Նիկոլ Փաշինյան. Բա ո՞ւր են մտնում տուգանքների գումարները (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբացության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2014թ. բյուջեի խորհրդարանական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հարցրեց, թե ինչո՞ւ է բյուջեի եկամտային մասը կրճատվել.
«Հստակ գրված է, որ 2014թ. բյուջեի եկամտային մասը պետք է լինի 1 տրլն 146 մլդ դրամ: Սրանից գործնականում երկու ամիս առաջ բյուջեի նախագիծ եք հաստատում, որտեղ եկամտային մասը երկու ամսվա ընթացքում 11.9 մլդ-ով կրճատում եք: Այդ երկու ամսվա ընթացքում էդ ի՞նչ դարակազմիկ իրադարձութուններ տեղի ունեցավ, որ կառավարությունը իր իսկ կայացրած որոշումը չի պահպանում»:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց. «Դուք նշում եք, որ բյուջեի եկամուտները բոլոր հոդվածներով ավելացվում են միայն: Բայց կա մի պուճուրիկ կետ՝ տուգանքների գումարն է: Հիմա փաստորեն ավելի քիչ է նախատեսվում, քան 2011 թվականին: Հարցը կարևոր է, որ մամուլում տեղեկություններ կան, որ «Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը արագաչափեր, տեսախցիկներ է դնում, որը, համաձայն մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյաի եղբորը կամ ընտանիքին, 4.2 մլդ դրամի հասույթ է ապահովում: Ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունն իր բացառիկ իրավունքը տվել է, բայց գումարները չեն մտնում պետական բյուջե: Բա ո՞ւր են մտնում: Սա անթույլատրելի է»:
ՀԱԿ պատգամավորը հարցրեց նաև, թե ի՞նչ է նշանակում բյուջեում տրված ձևակերպումը, որ ներքաղաքական անկայունությունները կարող են առաջացնել ռիսկեր տնտեսական աճի ապահովման համար: «Կարո՞ղ եք բացատրել՝ այդ ի՞նչ կարգի ներքաղաքական անկայունություններ է կանխատեսում գործող կառավարությունը և քանի՞ տոկոսն է հավանական համարում անկայունությունների տեղի ունենալը ՀՀ-ում»,- հարցրեց Փաշինյանը:
Ի պատասխան նախարարն ասաց, թե մամուլում շատ բան է գրվում, շատ մարդկանց համար, որոնց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, ինչպես «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության պարագայում:
Ինչ վերբերում է եկամուտի կրճատմանը, ապա նախարարը հիշեցրեց, որ ինքը հայտարարել է կարևոր փոփոխության մասին՝ 2014թ. հարկային եկամուտների մասով քաղաքականության փոփոխություն է կատարվելու.
«Եթե մենք հինգ տարի անընդմեջ որպես թիրախ սահմանել ենք, որ հարկերը 0,3-0,4 տոկսային կետով պետք է հավաքագրենք, ապա 2014-ին մեր առաջարկն է, որ ավելացումը որպես թիրախ չլինի ու լինեն նույն ցուցանիշով: Հենց այս քաղաքականության հետևանքով է, որ 11,9 մլդ-ը ճշգրտում է առաջացրել:
Չեմ կարծում, որ այն տուգանքների գումարը, որը նախատեսված է համապատասխան եկամտային տողում, դրա նվազ լինելը պետք է պայմանավորել այս կամ այն գործընթացով»: