Բաժիններ՝

Ներկա դինամիկայի պահպանման դեպքում ՌԴ-ը կդառնա գերազանցապես մուսուլմաններով բնակեցված երկիր. Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր բլոգում անդրադարձել է Ռուսաստանում ազգայնական տրամադրությունների աճին. «Չգիտեմ, թե ինչի համար եմ ես գրում այս ամենը, հավանաբար նրա համար, որ ոչ վաղ անցյալում դարձա մայր, և այժմ ինձ համար այլևս անտարբերություն չի ներկայացնում այն ամենը, ինչը նախկինում չէր հետաքրքրում ինձ:

Մենք նորածնի հետ չքնեցինք ողջ գիշեր. նա՝ իրեն հուզող ծակծկոցների պատճառով, իսկ ես՝ ինձ դառնացրած Ռուսական երթի պատճառով: Հետո երկար մտածեցինք, նա՝ անհայտի մասին, իսկ ես՝ ռուսների մասին: Ահա իմ մտորումների արդյունքները:

Եթե Ռուսաստանը պլանավորել է պահպանել իրեն որպես գերազանցապես ռուսական մշակույթով ու քրիստոնեական արժեքներով երկիր, ապա նրան մնացել է X ժամանակ՝ ներկա տեսքով ապրելու համար, որովհետև որոշ ժամանակ անց ներկա դինամիկայով Ռուսաստանը կդառնա գերազանցապես ոչ ռուսներով բնակեցված երկիր, ընդ որում՝ ոչ միայն պարզապես ոչ ռուսներով, այլև՝ մուսուլմաններով բնակեցված երկիր:

Եվ դա անգամ վիզաների (առկայության) պարագայում: Վիզաներն ընդհանրապես կապ չունեն: Ռուսները Հայրենիքը ներկա տեսքով պահպանելու համար չունեն որևէ այլ ուղի՝ բացառությամբ ծնելիության մակարդակն ու ձուլման գործընթացը մեծացնելու:

Չհեռացնել իրենից, չահաբեկել, չսպանել մետրոպոլիտենում և փոխարենը մեկ ընդհանուր ռուսական մշակութային զանգվածում ձուլել դեռևս գոյություն չունեցող միասնական ռուս ժողովուրդը՝ բոլոր ոչ ռուսներին, որոնք ծնվել և մեծացել են մեր այս հողում:

Պետք է պարզապես մեկ անգամ դադարել խաղալ օտար համատեքստերի ու իդեալների վրա, ամեն գնով պահպանել ու ամրապնդել փոքր ժողովուրդների եզակի մշակույթը, ոչ ռուսական այբուբեններն ու լեզուները:

Պետք է վերջնականապես միասնական, անառարկելի, միաձույլ, անդառնալի լինեն և հանրահավաքի ժամանակ կամ ամբիոնից առավել տաղանդավոր ճառողից կախված չլինեն մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր առաջին և գլխավոր լեզուն:

Մնացյալը տեխնիկայի գործ է: Պարզապես պետք է վերջնականապես լուծել հարցը: Բավական է կերակրել Կովկասը: Պետք է կերակրել Ռուսաստանի հարավը: Եվ այդ ռուսական հարավը պետք է իմանա, որ իրեն կերակրում են և նրանով տարված են, քանի դեռ նա մտովի ռուսական է:

Իմ նախատատը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ Տրապիզոնից, որը եղել է նրա Հայրենիքը, դեռևս այդ ժամանակ ռուսական Ղրիմ է փախել թուրքական սրից, որը սպանել է նրա եղբայրներին, քույրերին ու ծնողներին: Իմ տատիկը ծնվել և մեծացել է Սոչիում, ընդ որում, մինչև 18 տարեկանը չի խոսել ռուսերեն:

Իմ հորը թույլ չեն տվել ամուսնանալ ռուսի հետ, քանի որ սփյուռքը հավանության չի արժանացնում օտարների հետ ամուսնությունները, անգամ եթե այդ սփյուռքն ապրում է ուրալյան Կրասնոտուրինսկում, ուր ծնվել է իմ հայրը:

Ես ինքս չորրորդ սերունդն եմ, ծնվել եմ Կրասնոդարում, չեմ խոսում հայերեն, գրեթե ոչինչ չգիտեմ Հայոց պատմության մասին, Հայաստանում եղել եմ մեկ անգամ՝ 25 տարեկանում՝ Պուտինի հետ գործուղման ժամանակ, և իմ Հայրենիքը միանշանակ Ռուսաստանն է:

Իմ ընտանեկան պատմությունը հայ ժողովրդի պատմության տեսանկյունից աղետ և սարսափ է, իսկ ապագա Ռուսաստանի տեսանկյունից դա միայն այդպես էլ պետք է լիներ:

Փոքրիկ դաղստանցին, ինգուշը, թաթարը, կալմիկը (էլ ո՞ւմ են սպանում մոսկովյան մետրոպոլիտենում) պետք է իմանա, որ նա առաջին հերթին ռուսաստանցի է, իսկ հետո նոր արդեն՝ դաղստանցի, ինգուշ, թաթար, կալմիկ՝ անկախ նրանից, թե ինչ են այդ մասին մտածում նրա ծնողները: Ինչպես ես գիտեմ այդ մասին, այնպես էլ այդպես կիմանան իմ երեխաները:

Ընդ որում, դժբախտաբար մշտապես կա այլ ճանապարհ՝ բոլորին բաց թողնել, առավել ճշգրիտ ասած՝ վտարել: Անկեղծ ասած՝ դա առանձնահատուկ չի դառնացնի ոչ ոքի: Վաղուց անցել են ժամանակները, երբ դա կդառնացներ: Եթե պահը բաց թողած չլինեին, ապա այսօր չէր ծագի նման հարց:

Ակնհայտ է, որ մյուս ուղին հրապուրիչ է, և այն արդեն իսկ չեն խորշում ճշմարիտ և հնարավոր անվանել այն անձինք, որոնց ընդունված է համարել բարեկիրթ: Արտաքնապես նորմալ մարդիկ են թվում:

Հարգարժա՛ն նորմալ մարդիկ, եթե ձեզ չգիտես ինչու ձեռնտու է Ռուսաստանը՝ Ոսկյա օղակի սահմաններում, առանց ազգային փոքրամասնությունների, առանց նավթի ու գազի, առանց ոսկու և ադամանդի, առանց Բայկալի ու Ամուրի, առանց հարավային ծովի ու բարեբեր հողերի, ապա իհարկե շարժվեք առաջ:

Սակայն այնպես չի ստացվի, որ այստեղ չլինեն ազգային փոքրամասնությունները, և դրա հետ մեկտեղ մնան նավթը, ադամանդը, Բայկալն ու Ամուրը, գազն ու ծովը: Անձամբ ինձ համար ձեռնտու չէ Ռուսաստանը՝ օղակի սահմաններում: Եվ եթե  God forbid! (Աստված չանի) երբևէ անհրաժեշտություն ծագի պատերազմել դրա համար, նշանակում է, որ կգնանք պատերազմ:

Եվ քանի դեռ ինձ չեն հիշեցրել, հիշեցնեմ ես ինքս, որ ես ռուս չեմ, իմ մեջ չկա ռուսական արյան որևէ կաթիլ: Ոչ մի կաթիլ: Փառք Ռուսաստանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս