«ՏաԹևեր»-ը՝ Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ
«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹևերը» ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից և մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես.
– ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների և փորձերի աջակցություն
– աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում
– սեմինարների և կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների և օպերատորների համար
OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից:
«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: