Ի՞նչ սպասել 2014 թվականի բյուջեից
Հարցազրույց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ
– Պարոն Մելքումյան, ԱԺ-ում ավարտվեցին բյուջետային քննարկումները, ի՞նչ գնահատական ու դիտարկումներ ունեք 2014 թ. ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ:
– Այս տարվա բյուջեն բավականին լուրջ խնդիրներ ունի` իր եկամտային քաղաքականության մասով: Նախատեսված է, որ 1 տրլն 92 մլրդ դրամ պետք է հավաքագրվի, ընդ որում` 1 տրլն 65 մլրդ-ը` սովորական ընթացակարգային եղանակով, և լրացուցիչ 25.8 մլրդ, որը վարչարարության և աշխատավարձի բարձրացման հետ է կապված: Ընդհանուր 99.2 մլրդ ավելին է հավաքագրվելու, քան 2013-ին: Այս ավելացումները մեզ մոտ բավականին կասկածներ են հարուցում: Հայտնի է, որ, եթե ընթացիկ տարում մենք ունենք տնտեսական աճի լուրջ դանդաղեցում` պաշտոնական 6.2% աճի սպասումը նվազեցվել է մինչև 4.1%, մասնավորապես, արդյունաբերության աճը 9.3%-ից իջեցվել է 3%-ի, շինարարության 4% աճի փոխարեն` ունենք 10% անկում, այդ բոլորը հանգեցնում է նրան, որ, եթե տնտեսական աճ չկա կամ լուրջ դանդաղել է, դա կանդրադառնա հաջորդ տարվա վրա, հատկապես հաշվի առնելով 9%-ից ավելի գնաճը:
Այսինքն, առաջիկա տարվա համար հիմքերն այնքան էլ ամուր չեն և, եթե բյուջետային եկամուտները հավաքագրվեն, ապա կհավաքագրվեն բիզնեսների համար ոչ ցանկալի միջավայր ստեղծելով:
Բյուջետային ուղերձում եկամուտների առավել շատ հավաքագրում նախատեսված է եկամտային հարկից` 61.5 մլրդ դրամ, այսինքն` 225 մլրդ դրամից եկամտային հարկի ծավալը հասցված է 287 մլրդ դրամի, որն աննախադեպ է, քանի որ այս տարիների ընթացքում այսպիսի աճ երբևիցե չի եղել: Բացատրվում է, թե ՀՀ ՀՆԱ-ն գնահատվում է 4.7 տրլն դրամ, որի մեջ մտնում է նաև ստվերային տնտեսությունը, և դրա 36.6%-ն աշխատավարձն է` ստացվում է 1.7 տրլն, որը միջինացված է: Բայց դա լուրջ կասկածներ է հարուցում, քանի որ առաջին անգամ կառավարությունն արձանագրում է ստվերային շրջանառությունը, այդ թվում` եկամուտների մասով:
Եկամտային հարկի ծավալը հաշվարկելու դեպքում բավականին մեծ թիվ է ստացվում: Կառավարությունն ասում է, որ 1.7 տրլն դրամից պետք է հանել գյուղատնտեսության հատվածը, որովհետև այդ ոլորտում եկամտահարկ շատ տեղերում չի հավաքագրվում, և կառավարությունը 1.7 տրլն-ից հանել է 155 մլրդ, ստացել է 1.5 տրլն-ից քիչ ավելի: Ես վերցնում եմ գյուղոլորտի ԱՎԾ պաշտոնական ցուցանիշները` միջին աշխատավարձը 96 հազար դրամ, և վերցնում եմ, թե քանի մարդ է զբաղված գյուղոլորտում` 437 հազար:
Բազմապատկում ենք, ստացվում է 2 անգամ մեծ թիվ, քան 155 մլրդ-ը, որը նվազեցվում է: Սա մեթոդաբանական առաջին լուրջ բացթողումն է: Ստացվում է, որ կառավարությունն ինքն արձանագրում է, որ կան եկամուտներ, որ չեն արձանագրվում: Ես չեմ պնդում, որ գյուղացիների եկամուտներն անպայման պետք է հարկել, բայց դա չէր կարելի մտցնել մեթոդաբանական գնահատման մեջ և աղավաղել հարկային բազան: Այսինքն` եկամտային հարկման բազան սրանով խաթարվում է:
2-րդ` եթե սահմանվում է 61.5 մլրդ դրամ ավելացում, կառավարությունը ցույց չի տալիս այն ոլորտները, որտեղ այնքան ներդրումներ են արվելու, որ ապահովվի այս ավելացումը: Իսկ եկամտային մասի ավելացումը միայն աշխատավարձերի բարձրացումից չի ստացվելու, քանի որ վերջին բարձրացումն ընդամենը 25 մլրդ դրամ է պահանջելու:
Նույն բյուջետային ուղերձում երևում է, որ ծրագրավորված ներդրումները նախկին ցուցանիշի կեսն են կազմելու: Եթե 2008 թ. ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 41 %, այսօր ծրագրվել է 20.8%: Այսինքն, եթե ներդրումները նվազեցվում են, էլ որտեղի՞ց են աշխատատեղեր ստեղծվելու:
Հաջորդ տարվա բյուջեով գերավճարների ինստիտուտը 25 մլրդ դրամ է նախատեսված: Ձեռնարկատերերի կատարած կանխավճարները տարեցտարի կուտակվել են, և այժմ պետությունն է պարտք ձեռնարկատերերին: 2014 թ. հունվարի 1-ից վերացվում է շահութահարկի 1% կանխավճարի համակարգը: Պարզ չէ, թե ինչպես են «մաշեցվելու» գերավճարները: Սա նույնպես լուրջ խնդիր է:
Շահութահարկի 9 մլրդ դրամով ավելացումը տարօրինակ է. հարկային սահունության գործակիցը` ՀՆԱ 1% աճի դեպքում հարկերի ավելացումը, մեզ մոտ 1.21 է, և ստացվում է, որ հարկերի մի զգալի մաս առողջ տնտեսությունից է հավաքագրվելու: Բայց այս եկամտային քաղաքականության մասով պարզ չէ, թե ինչ է լինելու: Ձեռնարկություններն իրենց վարկունակությունը սպառել են, ձեռնարկությունների մի մասը վարկերի տակ է և լրացուցիչ հարկեր մուծելու շահութաբերություն չունի:
Ներդրումային և գործարար միջավայրի լրացուցիչ բարելավում չկա: Չնայած վարչապետը հայտարարել է, որ հարկային վարչարարությունը չի ավելանում, բայց քաղաքաշինության և շինարարության ոլորտում ամենամեծ անկումն ունենք, 800 մլրդ-ից իջել ենք 400 մլրդ-ի, այսինքն` ՀՆԱ 20 %-ից իջել ենք 10%-ի: Կառավարությունը հայտարարում էր, որ ճգնաժամային իրավիճակի մեղքի մեծ բաժինը շինարարության ծավալի անհիմն աճն է, հիմա անցել է 4 տարի, և հակառակն են պնդում, որ այսօր տնտեսական աճի անկման հիմնական գործոններից մեկը շինարարության անկումն է: Ինչպե՞ս հասկանալ սա:
Պարբերաբար բողոքի ակցիաներ են լինում` Կոմիտաս 5 և այլն, ինչը նույնպես խրտնեցնում է ներդրողներին: Քաղաքաշինական նորմերի ոտնահարումը, քաղաքաշինական գործող օրենսդրության համապատասխանեցումն այսօրվա պահանջներին հետ է մնացել։ Պետք է կարողանանք Երևանի, հատկապես` Կենտրոնի համար օրենք ընդունել, որ պահպանենք քաղաքաշինական տարբեր կանոնների անձեռնմխելիությունը, և բնակչության ու ներդրողների մոտ լրացուցիչ նեգատիվ պոռթկումներ չառաջանան:
– Ստվերի կրճատում կունենա՞նք, թե՞ ոչ:
– Եկամտային հարկի մեթոդաբանությամբ ես հաշվել եմ, որ ստվերը 35-40% է: Բայց քանի որ չի նախատեսվում վարչարարության և հարկային բեռի ավելացում, կարծում եմ, որ ստվերի լուրջ կրճատում չենք ունենա: Հակառակը` աշխատավարձերի բարձրացման և եկամտահարկի արդյունքում կարող ենք աշխատավարձերի կրճատման միտում ունենալ: Այսինքն, մարդիկ կարող են փաստացի շարունակել աշխատել, բայց ֆորմալ կրճատում կլինի: Եկամտային հարկի և կուտակային կենսաթոշակների 5%-ի բեռը բավականին կազդի:
– Ծախսերի մասով ի՞նչ բացեր կան:
– Ծախսերում 45% բաժին է ընկնում սոցիալական ոլորտին, 21-22%` պաշտպանությանն ու անվտանգությանը, 12%` տնտեսության տարբեր ճյուղերին, 3-4%` պարտքի սպասարկում, ՏԻՄ-երի դոտացիաներ: Մենք առաջարկելու ենք վերաբաշխել ծախսերը, հատկապես, օրինակ, գյուղվարկերի սուբսիդավորման առումով, որի համար նախատեսված 860 մլն դրամը շատ քիչ է, այսինքն` յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը 15 դոլար է բաժին ընկնում:
Դա պետք է կտրուկ ավելացնել: Արդյունաբերական քաղաքականության իրականացման մասով առաջարկում ենք կտրուկ ավելացնել արտահանման սուբսիդավորման համար նախատեսվող 20 մլն դրամը: ՓՄՁ-ից հավաքագրվում է ընդամենը 21 մլրդ դրամ, որը 1 տրլն-ի մեջ 2% է: Այսինքն, կարելի է ընդհանրապես հանել դա, ՓՄՁ-ն ազատել հարկումից, որով կլուծենք աշխատատեղերի խնդիր: Ծախսերի առումով նաև առաջարկում ենք գիտության ֆինանսավորումը կտրուկ ավելացնել ու հասցնել ՀՆԱ 1.5%-ի:
– Այսպես ասած, «անտեղի» ծախսեր բյուջեի նախագծում նախատեսվա՞ծ են:
– Կա նման բան, օրինակ` մշակույթի ոլորտում, անցած տարի աղմուկ բարձրացրեց Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Բեկոր Փափազյանի ահռելի աշխատավարձը: Կարծում եմ, եթե տվյալ ծախսն իրականացնողն ապացուցում է, որ դրա արդյունքում ինքն ապահովում է այնքան եկամուտ կամ բարենպաստ միջավայր, որ արդարացված է, կողմնակից եմ դրան, բայց դա պետք է լինի օրենքով, խաղի կանոններով: Եթե չեն հիմնավորում ծախսերի արդյունավետությունը, ես դեմ եմ: Դրա համար պետք է ծախսերի արդյունավետության պետական մեթոդաբանություն լինի:
– Առաջին անգամ կատարվել է ծրագրային բյուջետավորում: Ինչպե՞ս եք դա գնահատում, ու արդյո՞ք այն արդյունավետ կլինի:
– Ընդհանրապես, ծրագրային բյուջետավորումը շատ ճիշտ է, բայց ներկայացված բյուջեի նախագիծը ոչ ամբողջությամբ է համապատասխանում դրան: Այդ առումով բյուջեն չի փայլում:
«168 Ժամ»