Ազդե՞լ են արդյոք Իշխան Զաքարյանի վրա

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Վերահսկիչ պալատի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքարյանին հարցրեց. «ՎՊ վերջին զեկույցից հետո դահլիճում, ապա հայտնի խորհրդակցության ժամանակ Դուք հրապարակային դատափետման ենթարկվեցիք՝ որպես ՎՊ նախագահ, այն չարաշահումները ներկայացնելու համար, որոնց մասին հնչեցին լուրջ քննադատություններ: Ի՞նչ երաշխիք կա, որ Ձեր վերանշանակումը կապված չէ նրա հետ, որ Ձեզ վրա ազդել են, որ Ձեր մոտեցումներն այսուհետ ավելի փափուկ կլինեն, Դուք աչք կփակեք այն չարաշահումների վրա, որոնք բացահայտել եք»:

Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ՎՊ զեկույցից հեռացվել են քանակական, ընդհանրական գնահատականները, որոնք թույլ էին տալիս լուրջ գնահատականներ տալ բյուջեի մսխման, չարաշահումների ծավալի վերաբերյալ: ՀԱԿ պատգամավորը նաև հայտնեց, որ իրենք հարցապնդում են ուղարկել Կառավարությանը, ըստ որի՝ բյուջեի թալանը տեղի է ունենում ոչ թե բյուջեի փողերը հավաքագրելուց հետո, այլ՝ առաջ.

«Մենք կունենայինք լրիվ այլ բյուջե, բայց մենք ունենք հակառակ պատկերը, որովհետև չկա հարկերի հավաքման օրինական ընթացակարգ, օլիգարխներն ազատվում են հարկերը մուծելուց: Բյուջեն դրա համար մինչև թալանվելն է կատարվում: Դուք ձեռնարկելո՞ւ եք արդյոք հետազոտություններ, թե ինչպիսի՞ միջոցներ չեն մտնում բյուջե»:

Ի պատասխան Իշխան Զաքարյանը նշեց, թե «2014 թվականի ծրագրով նայելու ենք նաև եկամտային մասին այնքանով, որքանով հնարավոր կլինի»: Միաժամանակ նա հիշեցրեց, որ եկամտային մասն ամբողջապես դիտարկելու փորձ նախորդ տարիներին չի եղել: Ինչ վարեբերում է ՀԱԿ պատգամավորի դիտարկմանը, թե քանակական մասը զեկույցում բացակայում է, ապա Իշխան Զաքարյանը նշեց, թե իրենք աստիճանաբար անցնում են որոշակի ծրագրեր վերահսկողության դաշտում պահելու խնդրին.

«Եթե անցնում ենք կոնկրետ ծրագրերի վերահսկողությանը, ապա կոնկրետ ծրագրերի վերահսկողության համար գնահատական պետք է տանք: Մի քիչ բարդ կլինի այս տրամաբանությամբ որոշակի քանակական գնահատականներ տալը: Երբ մենք առաջարկում ենք ծրագիրը, փորձում ենք նայել, գնահատում ենք դրա ռիսկերը, հետո միայն ընդգրկում տարեկան ծրագրի մեջ»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որքանո՞վ կարող է ՎՊ-ն շարունակել անկաշկանդ աշխատել, ապա Իշխան Զաքարյանն ասաց, թե իրեք պահպանելու են ՎՊ կարևորագույն սկզբունքը, այն է՝ աշխատել բաց, հրապարակային. «Չեմ կարծում, որ կոնկրետ խնդիր է դրված մեզ վրա ազդելու: Աշխատանքային խորհրդակցություն էր, աշխատանքային խորհրդակցության ժամանակ կարող են լինել նաև էդպիսի գնահատականներ»:

Լևոն Զուրաբյանը շարունակեց հետաքրքրվել. «Բյուջեի եկամտային մասը ստուգելու համար պլանավորո՞ւմ եք արդյոք հետազոտել այնպիսի ձեռնարկություններ, որոնք պատկանում են հայտնի օլիգարխներին, որոնց մասին լուրջ հրապարակումներ կան, որոնք արտոնյալ պայմաններում են գտնվում, չեն մուծում օրինական վճարները: Օրինակ, Բարսեղ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, ով օլիգարխ լինելով նաև պետեկամուտների նախարարն է: Այս բոլոր մարդկանց գործունեությունը Դուք հետազոտելո՞ւ եք»:

Իշխան Զաքարյանն էլ հավաստիացրեց, թե այնքանով, որքանով օրենքի համապատասխան հոդվածը թույլ կտա իրենց, իրենք կանեն. «Բայց մասնավոր հատվածի մոտ ՎՊ-ն վերահսկողություն կամ ստուգումներ է անում այնքանով, ինչքանով իրենք առնչվում են պետական բյուջեի հետ: Եթե խոսքը հարկեր վճարելու քաղաքականությանն է վերաբերում, մենք կանդրադառնանք, ինչքանով օրենքը թույլ տա»:

Տեսանյութեր

Լրահոս