Թռիչք «Նաիրիտի» վրայով
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից և «Նաիրիտ» գործարանի հանդեպ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ցուցաբերած հետաքրքրությունը ենթադրել տվեց, որ գործարանի վերագործարկման հարցի հետ կապված` մութ թունելի վերջում լույսի նշույլներ են հայտնվում:
Սպասվում էր, որ արդեն հոկտեմբերին իրավիճակը պարզ կդառնա՝ ստանձնո՞ւմ է արդյոք «Ռոսնեֆտը» «Նաիրիտի» կառավարումը, թե՞ ոչ: Այսօր նոյեմբերի 5-ն է, բայց առայժմ ոչինչ չի որոշակիացել: Հաշվի առնելով այն, որ ԱՊՀ Միջպետական բանկին գործարանի ունեցած պարտքի խնդրի առնչությամբ Մոսկվայի արբիտրաժային դատարանում քննվող 2 գործերով նիստը, որ կայացել է հոկտեմբերի վերջերին, կրկին հետաձգվել է մինչև դեկտեմբերի 13-ը, ապա ենթադրելի է, որ ռուսները ևս սպասողական վիճակում են:
ՀՀ պաշտոնյաներն աշխատում են «Նաիրիտի» մասին քիչ խոսել` պատճառաբանելով, թե բանակցություններ են ընթանում, և միայն դրանց ավարտից հետո հնարավոր կլինի խոսել արդյունքներից:
Օրերս կրկին մոտավորապես նման պատասխան է տրամադրվել «168 Ժամին» ՀՀ էներգետիկայի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ի պատասխան մեր հարցադրման` ««Ռոսնեֆտի» հետ բանակցություններն ի՞նչ վիճակում են, լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը շահագրգռված է ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը, բայց ՀՀ կառավարության կողմից խոչընդոտներ կան, ո՞ր հարցերի շուրջ դեռևս չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել»: Նախարարությունից նաև հայտնել են, թե «Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտում» իրականացվում են բազմակողմանի ուսումնասիրություններ (տեխնիկական, բնապահպանական, տեխնոլոգիական, ենթակառուցվածքների, ֆինանսական և այլ)»:
Ինչպես ասում են` գործարանի ապագայի վերաբերյալ մի օր «լույս կբացվի», սակայն մինչ այդ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անցյալի հետ կապված բազում հարցեր շարունակում են օդում կախված մնալ: Դրանցից մի քանիսը «168 Ժամը» հրապարակային կերպով հղել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ապա, արձագանք չստանալով, նաև գրավոր՝ պաշտոնական կերպով հարցում արեցինք:
Թեև նախարարությունից մեզ պատասխանել են, սակայն նման պատասխանների մասին ռուսներն ասում են` «лапшу на уши вешать»:
Այսպես, մեր հարցին՝ «պետական միջոցներից որքա՞ն գումար է ծախսվել գործարանի չաշխատելու ժամանակաշրջանում», պատասխանել են. «Պետական միջոցների գումարներ չեն ծախսվել: Ընկերության կողմից ներգրավվել են վարկեր և փոխառություններ»:
Մինչդեռ, «Նաիրիտը» փոխառություններ է վերցրել միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ենթակայության տակ գտնվող կառույցներից՝ Երևանի ՋԷԿ և Որոտանի ՀԷԿ-երի կասկադ, որոնք 100% պետական ընկերություններ են, և դրանց գումարներով է «Նաիրիտի» աշխատողներին աշխատավարձ վճարվել: Սա օրենքով պետք է կատարվի նախարարի որոշմամբ, որովհետև պետական ընկերությունն իրավունք չունի փոխառություն տալ այլ ընկերության, այն էլ` այնպիսի ընկերության, որը պետական չէ, մասնավոր է և գտնվում է նման ծանր վիճակում: Այսինքն` 100%-ով հիմնավորվում է, որ «Նաիրիտ գործարան» մասնավոր ընկերությունը բավականին մեծ ծավալի փոխառություններ է վերցրել պետական ընկերություններից՝ ամսական 500 մլն դրամի չափով աշխատավարձի ֆոնդի համար: Իսկ սա տարեկան ստացվում է 6 մլրդ դրամ: «Նաիրիտը», հիշեցնենք, չի աշխատում 2010 թ.-ից: Գործարանի ակտիվներն ամբողջությամբ գտնվում են գրավի տակ, ոչ մի բանկ նրան վարկ չէր տրամադրի, միակ հասանելի աղբյուրը կառավարության ենթակայությամբ գտնվող ընկերություններն են: Այսինքն` 90%-ով մասնավոր գործարանին փոխառություն տրվել է պետական միջոցներից: Իսկ նախարարության պատասխանը պարզապես բառախաղ է:
Երկրորդ՝ «պարապուրդի ընթացքում տնօրենների խորհուրդը վարձատրվե՞լ է, թե՞ ոչ, մասնավորապես՝ խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանն աշխատավարձ ստացե՞լ է» հարցին նախարարությունից պատասխանել են, թե` «դրան իրավասու է պատասխանել պրն Վ. Մելքոնյանը»: Համաձայնենք, որ Մելքոնյանի աշխատավարձը Մելքոնյանի իրավասությունն է, բայց որպես խորհրդի անդամ և բաժնետեր` պետությունը պարտավոր է տեղյակ լինել՝ վարձատրության փաստի մասին: Էական չէ դրա չափը, էական է՝ Մելքոնյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն` բավականին բացասական դերակատարում է ունեցել գործարանի ճակատագրի հարցում, շարունակո՞ւմ է վարձատրվել, թե՞ ոչ: Այդ մասին խորհրդի անդամները, այն էլ` կառավարության ներկայացուցիչը չի կարող չիմանալ:
Երրորդ` գործարանի պարապուրդի ընթացքում աշխատավարձային ֆոնդը կրճատելու համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ և այդ խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Արա Սիմոնյանի կողմից արդյոք հարց բարձրացվե՞լ է աշխատակազմը կրճատելու մասին, հատկապես` 9 տեղակալների մասով, որոնց աշխատավարձերն անտրամաբանական մեծ գումարներ են կազմում, և արդյոք գործարանին չաշխատելու ընթացքում և ընդհանրապես հարկավո՞ր էին այդքան շատ տեղակալներ: Նախարարությունից հայտնեցին, թե գործարանի պարապուրդի ընթացքում խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել վարչակառավարական աշխատակազմի կրճատման և հարկադիր պարապուրդի հարցերով, և ներկայումս աշխատանքի մեջ են գլխավոր տնօրենի տեղակալներից 5-ը:
Նկատենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարանի պարապուրդի կանգնելուց հետո գործարանի աշխատավարձն ապահովել է ՀՀ կառավարությունը, ապա հենց նա էլ պետք է շահագրգռված լիներ, որ պարապուրդի մատնված գործարանում խիստ կարևոր աշխատանք չկատարող անձինք, առավել ևս` նրանք, ովքեր նման բարձր աշխատավարձ են ստանում, չաշխատեին: 5 տեղակալի աշխատավարձը բավականին մեծ գումար է կազմում (յուրաքանչյուրն` ամսական մոտ 3.5 մլն դրամ): 2006-2007 թթ., երբ գործարանը 100%-ով աշխատում էր, արտադրանք էր տալիս, ընդամենը 3 տեղակալ կար, և անհասկանալի է, թե ներկայումս, երբ գործարանն արդեն 3-րդ տարին չի աշխատում, ի՞նչ աշխատանք են կատարում այդ 5 տեղակալները, առանց որի հնարավոր չէ: Այսինքն, գործարանի ոչ արդյունավետ կառավարումը հագեցրել է նրան, որ լրացուցիչ միլիոնավոր ծախսեր են կատարվում պետական սուղ միջոցներից:
Չորրորդ` պարապուրդի ընթացքում գործարանում նոր աշխատողներ են ընդունվել, այն էլ` անչափահաս (Մ. Թորոսյանի որդին ընդունվել է աշխատանքի, իսկ մի քանի օր աշխատելուց հետո գնացել է արձակուրդ http://www.hraparak.am/news /view/38722.html): Նախարարությունից մեզ հայտնեցին, թե ՀՀ կառավարության ներկայացուցիչ Սիմոնյանը դրա մասին տեղյակ չի եղել, և հարցը գլխավոր տնօրենի իրավասության շրջանակում է: Հնարավոր է:
Հինգերորդ՝ մեր հարցին՝ Արա Սիմոնյանը համաձայնություն տվե՞լ է Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս» ընկերության գնման գործարքին և այդ նպատակով Միջպետական բանկից շուրջ 10 մլն դոլար վարկ վերցնելուն ու դրանից 4 ամիս հետո ընկերության վաճառքին ընդամենը 900 հազար դոլարով, նախարարությունից պատասխանեցին, թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կողմից «Մեգատեքս գրուպ» ընկերությունը ձեռք բերելու գործարքը կայացել է ընկերության վերակառուցման ծրագրի իրականացման արդյունքում` շուրջ 35.000 տոննա կաուչուկի պահեստավորման համար պահանջվող պայմաններն ապահովելու, ինչպես նաև` կաուչուկի բազայի վրա ռետինատեխնիկական արտադրություն կազմակերպելու համար՝ օգտագործելով «Մեգատեքս գրուպի» արտադրական տարածքը և պատրաստի ենթակառուցվածքները:
Մինչդեռ, նախարար Արմեն Մովսիսյանը չէր կարող չիմանալ (այդ մասին բազմիցս գրել են նաև ԶԼՄ-ները), որ աշխատելու տարիներին գործարանի պահեստները լիուլի բավարարել են, և տարօրինակ է, թե այդ ինչի համար է լրացուցիչ տարածք պետք եղել, որ նոր «պահեստների» կարիք է առաջացել: Այսինքն, 2009 թ.-ին 10 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնություն է տրվել կառավարության կողմից, այն դեպքում, երբ գործարանը չէր աշխատում, բայց կարող էին դա չանել կամ առնվազն հետաձգել: Այսինքն, այդ գործարքը կատարվել է ՀՀ պաշտոնյաների թողտվության արդյունքում:
Վեցերորդ` հարցին` «Նաիրիտում» ՀՀ կառավարության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը տեղյակ եղե՞լ է իրանական օֆշորային «Նումարդ Թրեյդինգ» ընկերության հետ գործարքից (այս մասին «168 ժամը» գրել է նախկինում), եթե ոչ, ապա չե՞ք ուզում պարզել, թե ինչ է եղել իրականում, մեզ վստահեցրին, թե Սիմոնյանը տեղյակ չի եղել և նշված ժամկետում խորհրդի անդամ չի հանդիսացել: Սակայն, հիշեցնենք, որ «Նումարդ թրեյդինգը» «Նաիրիտին» դատի է տվել 2009-ին, վճիռը կայացվել է 2010-ին, իսկ Արա Սիմոնյանը տնօրենների խորհրդի անդամ է 2007-ի վերջերից: Այսինքն, կառավարությունը լավ էլ տեղյակ է եղել օֆշորային պատմությունից, այս հարցի հետ կապված մամուլում ևս բավականին աղմուկ էր բարձրացրել, բայց միջոցներ ձեռք չեն առնվել այդ խիստ անբարենպաստ գործարքը կանխելու համար:
Յոթերորդ՝ 2009-ին Միջպետական բանկից «Նաիրիտը» վերցրել է շուրջ 100 մլն դոլար վարկ, որպես կառավարության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը համաձայնե՞լ է դրան և տեղյա՞կ է, թե ուր են ուղղվել գումարները: Նախարարությունը ոչինչ ավելի լավ չի գտել, քան պատասխանել, թե` «ընդհանուր առմամբ, նպատակահարմար չենք համարում հրապարակել կամ մեկնաբանել առանձին հարցերի վերաբերյալ խորհրդի նիստերում նրա առանձին անդամների ներկայացրած դիրքորոշումները»: Բայց սա կարևոր է այնքանով, որ ցույց է տալիս ոչ թե անհատ անդամի՝ Արա Սիմոնյանի, այլ պետության դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ: Այսինքն, պետության գիտությա՞մբ է «Նաիրիտը» 100 մլն դոլար վարկ վերցրել, թե՞ ոչ: Այս դեպքում նախարարության լռությունը հօգուտ իրեն չէ:
Ութերորդ՝ ամենակարևոր հարցերից մեկին` «Ճի՞շտ են լուրերը, որ ցանկություն կա գործարանը շահագործել միայն բութադիենային տեխնոլոգիայով, այսինքն` հրաժարվել ացետիլենային տեխնոլոգիայից: Չե՞ք գտնում արդյոք, որ ավելի ճիշտ է գործարանը շարունակել շահագործել ացետիլենով, որը հնարավորություն կտա չկորցնել մասնագետներին, պատրաստել նոր մասնագետներ, նորից մտնել շուկա և զուգահեռ անցնել բութադիենին», նախարարությունից պատասխանել են` «ացետիլենային եղանակով կաուչուկի արտադրությունը վերագործարկելու նպատակահարմարության վերաբերյալ Jacobs Consultancy ընկերությունը նախկինում տվել է բացասական եզրակացություն՝ ելնելով հիմնականում թե՛ տնտեսական ցուցանիշներից, թե՛ արտադրության անվտանգության (պայթյունավտանգության) նկատառումներից: Վերջնական որոշում կընդունվի նոր ներդրողի ընտրությունից հետո»:
Խնդիրն այն է, որ արդեն 3-րդ տարին կառավարությունը ներդրող է փնտրում, որը դեռ չկա:
Այսօր իսկ անհրաժեշտ է, որ գործարանը գոնե ացետիլենային եղանակով գործարկվի: Պարզաբանենք, թե ինչու. «Նաիրիտ» գործարանի նախկին գլխավոր տնօրեն Ալբերտ Սուքիասյանի հեղինակած ացետիլենային տեխնոլոգիայի հիման վրա գործարանը սկսել է աշխատել 1993-ից: Նույն տեխնոլոգիայով այսօր Չինաստանում աշխատում է «Նաիրիտ Շանսի» հայ-չինական համատեղ ընկերությունը: Պայթյունավտանգությունը, որ մեջբերվում է նախարարության պատասխանում, ռեալ չէ, քանի որ 1994-ից ընդամենը 2 դեպք է եղել, որոնք կապ չեն ունեցել տեխնոլոգիայի հետ, դա եղել է մարդկային գործոնի պատճառով: Գլոբալ առումով նման կարգի բոլոր գործարաններն էլ պայթյունավտանգ են, աշխատում են գազով, բայց տեխնոլոգիան պայթյունավտանգության հետ կապել չի կարելի:
Այսօր եթե գործարանն աշխատի ացետիլենային եղանակով, կստանա մոտ 1000 տոննա արտադրանք, բութադիենի դեպքում՝ ամսական 2500 տոննա, բայց ացետիլենով աշխատելու դեպքում լուծվում է կրկին շուկան գրավելու խնդիրը, կադրերի պահպանման և նոր կադրերի պատրաստման՝ սերնդափոխության ապահովման խնդիրը, քանի որ, մինչև բութադիենային տեխնոլոգիայի ներդրումը և գործարկումը, առնվազն 2-3 տարի է անհրաժեշտ, իսկ դա վտանգավոր է հեռանկարի առումով` նման գործարանն իսկապես պայթյունավտանգ է, և խիստ անհրաժեշտ է, որ աշխատակազմը որակավորված ու փորձառու լինի, այսինքն` պետք է փորձառու աշխատակցի կողքին նոր կադր աճի, որ ապահով կերպով կարողանա փոխարինել ավագ սերնդին:
Իններորդ` «2006թ. օգոստոսի 18-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 56.2% բաժնետեր «Հայգազարդ» ՓԲԸ-ին կառավարության որոշմամբ թույլատրվել է սեփական բաժնեմասը հասցնել մինչև 90%-ի և այն վաճառել 40 մլն դոլարով «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդին»: Ճի՞շտ է, որ 2010 թ. դրությամբ «Հայգազարդը» «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդից» ստացել էր միայն 39 մլն դոլարը: Ի՞նչն է պատճառը, որ այդ 1 մլն-ը չի փոխանցվել»: Այս հարցին նախարարությունից պատասխանել են՝ փաստացի ոչինչ չասելով:
Մեջբերենք. «ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի N1131-Ա որոշման համաձայն` «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի 90% բաժնետոմսերը 2006 թ. կնքված առուվաճառքի պայմանագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ի (վաճառող) կողմից օտարվել են Rhinoville Property Limited ընկերությանը (գնորդ) 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից գնորդը, պայմանագրի համաձայն` վճարել է 39 մլն ԱՄՆ դոլար, գործարանի ակտիվների և պասիվների ստուգման աշխատանքների ավարտից հետո կատարվել են նաև մնացած փոխադարձ պարտավորությունները»:
Այս պատասխանից չի երևում՝ պարտավորությունը մարվե՞լ է, թե՞ ոչ: Ընդունում են, որ 1 մլն դոլարը սկզբում չեն տվել: Բայց «Հայգազարդը» գործարանի վաճառքի ժամանակ 1 մլն դոլար պակաս է ստացել, իսկ փոխադարձ պարտավորություն չի եղել: Եթե 40 մլն-ի փոխարեն 39 մլն է վճարվել, պետք է կառավարության կողմից համաձայնություն կամ որոշում լիներ, որի մասին խոսք չկա: Հարցերը՝ ի՞նչն է պատճառը, որ «Հայգազարդը» 1 մլն չի ստացել` կամ եթե ստացել է՝ ե՞րբ, ո՞ւր է այն գնացել, անպատասխան են մնում:
«168 Ժամ»