Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը»` հարկայինի ուշադրության կենտրոնում
Այս տարվա մարտից Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել էր ուժեղացնել հսկողությունը տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության նկատմամբ՝ որպես նպատակ հռչակելով երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարը: Ընդունվում է, որ ստվերը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար՝ փաստաթղթաշրջանառության հանդեպ հսկողության ուժեղացումը պետք է հանգեցնի ստվերի կրճատման:
ՊԵԿ-ն օրերս ամփոփել է ընթացիկ տարվա 10 ամիսների վիճակագրությունը և արձանագրել, թե «առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրության` ամենօրյա ռեժիմով հրապարակումը կոմիտեի պաշտոնական կայքում դրական ազդեցություն է ունեցել բիզնեսի վարքագծի վրա, Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների զգալի մասը սկսել է աշխատել փաստաթղթաշրջանառության հստակ ընթացակարգերով, կարգազանցներն էլ տուգանվել են»: Նշվել է նաև, որ այս ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը և դրանցում արձանագրված գումարներն աճել են: ՊԵԿ աշխատակիցները նաև եզրակացրել են, որ ստվերի ծավալներն են կրճատվել:
Ընդհանուր առմամբ, կազմվել է շուրջ 2000 վարչական ակտ, իսկ տուգանքը կազմել է 710 միլիոն դրամ, որի մեծ մասն արդեն իսկ վճարվել է:
Ստվերի կրճատման դեմ պայքարի մղումն, ինչ խոսք, գովելի է: Իսկ երբ արձանագրվում են իրական արդյունքներ՝ առավել ևս: Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: 168.am-ը նախկինում գրել էր, որ փաստաթղթաշրջանառության խախտումներ թույլ տված ընկերությունների շարքում առանձնանում է ՀՀԿ -ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը ստուգումների հենց առաջին օրը՝ մարտի 11-ին, հանցանքի վայրում «բռնվել» էր 10 անգամ ու տուգանվել ընդհանուր առմամբ՝ 7,065,340 դրամի չափով: Ուշագրավ է, որ դրանից հետո «Ալեքս Գրիգը» ՊԵԿ-ի ցուցակներում հայտնվել էր ամսական 4-5 օր՝ 1-2 դեպքով, իսկ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին՝ ընդհանրապես 2-3 անգամ: Անցած 8 ամսում փաստաթղթաշրջանառության խախտումներ թույլ տալու համար «Ալեքս Գրիգն» ընդհանուր վճարել է 37 մլն 364 հազար դրամ տուգանք:
Այժմ ամենահետաքրքրականը. հաշվի առնելով, որ այս տարվա 10 ամիսներից 8-ի ընթացքում ՊԵԿ-ը խիստ հսկողություն է սահմանել և, ենթադրաբար, «Ալեքս Գրիգին» ստվերում մանևրելու քիչ տեղ է մնացել, առևտուրը կատարվել է փաստաթղթերով, ընկերության վճարած հարկերը, արդեն՝ տրամաբանորեն, պետք է ավելացած լինեին: Մինչդեռ, նույն ՊԵԿ տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Սամվել Ալեքսանյանի ընկերության կողմից բյուջե կատարված հարկային մուտքերը նվազել են 13.1%-ով կամ 1 մլրդ 770 մլն դրամով:
Սա կարող է նշանակել 2 բան՝ կամ ՊԵԿ-ի այս գործիքն արդյունավետ չէ, կամ ընտրողական մոտեցում է ցուցաբերվում տնտեսվարողների հանդեպ, և «Ալեքս Գրիգին» ոչ բոլոր խախտումների դեպքում են տուգանում:
Ի դեպ, ալյուրի բիզնեսով զբաղվող տնտեսվարողներից մեկի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, 168.am-ին հայտնեց, որ փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողության սահմանումից հետո իրենց ընկերությունը դժվարին վիճակում է հայտնվել, քանի որ ամբողջովին օրենքի դաշտում աշխատելը խիստ անհավասար մրցակցություն է ստեղծում հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Մասնավորապես՝ ընկերությունը զրկվել է իր որոշ հաճախորդներից, քանի որ մարտից հետո «Ալեքս Գրիգից» սկսել են զանգել բոլոր սպառողներին և առաջարկել ալյուր մատակարարել առանց փաստաթղթի՝ նշելով, թե իրենք «թուղթ տալու խնդիր չունեն»: Նկատենք, որ առանց այդ էլ «Ալեքս Գրիգն» ալյուրի շուկայում գերիշխող դիրք ունի. ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալների՝ այս ընկերությունն իրացման ծավալներով գրավում է ալյուրի շուկայի 1/3-ից ավելին՝ 47.3 %: