Բաժիններ՝

Ուղեղների արտահոսքի վտանգն ավելի հստակ է ուրվագծվում

Ռուսաստանի կառավարությունը վերջերս հանդես եկավ մի շատ ուշագրավ նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնությունը շատ անմիջականորեն վերաբերում է նաև մեզ` հայերիս։ Ու չնայած դրան, այդ տեղեկությանը պատշաճ ուշադրություն չդարձվեց, թեպետ հնարավոր է` ամիսներ անց հարկ լինի վերադառնալ այս թեմային` հասկանալու համար, թե ո՞րն էր խնդրի բուն պատճառը։

Եվ այսպես, ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարարությունը պլանավորում է հեշտացնել միգրանտների մուտքը տեղեկատվական տեխնոլոգիաների` IT ոլորտի ընկերություններ: Այսօր Ռուսաստանում տվյալ ոլորտի օտարերկրյա աշխատողների համար սահմանված է աշխատավարձի նվազագույն շեմ։ Դա արվել է այն նպատակով, որպեսզի գործատուների համար ավելի ձեռնտու լինի աշխատանքի վերցնել ՌԴ քաղաքացիներին։ Այժմ նախարարությունը ցանկանում է երկու անգամ կրճատել այդ շեմը` հնարավորություն տալով օտարերկրյա աշխատողներին գործի տեղավորվել առանց քվոտաների։

Բանն այն է, որ Ռուսաստանում IT ոլորտի որակյալ մասնագետների սուր դեֆիցիտ է։ ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարարության հաղորդագրության համաձայն` հատկապես Մոսկվայում նկատվում է անառողջ մրցակցություն` IT մասնագետների համար։ Բանը հասել է նրան, որ մի շարք ընկերություններ համաձայնագրեր են ստորագրում մեկը մյուսի հետ` աշխատակիցների փոխանակումը կանխելու համար, որովհետև շատ աշխատողներ առնվազն տարին մեկ անգամ փոխում են աշխատատեղը` ամեն անգամ ստանալով ավելի բարձր աշխատավարձ։

Ահա այս խնդիրը ռուսները ցանկանում են լուծել միգրանտների միջոցով և դեֆիցիտը ծածկել նրանց հաշվին։ Նախատեսվում է ներգրավել 150-200 հազար միգրանտ։ Այս նախաձեռնությունը Ռուսաստանում քննադատության է արժանացել` այն առումով, որ նվազեցնում է տեղացիների` աշխատանքի ընդունվելու շանսերը։

Սակայն կառավարությունն այս հարցում վճռական է տրամադրված և բերում է հստակ հիմնավորումներ։ Այսպես, Ռուսաստանն ունի IT ոլորտի զարգացման հստակ ռազմավարություն, որի համաձայն` IT ոլորտի ներկայիս առկա 350 հազար աշխատողների թիվը պետք է կրկնապատկվի։ Բուհերը կարող են ապահովել առավելագույնը 150 հազար մասնագետ, ընդ որում, նրանց միայն կեսն է աշխատելու մասնագիտությամբ: «Կադրային քաղցը հսկայական է»,- ասում են համապատասխան պաշտոնյաները։ Իսկ ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ։ Ամենաուղղակի` հատկապես կենսաթոշակային վերջին «բարեփոխումներից» հետո։

Դեռ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ավելի քան 70 աշխատակիցներ բաց նամակով դիմել էին վարչապետին` խնդրելով վերանայել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը։ Բանն այն է, որ IT ոլորտում աշխատավարձը համեմատաբար բարձր է և ստվերային չէ` ամբողջությամբ երևում է։

Այսինքն` IT ոլորտի աշխատողներից ամենից շատ պահումներ պետք է կատարվեն։ Եվ նրանք գրեթե բաց տեքստով հայտարարել էին, որ, քանի որ իրենցից յուրաքանչյուրն ունի արտերկրում աշխատելու բազմաթիվ առաջարկներ, իսկ այդ երկրներն ունեն մեզ նման մասնագետների խիստ պահանջարկ, այս օրենքը կծնի ուղեղների նոր արտահոսք և արտագաղթ: Իսկ հետո, արդեն այս ամսվա սկզբին, հրապարակվեց երկրորդ բաց նամակը նույն պահանջով` կրկին ուղղված վարչապետին։ Այս անգամ այն ստորագրել էին IT ոլորտի 46 հեղինակավոր ընկերությունների աշխատակիցներ։

ՀՀ կառավարության կողմից այդ IT ոլորտի խնդրանքն անտեսելը և Ռուսաստանի կողմից վերը նշված նախաձեռնությունն արդեն բավարար պայմաններ են ստեղծում, որ հայ մասնագետներն իրոք կյանքի կոչեն իրենց սպառնալիքը` արտագաղթեն։ Ճիշտ է, նրանք հիմնականում առավելությունը կտային եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին, սակայն Ռուսաստանն էլ վատ տարբերակ չէ։ Ամեն դեպքում, այնտեղ զգալիորեն ավելի բարձր են վարձատրում, քան Հայաստանում։

Հայաստանի IT ոլորտի աշխատակիցների թիվը, մոտավոր գնահատականներով, կազմում է 7-8 հազար։ Այսինքն` ռուսաստանյան 200 հազար հոգու պահանջարկը ամբողջությամբ կուլ է տալու մեր որակյալ կադրերին։ Իսկ ի՞նչ կլինի այստեղ այդ դեպքում։ Որքան էլ զարմանալի լինի, Հայաստանում նույնպես կա IT ոլորտի որակյալ մասնագետների սուր դեֆիցիտ։

Օրինակ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վերջերս ասել էր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթված և որակյալ կադրերի խնդիրը գնալով ավելի ու ավելի է սրվում և դարձել է ՏՏ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը:

Ոչ միայն նա, այլև ոլորտի շատ այլ մասնագետներ ասում են, որ այսօր տեխնոլոգիական շատ ընկերություններ Հայաստանում չեն կարողանում գտնել անհրաժեշտ քանակի որակյալ կադրեր, իսկ արդյունքում ընկերությունները ստիպված են աշխատանքի վերցնել քիչ թե շատ գոնե փոքր-ինչ գիտելիքներ ունեցող մասնագետների: Այսինքն` եթե ՀՀ կառավարությունը զիջումների չգնա, ապա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի` առանց այն էլ քիչ թվով մասնագետների մի զգալի մասը կարող է մեկնել Ռուսաստան։ Ու այս պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ինչ «փայլուն» հեռանկար է սպասվում պետության կողմից գերակա ուղղություն ճանաչված IT ոլորտին։
«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս