ԲՀԿ-ին մոտ չեն թողնի նաև համայնքային իշխանությանը

Նոյեմբերի 10-ին Արարատում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որտեղ առաջադրված թեկնածուներից մեկը ՀՀԿ-ական է, իսկ մյուսը՝ ԲՀԿ-ական:  Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո ԲՀԿ-ն որոշեց պայքարել այս տեղի համար՝ մտածելով, որ հաղթելու մեծ հնարավորություն ունի. Արարատի ամենախոշոր գործատուն`ցեմենտի գործարանը, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, գործարանի աշխատակիցներն էլ կամ ԲՀԿ անդամներ են, կամ համակիրներ: Թվում էր, թե ԲՀԿ-ական թեկնածուն ունի հաղթելու բավական մեծ հնարավորություն, քանի որ  նրա թիկունքին կանգնած էր 2-հազարանոց կոլեկտիվ: Բայց նույնիսկ նման ակնհայտ թվացող առավելությունը բավարար չէ հաղթելու համար: Իշխանությունը կարող է մեկ անգամ ևս ցույց տալ, որ իր ցանկալի թեկնածուի համար կարող է հաղթանակ ապահովել նույնիսկ անհնարին թվացող իրավիճակներում:

ՀՀԿ-ական թեկնածուին պաշտպանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզպետն ունի վարչական լծակներ, որոնց միջոցով հնարավոր է կողմնորոշել ընտրազանգվածի մի մասին. հիվանդանոցի բուժանձնակազմ, դպրոցների ուսուցչական կոլեկտիվներ, տարբեր պետական կառույցների աշխատակիցներ, այդ թվում՝ ոստիկաններ, բանակից արձակուրդ ստացած զինվորներ և դրանից երջանկացած ու իշխանության նկատմամբ պարտավորված զինծառայողի ազգականներ: Բայց այս ռեսուրսը բավարար չէ հաջողության համար. քանի որ Արարատի բնակչության հիմնական մասը պետական ծառայողներ չեն կամ զինծառայողի ազգականներ, այլ՝ շարքային գործազուրկներ, որոնք ընդհանրապես անտարբեր են ընտրությունների և ՀՀԿ-ԲՀԿ պայքարի նկատմամբ: Նրանց վրա կարելի է ազդել և քաղաքական ինքնագիտակցություն արթնացնել միայն մի ձևով`ընտրությունների մասնակցության նկատմամբ ֆինանսական շահագրգռություն առաջացնելով, ավելի պարզ՝ ընտրակաշառք բաժանելով: Եվ ահա, արդեն մի քանի օր, Արարատի ընտրողներին բաժանվում է ընտրակաշառք և այն էլ՝ չափազանց էկզոտիկ տարբերակներով:

Օրինակ՝ «Շտապ օգնության» կանչերի միջոցով: Շենքերից մեկում պայմանականորեն ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, «Շտապ օգնություն» են զանգահարում, և բժշկի խալաթով մարդիկ, տնետուն ընկած, ըստ ցուցակի՝ բաժանում են ընտրողի հասանելիք գումարը: Հետո պարզում են, որ «հիվանդն» ապրում է հարևան մուտքում,  մտնում են հարևան մուտք, և այդպես շարունակ, մինչև անցնում են շենքի բոլոր այն բնակարաններով, որտեղ նրանց սրտատրոփ սպասում են «հիվանդ» ընտրողները:

Կա մի տարբերակ ևս. հայտարարվում է, որ որևէ թաղամասի բնակիչներ իրենց հասանելիք գումարը կարող են ստանալ տիկին Կլարայի տնից, և նրանք հերթով գնում են տիկին Կլարայի տուն՝ սուրճ խմելու: Լինում են դեպքեր, երբ սուրճի հերթեր են գոյանում, և տանտիրուհին հորդորում է տարբեր ժամերի գալ, որպեսզի կուտակումներ չառաջանան: Իհարկե, կարելի է ընտրակառաքը բաժանել ավելի բացահայտ, բայց քանի որ ընտրությունները պետք է լինեն  խիստ օրինական, առանց խախտումների, իսկ ընտրակաշառք բաժանելն ու ստանալն էլ քրեական հանցագործություն են, մտածվում են նման հնարքներ, Ոստիկանության ուշադրությունը շեղելու և չբացահայտվելու համար:

Կարդացեք նաև

Փող ունի նաև ԲՀԿ-ն, և, եթե մրցակցությունը լիներ մարդկանց փողով գնելու մեջ, ԲՀԿ-ն, հնարավոր է, որ ավելի մեծ հաջողություն ունենար, քանի որ կարող էր ավելի շատ բաժանել, քան ՀՀԿ-ն: Բայց ԲՀԿ-ն փող չի բաժանում.  ԲՀԿ-ականները մարդկանց չեն կաշառում ոչ թե այն պատճառով, որ իրենք բացարձակ ՕՐԻՆԱԿԱՆ ընտրությունների կողմնակից են, և մերժում են ընտրակաշառքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց, այլ՝ որովհետև  փող բաժանելու իրավունք Արարատում տրված է միայն ՀՀԿ-ական թեկնածուի կողմնակիցներին: ԲՀԿ-ականները հստակ տեղեկացված են, որ, եթե իրենք նույնիսկ մեկ մարդու կաշառեն, ապա ընտրակեղծիքի փաստն անմիջապես հայտնի կդառնա Ոստիկանությանը, փող տվողը և վերցնողը կկալանավորվեն, և հեռուստաեթերով կպատմեն, թե ինչպես էին փորձում ԲՀԿ-ական թեկնածուի համար ընտրություն կեղծել: Այստեղ չեն օգնի ոչ «Շտապ օգնության» կանչերը, և ոչ էլ անգամ հարևան փողոցում սուրճի մասսայական հյուրասիրությունները: Ոստիկանությունը միայն ՀՀԿ-ի դեպքում է, որ կարող է թույլ տալ, որ իրեն ֆռռացնեն:

Այսպիսով, ընտրությունների արդյունքը կարելի է կանխորոշված համարել. և սա դաս կլինի ԲՀԿ-ին՝ նաև մյուս ընտրությունների համար: Ամեն տեղ չէ, որ ԲՀԿ առաջնորդն ունի այդ քանակի աշխատողներ ունեցող գործարան, և եթե նույնիսկ գործարանի և այնտեղ աշխատող ԲՀԿ-ական բանվորների քանակը չի կարող որոշիչ լինել ընտրությունների վրա, ապա մյուս համայնքներում վիճակը շատ ավելի անհուսալի կլինի: ՀՀԿ-ին՝ բացարձակ հաջողության համար, պետք է յուրաքանչյուր մարզում ունենալ Արամայիս Գրիգորյանի նման մարզպետ, ով պատրաստ է իր սեփական միջոցներն անգամ ներդնել կուսակցական թեկնածուի հաղթանակի համար, և ոչ թե սպասել, թե երբ պետք է ընտրություններ լինեն, որպեսզի կուսակցական կենտրոնից ընտրության համար ուղարկված փողից ինչ-որ մասը սեփականացնի:

Վերջին շրջանում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը հասկացել է, որ նախկին ոստիկանական գեներալ-մարզպետներից ոչ մի օգուտ չկա, և նրանք փոխարինվում են գործարարներով: Միակ բացառությունն Անվտանգության ծառայության գեներալ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումն էր Շիրակի մարզպետի պաշտոնում, բայց այստեղ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ որևէ խնդիր չունի, քանի որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետին ՀՀԿ-ականները չափազանց ջերմ են վերաբերվում:

 

Տեսանյութեր

Լրահոս