Հայաստանից Վրաստան արտահանվող կարտոֆիլը վարակված չի՞ եղել
Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ:
Հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը` կայքը նշել էր, որ «Սադախլո» մաքսային անցակետում բեռի նախնական զննման ժամանակ ի հայտ են եկել վնասակար միկրոօրգանիզմներով կարտոֆիլի վարակվածության նշաններ: Ըստ կայքի, կարտոֆիլի վարակված լինելը հաստատելու համար նմուշներ են ուղարկվել լաբորատորիա, ուր հաստատվել է կարտոֆիլի` վարակված լինելու հանգամանքը: Պարզվել է, որ ներկրված ողջ կարտոֆիլից 114.500 կիլոգրամը վարակված է եղել Ralstonia solanacearum-ով (փտախտ, նեխուկ), իսկ մնացյալ 356.200 կիլոգրամը՝ Schilb Perc-ով (կարտոֆիլային քաղցկեղ): Վրաստանի կառավարության հրահանգով վարակված բեռը կվերադարձվի արտահանող երկրին (Հայաստանին): Վարակված կարտոֆիլը Հայաստանից Վրաստան է բերվել հոկտեմբերի 27-31-ին՝ 20 բեռնատարով:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ կարտոֆիլի նշված խմբաքանակը Հայաստանից Վրաստան փորձել է արտահանել անհատ ձեռներեց:
Միևնույն ժամանակ` Ա. Սուքիասյանը նշեց, որ աժմ նպատակահարմար չեն համարում այդ անհատ ձեռներեցի անունը հրապարակելը. «Անունն այժմ չենք տալիս, քանի որ դեռ վիճարկելի խնդիրներ կան: Մենք չենք տալիս անուն, չենք ասում՝ որ տարածաշրջանից է եղել, որովհետև դուք էլ եք հասկանում, որ դեռ չի հաստատվել, դեռ վրացական կողմը մեզ գրավոր ոչինչ չի ներկայացրել, և ըստ այդմ՝ եթե հիմա մենք ձեզ տանք ինչ-որ անուն, մեր տեղի արտադրողի, մեր տարածաշրջանի շահերին ուղղակիորեն հարվածելու ենք, վնասելու ենք:
Ու քանի դեռ չի հաստատվել որևիցե բան, քանի դեռ վրացական կողմը մեզ գրավոր չի ներկայացրել իրենց լաբորատոր փորձաքննության եզրակացությունը, մենք չենք ցանկանում, որ խոսակցությունների մակարդակով տարածվի, վնաս հասցնենք մեր տվյալ տարածաշրջանին, առավել ևս, որ վրացական կողմն իրենց տեղական արտադրողին սատարելու համար է այս ամեն ինչն անում, ու հրապարակելը մենք նպատակահարմար չենք գտնում»: ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ սահմանին արտահանողը ստացել է միայն բանավոր մերժում.
«Սահմանում ընդամենը բանավոր մերժում է եղել: Վրացիները նայել են, ասել են՝ нехороший, ու ընդհանրապես մեզ որևիցե թուղթ չի ներկայացվել: Քանի որ մերժումը եղել է այդ մակարդակի, այսօր պարոն Բախչագուլյանը (Աբրահամ Բախչագուլյանը Սննդամթերքի անվտանգության ծառայության պետն է.- Օ.Հ,) մեկնելու է Վրաստան՝ համապատասխան ծառայության ղեկավարի հետ հանդիպելու: Տեղում կպարզվի, համենայն դեպս, կփորձենք պարզել՝ ինչումն է խնդիրը»:
Արմինե Սուքիասյանի խոսքով՝ առհասարակ ապրանքն արտահանելիս սահմանային հսկողություն է իրականացվում. եթե կասկածելի երևույթներ են հայտնաբերվում, սննդամթերքի տվյալ խմբաքանակը ենթարկվում է նաև լաբորատոր փորձաքննության:
«Այս պարագայում սահմանային հսկողությունից հետո որևիցե կասկածելի բան չի եղել, նորմալ փաստաթղթերն ունեցել է, ամեն ինչ եղել է օրինական կարգով, փորձել է այդ ամեն ինչը դուրս տանել»,- ասաց ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակը:
Կարտոֆիլի խմբաքանակն այժմ սահմանի մոտ է, անցակետում: Հայաստանում նորից կվերցվեն փորձաքննության նմուշներ, նորից կհետազոտեն՝ սահմանային հսկողություն, լաբորատոր փորձաքննությունգ բնականաբար, որպեսզի մենք էլ ևս մեկ անգամ համոզվենք, որ մթերքն ունի փորձաքննություն: Այդ խմբաքանակի ճակատագիրը կորոշվի քիչ ուշ, երբ կլինեն համապատասխան գործողություններ:
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, որ կարտոֆիլի խմբաքանակի մի մասում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են վնասակար միկրոօրգանիզմներ, իսկ խմբաքանակի մի մասը դեռ փորձաքննության չի ենթարկվել, ՍԱՊԾ մամուլի խոսնակն ասաց. «Նորից ասում եմ՝ իրենք որևիցե գրավոր պատասխան մեզ չեն ներկայացրել: Դա հետո իրենք երևի թե արդեն մեկնաբանել են, երևի թե, որպեսզի արդեն գեղեցիկ հնչի և համոզիչ լինի, իրենք ներկայացրել են, որ որոշ խմբաքանակը, այո, որոշը՝ ոչ: Մենք չգիտենք՝ դրանք ինչ մտքեր են, որոնք շարադրվել են մամուլում: Հայկական կողմը՝ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, հերքում է, որ եղել է որևիցե լաբորատոր փորձաքննություն վրացական կողմից»:
«168 Ժամ»