ՀՀԿ-ի «փուչիկնե՞րն» էին ավելի վտանգավոր, թե՞ Շանթ Հարությունյանի պայթուցիկները

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված համատեղ ասուլիսում անդրադարձան «Ցեղակրոն» կուսակցության և «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին, նրա նախաձեռնած հեղափոխության պատճառներին, Ազատության հրապարակից նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթին», բախումներին, ձերբակալություններին:

«Սա քաղաքական  անտեսվածության, անհատի ճգնաժամային բողոքն է: Այսօր մարդուն չեն ընդունում որպես քաղաքացի, որպես որոշումներ կայացնողի: Եթե մենք  այնքան անճար ենք, որ անգամ խորհրդատվական ձայնի իրավունք էլ չունենք, ուրեմն թող որ մեզ վերաբերվեն՝ իբրև անճարների: Իսկ անճարների մասին հոգ են տանում: Բայց եթե մենք ենթարկվում ենք քաղաքական անտեսման՝ հետևաբար բողոքի բոլոր ձևերը հնարավոր են, բայց, իհարկե, ոչ ընդունելի:

Իսկ եթե դուք ընթերցեք Շանթ Հարությունյանի հարցազրույցները, գրառումներն ու հոդվածները, ապա կտեսնեք, որ մարդն անընդհատ շոշափել է մի գաղափար, որ Հայաստանում հնչում է՝ որպես աբստրակցիա, ասել է թե՝ իդեալների կործանում: Իսկ Շանթը պատրաստ է ինքն իրեն խորտակել այդ իդեալների համար: Լավ կյանքից չէ, որ նման դեպքերի ենք հանդիպում: Սա սոցիալական բողոք չէ, սա քաղաքական անտեսվածության բողոք է»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ ավելացնելով, որ Շ. Հարությունյանի  բողոքն իր մեջ իրական վտանգ չպարունակող գերէմոցիոնալ բողոք էր: Իսկ մահակները, ինչպեսև դիմակները, սիմվոլիկ նշաններ էին: Պայթուցիկներն, ըստ Ա. Սեդրակյանի, ևս վտանգավոր չէին:  Բանախոսը պայթուցիկները համեմատեց  գրեթե ամեն օր տեղի ունեցող հրավառությունների հետ: Նա նաև հիշեցրեց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարոզարշավներից մեկի ընթացքում՝ Հանրապետության հրապարակում  պայթեցված փուչիկների օրինակը, որից հետո գրեթե բողոքներ չեղան «փուչիկային հրավառությունից» տուժած քաղաքացիների կողմից:

Հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Շ. Հարությունյանին, Ա. Սեդրակյանը պատասխանեց. «Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ նրա գործողությունները կհետաքննվեն «օրենքի» ամենաինֆորալիզմով , և դրա պատճառով մենք կկորցնենք շատ արդարամիտ մարդու: Ես դա չեմ ուզում, որովհետև Հայաստանը մարդկային նման կապիտալ շատ քիչ ունի»:

Կարդացեք նաև

Ըստ Ա. Սեդրակյանի՝ ապագայում իրականացվող ամենամեծ բողոքի ակցիան հենց արտագաղթն է: «Սա պասիվ բողոքի տեսակն  է: Չմասնակցությունը երկրում տեղի ունեցող գործընթացներին ավելի վատ է, քանի մահակ վերցնելը»,- ասաց նա:

Իշխանությունների կողմից շրջանառվող այն տեսակետին, թե Շանթ Հարությունյանի հոգեկան վիճակը կայուն չէ, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Սա սովետական հին ավանդույթ է: Ցանկացած մարդ, ով այլակարծիք է, համարվում է հոգեկան հիվանդ»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր կցանկանային իրենք լինել Շանթի տեղում: Նրա արարքը ճիչ է՝ ուղղված  հասարակությանը, որ՝ «Մարդի՛կ, ուշքի՛ եկեք»: Այլևս չենք կարող ճնշման տակ ապրել: Շնչահեղձ ենք լինում»,- ասաց ազգագրագետը՝ ավելացնելով, որ Շ. Հարությունյանի քայլը հոգեկան պոռթկում էր:

«Յուրաքանչյուր մարդու էլ կարող են հոգեկան հիվանդ համարել: Ես այնքան էլ վստահ չեմ, երբ Ազգային ժողովի շատ պատգամավորներ կոպտում են լրագրողներին, ոչ ադեկվատ վերաբերմունք են ցույց տալիս, որքանո՞վ են նրանք առողջ»,- ավելացրեց Հ. Խառատյանը՝ նկատելով, որ ճիշտն այն է, որպեսզի դատավարություն տեղի ունենա,  և հասարակությունն իր մեջ ուժ գտնի՝ պահանջել բացահայտել Շանթ Հարությունյանի արարքների մոտիվացիան:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս