ թե ինչ մոտիվացիաներ կհնչեն այդ ակումբում՝ որևէ մեկը չգիտի: Միգուցե մոտիվացիաներից մեկը կլինի այն, որ ի հեճուկս քաղաքական ուժերի և ի հեճուկս ժողովրդի կշարունակեն պաշտոնավարել: Ուրեմն՝ եկեք ինադը ֆիքսենք որպես սահմանադրական նորմ ու ամրագրենք, որ կառավարությունը պաշտոնավարելու է քաղաքական ուժերին և ժողովրդին ինադու»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, թե իրենք դեմ են քվեարկելու բյուջեին նախագծին: