«Ձեր պատասխանը անհեթեթ էր». Լևոն Զուրաբյանը՝ ֆինանսների նախարարին
ԱԺ-ում սկսվեցին 2014թ.-ի բյուջեի քննարկումները: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հիշեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հոկտեմբերի 28-ի հայտարարությունը և հետարքրքվեց. «Վարչապետը ՀՆԱ-ի աճի տեմպի նվազման գլխավոր գործոն համարեց գազի գնի թանկացումն ու ներդրումների նվազումը: Որևէ ծրագիր մշակվե՞լ է այլընտրանքային աղբյուր ունենալու համար, թե՞ էլի զբաղված եք գազաֆիկացիայով, բայց չեք մտածում այլընտրանքային էնէրգետիկա ստեղծելու մասին»: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նախարարը գնահատում ներդրումների նվազումը և ի՞նչ ազդեցություն ունի այն Հայաստանի վրա՝ որպես կոռուպցիոն երկիր ընկալելու հարցում: «Ներդրումների նվազման որքա՞ն մասն է կազմում հենց կոռուպցիան ,արդարադատության բացակայությունը: Բյուջեի եկամուտների ո՞ր մասն են կազմում գրանտերը, վարկային միջոցները: Չի երևում, թե վարկային միջոցները կոնկրետ ինչ ծրագրերի վրա են ծախսվում և ես կուզեի ներկայացնեք պատկերը՝ վարկային միջոցների հաշվին կոնկրետ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում լուծել»,- հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ի պատասխան՝ նախարարը հստակեցրեց, թե բացի պատգամավորի մատնանշած գործոններից եղել են նաև այլ գործոններ «Գազի և ընդհանրապես տնտեսական աճի հետ կապված, եթե հիշողությունս չի դավաճանում, վարչապետը իր ելույթում նշել էր՝ տնտեսական աճի դանդաղեցման երկու գործոն: Առաջին՝ արտաքին գործոններն են, խոսքը հատկապես զարգացող երկրներին էր վերաբերում, հիմնականում մեր առևտրային գործընկեր Ռուսաստանին: Երկրորդ գործոնը գազի գնի թանկացումն է ու դրանով պայմանավորված ընդհանուր առմամբ գների բարձրացումը: Ըստ նախնական գնահատականների՝ գազի գների բարձրացումը 0.8 տոկոսից մինչև 1 տոկոս դեպի նվազում ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա: Կա նաև երրորդ գործոնը՝ շինարարության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն են: Աժ-ին ներկայացվել է, որ մի շարք խոշոր ծրագրեր, որոնցից ամենախոշորը Հյուսիս-Հարավ ծրագիրն է, իր իրականացման արդյունքում ավելի դանդաղ է, քան պլանավորում էինք, որովհետև կառավարությունը նախապատվություն տվեց որակին, բայց ավելի դանդաղ տեպմպերով ծրագրի իրականացմանը»: Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի հարցին, թե արդյոք կառավարությունը միջոցառումներ ձեռնարկո՞ւմ է այլընտրանքային գազի ներդման համար, ֆինանսների նախարարն ասաց, թե վերջին հինգ տարիների ընթացքում կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է երկու խոշոր միջոցառում. «Առաջին՝ մեր էլեկտրաէներգետիկ հզորություններում մոդեռնիզացման աշխատանքներն են, որոնց արդյունքում գազի սպառումը էլէկտրաէներգիայի արտադրության նպատակով կտրուկ նվազում է, և խոսքը անգամների մասին է: Եվ երկրորդ՝ հիդրոէներգետիկայի ոլորտում հետևողական քաղաքականության իրականացումն է: Այսօր արդեն իսկ գործարկված հզորությունները հարյուր մեգավատը անցնում են և եթե համամետանեք այլ երկների հետ՝ կտենենք, որ բավական լավ ցուցանիշներ ենք ապահովում»: Նա հավելեց, որ կան նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնք սկզբում պիլոտային են եղել, իսկ առաջիկա տարիներին թափը կլինի մաշտաբային: Անդրադառնալով ներդրումներին՝ Դավիթ Սարգսյանն ասաց, թե օտարերկյա ներդրումների նվազումը առկա է, ինչը ունի տարբեր պատճառներ. «Բայց կապել դրանք կոռուպցիայի մակարդակի և այն բոլոր խնդիրների հետ, որոնք առկա են մեր երկրում, չի կարելի: Վերջին տեղաբաշխումը եվրոպարտատոմսերի, որ իրականացրեց ՀՀ-ն, նույնպես ներդրողների կողմից ներդրումների իրականացում է, և ներդրողները այդ գումարների ներդրումը իրականացրել են ՀՀ-ում, այսինքն՝ իրենց գնահատականը երկրի միջավայրի, այն ռիսկերի, որոնք կան երկրում, չեն եղել այնպիսին, որ ներդրողները հրաժարվեն ՀՀ-ն ֆինանսավորելուց: Խնդիրներ, իհարկե կան»: Նախարարը շեշտեց, որ լույս են տեսել զեկույցներ, որոնք կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանի համար գնահատում են ավելի ցածր՝ կան տեղաշարժեր բարելավման ուղղությամբ:
Լևոն Զուրաբյանն էլ նկատեց. «Դասական օրինակ ցուցաբերեցիք, թե ինչպես չի կարելի պատասխանել հարցերին կամ ինչպես կարելի է խուսափել կոնկրետ հարցերին պատասխանելուց: Դուք բերեցիք պարտատոմսերի օրինակն ու բերեցիք դա, որպես ներդրողների վստահության եսիմ ինչ մի ցուցանիշ: Դա աբսուրդ է: Պարտատոմս առնողը միջազգային դատարաններում հետո կկարողանա ստանալ իր ունեցածը, եթե Հայաստանը հրաժարվի վճարել այդ պարտատոմսերով: Խոսքը գնում է բիզնեսի մասին, որ պետք է բիզնես դնի, բայց հետո գնա մեր դատարանների ձեռքը ընկնի ու կաշառք վերցնեն, ամեն ինչ էլ կանեն, որ բիզնեսը կործանվի: Ձեր պատասխանը անհեթեթ էր, թե իբր ներդրումների վստահելիություն կա»: ՀԱ խմբակցության ղեկավարը հակադաձեց նաև, թե գազի կախվածությունից ազատվեու համար պետք է ալտերնատիվ էլեկտրաէներգիա՝ քամու, արևի. «Դուք այս ուղղությամբ ի՞նչ եք անում, գազային ֆակտորը որքանո՞վ է հաջողվել պակասեցնել՝ Դուք չպատասխանեցիք ,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:
Նախարարն էլ պատասխանեց. «Եթե իմ պատասխանը գնահատում եք անհեթեթ, ուրեմն ես շատ լավ եմ պատասխանել»: Ապա նա նշեց, թե որևէ միջազգային ներդրող, ով ունակ է հարյուր միլիոն դոլար գումար տալ՝ կարող է տալ մի երկրին, որտեղ տեսնում է ռիսկեր. «Եթե սա աբսուրդ է , ուրեմն շատ լավ աբսուրդ է»: