«Ուզածս պետություն ա, որը չկա»
Վեց երեխաների մայր Սվետլանա Անտոնյանն ամիսներ առաջ Սիսիանից Երևան է տեղափոխվել՝ հույս ունենալով, որ գոնե մայրաքաղաքում աշխատանք կգտնի: Ավելի ճիշտ՝ ոչ թե տեղափոխվել է, այլ, ինչպես ինքն է ասում՝ «Երեխեքիս առել, փախել եմ քաղաք, որ սովամահ չլինենք»: Հարազատներից մեկն Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում գտնվող հանրակացարանային սենյակը ժամանակավոր հատկացրել է բազմազավակ մորը՝ երեխաների հետ հանգրվանելու համար: Սիսիանից մայրաքաղաք տեղափոխված ընտանիքը, սակայն, էլի փախչել է ուզում, այս անգամ՝ երկրից:
«Մտածում էի` գոնե քաղաքում աշխատանք կգտնեմ, որ երեխեքիս մի կտոր հացն ապահովեմ, բայց քաղաքն էլ բարետես աշխատող ա ուզում: Ախր, ուր գնում ես` ջահել, բարետես աշխատող են ուզում, ո՞նց կլինի էդպեսգ Եթե բարետես լինեի, հավաքարարության, համբալության գործ կխնդրեի՞: Վեց երեխա եմ լույս աշխարհ բերել, հազար ու մի հոգսով ապրող մարդ եմ, որտեղի՞ց բարետես լինեմ: Բարետես չեմ, բայց աշխատող մարդ եմ»,- ասում է Սվետլանան՝ վստահեցնելով, որ գումար ունենալու դեպքում քաղաքից էլ կփախչեր դեպի այլ երկիր:
Երեխաներից երեքն անչափահաս են, իսկ 13 տարեկան Միշան 2-րդ կարգի հաշմանդամություն ունի: Երեխաների մայրն ասում է, որ տղաներին գիշերօթիկ դպրոց է ուղարկում, որպեսզի գոնե այնտեղ պատշաճ սնունդ ստանան: Հինգ երեխաներն էլ գիշերօթիկ դպրոցում են մեծացել ոչ այն պատճառով, որ սովորել չեն սիրել, այլ նրա համար, որ ծնողների հոգսը թեթևացնեն:
Սվետլանան վստահեցնում է, որ հաճախ ստիպված է եղել անգամ շաբաթ-կիրակի օրերին երեխաներին դպրոցում թողնել: Կարենը Երևանյան հիվանդություն ունի, դրանից բացի, փոքր տարիքում սխալ սրսկման պատճառով ոտքի ներվը վնասվել է: Տղան կաղալով է քայլում: 2-րդ կարգի հաշմանդամության համար Կարենին մեր պետությունը հատկացնում է 15.000 դրամ հաշմանդամության թոշակ, որով մայրը նույնիսկ չի կարողանում տղայի դեղորայքը գնել: «Նոպաների ժամանակ չգիտեմ` երեխայիս ո՞նց հանգստացնեմ: Անվճար դեղորայք չկա, թոշակով էլ մարդ չգիտի՝ հա՞ց առնի, թե՞ դեղ:
Հաշմանդամներին 15.000 դրամ են տալիս, իսկ իրանց աշխատավարձը դարձնում են 300.000 դրամ: Ախր ամոթ ա, էլի, հերիք ա ձեռ առնեն էս ժողովրդին: Ամբողջ օրն ասում են` ազգը ոչնչանում ա, շատ երեխեք ունեցեք, պետությունն աջակցում ա բազմազավակ ընտանիքներին, բայց, երբ պետության դուռը թակում, ասում ես՝ աշխատանք տուր, աջակցի, բազմազավակ ընտանիք եմ, ասում են՝ քեզ ո՞վ էր ասում` էդքան երեխա բերեիր: Բերել եմ, լավ եմ արել, բերել եմ, որ վաղը-մյուս օրը սահմանին կանգնեն, իսկ դուք ապահով երկրում լափեք ու կշտանաք»,- վիրավորված ասում է վեց երեխաների մայրը, ով այսօր գոյատևում է 30.000 դրամ աղքատության նպաստով:
Ասում է՝ ամբողջ կյանքում ծանր աշխատանք է կատարել, ուրիշների հողատարածքներն է մշակել, բայց հիմա գյուղերում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ նման աշխատանք գտնելն է դժվարություն ներկայացնում:
«Գյուղից փախչում ես քաղաք, որ աշխատես, քաղաքից փախչում ես գյուղ, որ աշխատես, ու հասկանում ես, որ պատ ա, ոչ մի տեղ ապրելու հնարավորություն չես գտնում: Մարդկանց մեղադրում են, որ Հայաստանից գնում են, բայց տեսեք գյուղերում ինչ վիճակ ա, սովից են փախչում: Փող լիներ` առանց մտածելու երեխեքիս հետ կգնայի: Գյուղից գալիս ենք էստեղ, բայց էստեղ էլ գյուղի մարդկանց հավան չեն, բարետեսություն են ուզում: Գյուղի կյանքով ապրող մարդուն բարետեսություն կմնա՞»,- ասում է Սվետլանան, ում հարևանուհին միջամտելով հավաստիացնում է, որ նա աշխատասեր կին է և ամեն անգամ գործատուների դուռը թակելուց հետո հուսահատված, վիրավորված, հիմա էլ ուզում է գյուղ փախչել: Հարցնում եմ՝ «Իսկ երեխաների հայրն ո՞ւր է»: «Փախել ա»,- պատասխանում է: «Ո՞ւր»,- հարցնում եմ: «Չգիտեմ, տեղեկություն չունեմ: Տեսավ` ընտանիք չի կարում պահի, դառավ հարբեցող, հետո էլ անհետ կորավ: Չեմ էլ ուզում իրա մասին խոսեմ: Երեխեքս անհայր են մեծանում»,- ասում է նա:
Ասում եմ՝ «Տիկին Սվետլանա, Դուք անարդարացիորեն շատ եք մուննաթ գալիս բոլորի վրա, այն դեպքում, երբ ինքներդ Ձեզ համար ոչինչ չեք անում»: «Չէ, մուննաթ չի՝ վիրավորվածություն ա: Ես երբեք էլ մի կարգին գործի չեմ եղել, ուրիշներին ծառայություն անելով եմ վաստակել: Վեց երեխա ծննդաբերելուց հետո մի վեց հատ էլ վիրահատություն պիտի տանեմ, որ իրանց ուզած բարետեսը լինեմ: Ոչ մեկի վրա մուննաթ չեմ գալիս, որ երեխեքիս հայրը դարձել ա ալկաշ ու փախել ա, բայց թող պետությունը մի օր նստի մտածի, թե ինչի՞ են տղամարդիկ ալկաշ դառնում փախնում, կամ ռուսաստաններ փախնում ու նոր ընտանիք կազմում»:
Հարցնում եմ՝ «Հիմա Ձեր ուզածն ի՞նչ ա»: Պատասխանում է՝ «Ինչքա՞ն կարամ երեխեքիս առնեմ` գյուղից` քաղաք, քաղաքից գյուղ փախնեմ: Ուզածս պետություն ա, որը չկա»:
ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ