Ժողովուրդն ունի ապստամբելու, հեղափոխության դիմելու իրավունք

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դեպքի օրը Ոստիկանությունը բերման է ենթարկել 38 անձի, որոնցից 20-ը, այդ թվում` «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, ձերբակալված են:

Երեկ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ձերբակալված 20 անձանց մեղադրանք չի առաջադրվել: Նա հայտնեց նաև, որ դեպքի ընթացքում տուժած 4 ոստիկաններն այժմ շարունակում են բուժումը:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում բուժում ստացող ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում. մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող ոստիկաններից մեկն ունի գանգուղեղի վնասվածք, մյուսը՝ ծակած վնասվածք: Իսկ 16-ամյա երիտասարդը հենց դեպքի օրը դուրս էր գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Mushex ShushanyanՓաստաբան Մուշեղ Շուշանյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները համապատասխանում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասին: «Պատասխանը շատ ավելի խորքային բովանդակություն է ենթադրում, որովհետև Ոստիկանության գործողությունների իրավաչափության, օրինաչափության մասին կարելի է դատողություններ անել միայն այն դեպքում, եթե սահմանադրության պահանջները պահպանվում են: Խնդիրն ի՞նչն է: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որին Սահմանադրությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, զրկված է իշխանություն ձևավորելու, իշխանություն փոխելու հնարավորությունից, ու խնդրի արմատները, պատճառները պետք է փնտրել դրա մեջ:

Կարդացեք նաև

Երբ քաղաքացին, հանրությունը, ժողովուրդը զրկված են ազատ ընտրությունների ճանապարհով իշխանություն ձևավորելու հնարավորությունից, երբ բռնության իրավունքը բացառապես պատկանում է իշխանությանը, որը ժողովրդի ընդվզումը փորձում է ճնշել, այդ պայմաններում միանշանակ և հստակ է, որ ժողովուրդն ունի ապստամբելու, հեղափոխության դիմելու իրավունք: Ի՞նչ է երեկ տեղի ունեցել:

Ես ընդամենը մեկ-երկու տեսանյութ եմ նայել, շատ ծանոթ չեմ մանրամասներին, բայց մի քանի քաղաքացիներ հայտարարել են, որ իրենք պատրաստվում են գնալ նախագահի նստավայր և ինչ-ինչ քայլերի դիմել: Խոսքը գնում էր, որ գնում են հրկիզելու, այրելու և այլն:

Ես այստեղ կարող եմ ասել, որ նախագահի պաշտոնը բռնազավթած անձի դեմ այդ քաղաքացիներն ընդամենը համարել են, որ միայն այդ ճանապարհն է հնարավոր ու իրենք իրենց ապստամբելու իրավունքն են փորձել իրացնել: Այնպես որ, ես ինչքան որ տեսանյութերին ծանոթացա, Ոստիկանության գործողությունների իրավաչափության մասին խոսելիս, առաջին հերթին, մենք այդ տեսանկյունից պետք է նայենք»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ տեսանյութերում տեսել է. Ոստիկանությունը փակել է ճանապարհը, չի թողել առաջ շարժվել, այդտեղ էլ առաջացել է իրարանցումը, քաշքշուկը. «Ամեն դեպքում այստեղ խնդիրն ավելի շատ ոչ թե տվյալ անձանց ու ոստիկանության գործողությունների իրավաչափության, ոչ իրավաչափության մեջ է, այլ նրա մեջ, որ իշխանությունը փաստացի յուրացված է, ինչը գիտեք՝ Սահմանադրությամբ համարվում է հանցագործություն: Քաղաքացիները ցանկացած եղանակով, այդ թվում` նաև բռնության դիմելու ճանապարհով, իրենց պատկանող իշխանությունը վերադարձնելու իրավունք ունեն: Սա իմ իրավական գնահատականն է: Ես հիմնվում եմ Սահմանադրության ընդամենը մեկ-երկու հիմնարար նորմերի վերլուծության վրա»:

Hovik ArsenyanՓաստաբան Հովիկ Արսենյանը, կարծիք հայտնելով հարցի վերաբերյալ, ասաց, որ միանշանակ է՝ ակնհայտորեն խախտվել է հասարակական կարգը: «Բնականաբար, պետությունն իր միջոցներով պետք է որ հասարակական կարգը վերականգներ, որի ընթացքում տեղի է ունեցել ընդհարում: Այդ ընդհարման արդյունքում հասարակական կարգը խախտողները, այսպես ասենք, նաև օրինապահ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգություն են կատարել, դիմադրություն են ցույց տվել, հարվածներ հասցրել, մարմնական վնասվածքներ հասցրել: Հիմա, կապված նրա հետ, թե այդ մարմնական վնասվածքներն ինչ բնույթի են, ինչ աստիճանի են, ինչով են հասցվել, ըստ այդմ էլ դրա քրեաիրավական որակումները կտրվեն, որովհետև, եթե կյանքի, առողջության համար ոչ վտանգավոր դիմադրություն, բռնություններ են եղել, սա հոդվածի 1-ին մասն է, իսկ եթե ընդհանրապես, եթե, Աստված մի արասցե, կազմակերպված խումբ, մասսայական, զանգվածային և այլն, այս դեպքում, բնականաբար, տալիս է երկրորդ մաս»:

Նշենք, որ քննությունը կատարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

Տեսանյութեր

Լրահոս